1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Դիմակ չդնելու և անձը հաստատող փաստաթուղթ չունենալու համար կազմվել է 81084 արձանագրություն

Դիմակ չդնելու և անձը հաստատող փաստաթուղթ չունենալու համար կազմվել է 81084 
արձանագրություն

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում մինչև օրս դիմակ չդնելու և անձը հաստատող փաստաթուղթ չունենալու համար կազմվել է 81 հազար 84 արձանագրություն, սակայն տնտեսավարողների՝ սանիտարահամաճարակային կանոնների պահպանման առումով վարքագիծը զգալիորեն բարելավվել է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին ասաց ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը՝ արտակարգ դրության ժամկետը երկարաձգելու հարցով ԱԺ հատուկ նիստում:

«Հանրային կարգապահությունը դեռևս բավարար չէ վարակի տարածման դինամիկան նվազեցնելու համար: Սրա մասին են վկայում նաև ոստիկանների կողմից արձանագրված խախտումները: Մինչև օրս դիմակ չդնելու և անձը հաստատող փաստաթուղթ չունենալու համար կազմվել է 81 հազար 84 արձանագրություն, որից 22 հազար 485-ը՝ տրանսպորտային միջոցներում, 56 հազար 817-ը՝ հանրային վայրերում դիմակ չդնելու դեպքերի առնչությամբ: Կազմված արձանագրությունների հիման վրա իրականացած վարչական վարույթների արդյունքում 23 հազար 392 դեպքով կազմվել է համապատասխան որոշում»,-ասաց Ավինյանը:

Տեսչական մարմինները շարունակում են մշտադիտարկում իրականացնել տնտեսավարողների կողմից սանիտարահամաճարակային կաննոների պահպանման նկատմամբ: Պարետը նկատեց, որ այս առումով բարելավվել է նրանց վարքագիծը, ինչը փաստվում է արձանագրված խախտումների քանակով: Մասնավորապես մինչև օրս տեսչական մարմինների կողմից իրականացվել է 48 հազար 595 մշտադիտարկում, որից կազմվել է 4548 արձանագրություն և փաստացի սահմանափակվել է 4372 տնտեսավարողների գործունեությունը: Սակայն, եթե հունիսի 9-ին օրական արձանագրվում էր 149 դեպք, ապա հուլիսի 9-ին արձանագրվել են խախտումներ ընդհանուր առամբ 58 տնտեսավարողի մոտ:

Համավարակի կառավարման շրջանակներում առանձին ուղղություններով իրականացվող աշխատանքների արդյունքների մոնիտորինգը ցույց է տալիս, որ մի շարք դեպքերում դեռևս չկա արդյունավետության այն ցանկալի մակարդակը, ինչը հնարավորություն կտար վարակի տարածումը շեշտակի նվազեցնելու: «Միայն նոր դեպքերի գրեթե զրոյացմամբ կարող ենք դիտարկել լիարժեք բնականոն կյանքին վերադառնալու հնարավորությունը, ինչը նշանակում է գործող սահմանափակումների աստիճանական վերացման սցենարի գործարկում՝ թվերի նվազման հետ զուգահեռ»,-եզրափակեց Ավինյանը:

Կառավարությունը հուլիսի 13-ի արտահերթ նիստում որոշեց երկարաձգել ՀՀ-ում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված և մինչև հուլիսի 13-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը 2020 թվականի հուլիսի 13-ից ժամը 17:00-ից՝ 30 օրով՝ մինչև 2020 թվականի օգոստոսի 12-ը ժամը 17:00-ն ներառյալ ժամկետով:

Հայաստանում հուլիսի 13-ին հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 32151 դեպք, որոնցից 19865-ն` առողջացած: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում  11530 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է  135 687 թեստավորում:Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 573 դեպք:

Աննա Գրիգորյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]