Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   13 Օգոստոս

ՄԻՊ-ը միջազգային կազմակերպություններին կտեղեկացնի Ադրբեջանի կողմից Տավուշի գնդակոծության մասին

ՄԻՊ-ը միջազգային կազմակերպություններին կտեղեկացնի Ադրբեջանի կողմից Տավուշի գնդակոծության մասին

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Մովսես և մի շարք այլ գյուղերի բնակիչներից Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ են ստացվում ահազանգեր այն մասին, որ ադրբեջանական զինված ուժերը հուլիսի 12-ին՝ ժամը 23-ի սահմաններում սկսել են գնդակոծություն Տավուշի մարզի ուղղությամբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը` հավելելով, որ ՄԻՊ-ը նույնատիպ ահազանգեր է ստացել նաև հուլիսի 12-ին՝ ցերեկային ժամերին:

«Ըստ Մովսես գյուղի բնակիչների Մարդու իրավունքների պաշտպանին ուղղված ահազանգերի՝ ադրբեջանական կողմից կրակոցներն արձակվում են գյուղին շատ մոտ հեռավորությամբ: Խաղաղ բնակչության գնահատմամբ՝ գնդակոծությունն իրականացվում է այնպիսի եղանակով, որ իրական է դարձնում քաղաքացիական բնակավայրին, իրենց առողջությանն ու կյանքին, սեփականությանը վնաս պատճառելու վտանգը»,- գրել է Թաթոյանը։

Նշված ահազանգերից անմիջապես հետո Մարդու իրավունքների պաշտպանն արձանագրել է ՀՀ պաշտպանության նախարարության պաշտոնական հաղորդագրությունն այն մասին, որ ադրբեջանական կողմն իրականացնում է Հայաստանի զինված ուժերի դիրքերի հրետակոծում: 

«Դրանից բացի, Հայաստանի պաշտպանության նախարարությունը Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնական հրատապ հարցմամբ հաստատել է, որ գնդակոծությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի խաղաղ բնակավայրերի անմիջական հարևանությամբ և առկա է այդ բնակավայրերին վնաս պատճառելու իրական վտանգ: Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը պահպանում է նաև անմիջական կապ Հայաստանի Տավուշի մարզի սահմանապահ գյուղերի բնակիչների և համայնքների վարչական մարմինների հետ»,- գրել է Թաթոյանը։

Մարդու իրավունքների պաշտպանը, լինելով մարդու իրավունքների ազգային անկախ հաստատություն և առաջնորդվելով բացառապես իրավապաշտպան սկզբունքներով, խստորեն դատապարտում է գնդակոծությունը ու որ այն էլ իրականացվում է Հայաստանի Հանրապետության խաղաղ բնակավայրերի անմիջական հարևանությամբ, այդ բնակավայրերի բնակիչներին, նրանց առողջությանն ու կյանքին, սեփականությանը վնաս պատճառելու իրական վտանգով: 

«Այս երևույթն առավել ևս դատապարտելի է նոր տեսակի կորոնավիրուսի (COVID-19) համաճարակի պայմաններում։

Մարդու իրավունքների պաշտպանը հրավիրում է մարդու իրավունքների միջազգային կազմակերպությունների ուշադրությունը նշված փաստերին և տեղեկացնում, որ նախաձեռնել է թիրախային դիտարկում, որի արդյունքները սահմանված կարգով կամփոփվեն ու կուղարկվեն միջազգային կառույցներին»,- գրել է Թաթոյանը։





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ