ՇՎՏՄ-ն շարունակում է ստուգայցերը. արձանագրվել են խախտումներ
ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը մշտադիտարկում է իրականացրել Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ կառավարությունը․
«Հիշեցնենք, որ ՇՎՏՄ-ն պարետի՝ մայիսի 3-ի N63 որոշման համաձայն մշտադիտարկումներ է իրականացնում առևտրի կենտրոններում, տոնավաճառներում, շինարարական խանութներում, հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի մանրածախ առևտրի կետերում հակահամաճարակային նորմերի պահպանման առնչությամբ:
Շենգավիթում իրականացված մշտադիտարկումների ու կրկնայցերի ընթացքում տեսչական մարմնի աշխատակիցները մի քանի խախտումներ են արձանագրել: Մասնավորապես շինանյութի առևտրի կետերում բացակայել են սոցիալական հեռավորություն պահելու համար արվող գծանշումները, դիմակների ու ձեռնոցների համար նախատեսված հատուկ փակ աղբամանները:
Դիտարկված բոլոր խախտումների վերաբերյալ կազմվում են արձանագրություններ, որոնք ներկայացվում են պարետատուն: ՇՎՏՄ-ն ՀՀ ողջ տարածքում շարունակում է մշտադիտարկման աշխատանքները»,- ասված է հաղորդագրության մեջ:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում