Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   11 Օգոստոս

Վերջնականապես կլուծվեն աղետի գոտու բնակարանային խնդիրները

Վերջնականապես կլուծվեն աղետի գոտու բնակարանային խնդիրները

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ 1988 թ, Սպիտակի ավերիչ երկրաշարժից անօթեւան մնացածների հարցը 30 տարի անց վերջապես լուծում է ստանում։ Բնակարանների կարիք ունեցող վերջին՝ 453 ընտանիքների խնդիրը լուծելու համար նախորդ տարի գործադիրը մարզպետարանների միջոցով հարցում էր իրականացրել շահառուների շրջանում։ Վերջիններիս կեսը՝ 227 ընտանիք, նախընտրել էր բնակարան ձեռք բերելու համար վկայագրի միջոցով ֆինանսական աջակցություն ստանալու տարբերակը։ 2019 թվականի նոյեմբերին կառավարությունն ընդունեց աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետեւանքով անօթեւան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման վերաբերյալ որոշումը։

Կատարված հաշվարկների եւ գնահատականների հիման վրա որոշվել էր, որ Լոռու, Շիրակի եւ Արագածոտնի մարզերի ընտանիքներին կհատկացվեն մոտ 1.2 մլրդ դրամի վկայագրեր։ Այդ գումարից 535.587 հազար դրամը հատկացվել է Շիրակի մարզի գյուղական բնակավայրերի շահառու ճանաչված 90 ընտանիքի վկայագրերի ձեռքբերման համար, 674.932 հազար դրամը տրամադրվել է Լոռու մարզի 121, իսկ 81.053 հազար դրամը՝ Արագածոտնի մարզի կարիքավոր 16 ընտանիքներին։

Բնակարանների գնահատման համար հիմք են ՀՀ կառավարության 2005 թ. որոշմամբ սահմանված նորմաներին համապատասխան քաղաքաշինության նախարարի հրամանով հաստատված՝ վկայագիր ստացող ընտանիքներին հասանելիք բնակարանի մակերեսը եւ ՀՀ կադաստրի կոմիտեի կողմից հրապարակած 2019 թ. սեպտեմբեր ամսվա ընթացքում ձեւավորված շուկայական միջինացված գնի տվյալները։ Շիրակի մարզի գյուղական բնակավայրերում այն մեկ քառակուսի մետրի համար կազմում է 80600, Լոռու մարզում՝ 75750 հազար, իսկ Արագածոտնի մարզի Ապարան եւ Թալին քաղաքների համար՝ 80250 դրամ։

Վկայագրերում բնակարանների ձեռքբերման ժամկետ էր սահմանվել այն տրամադրելու օրվանից հաշված 6 ամիսը՝ առանց ժամկետի երկարաձգման հնարավորության։ Սակայն կորոնավիրուսի համաճարակի պատճառով հանրապետությունում հայտարարված արտակարգ դրության պայմաններում ազատ տեղաշարժի, նոտարական, կադաստրային գրասենյակների, բանկերի գործունեության մասով գործած սահմանափակումների պատճառով Լոռու, Շիրակի եւ Արագածոտնի մարզպետները դիմել են կառավարությանը 6—ամսյա ժամկետը երկարաձգելու խնդրանքով։

2019 թ. գործադիրի ընդունած որոշման մեջ ասվում էր, որ դեպոզիտային հաշիվներին փոխանցված եւ մինչեւ 2020 թ. հոկտեմբերի 1—ի դրությամբ չօգտագործված մնացորդային գումարները ենթակա են վերադարձման պետական բյուջե։ Կառավարությունը որոշել է բավարարել մարզպետների խնդրանքը եւ երկարաձգել գործող որոշման ժամկետները։ Հանրային քննարկման դրված կառավարության որոշման նախագծով նախատեսվում է հոկտեմբերի 1—ի ժամկետը երկարաձգել է մինչեւ դեկտեմբերի 1—ը։ Նախագծի մեկ այլ կետով սահմանված 6–ամսյա ժամկետի փոխարեն բոլոր շահառուներին հնարավորություն է տրվել մինչեւ նոյեմբերի 1—ը վկայագրերով ձեռք բերել բնակարանները։

Աղետի հետեւանքով տուժած քաղաքացիներին բնակարաններով ապահովելու համար 2008—2018 թթ. պետությունը հատկացրել է 65 մլրդ դրամ՝ լուծելով 5396 ընտանիքներից 4839—ի բնակարանային խնդիրները։ 2018 եւ 2019 թթ. պետության հատկացրած 1 մլրդ դամը գերազանցող գումարով եւս 105 ընտանիք ապահովվել է բնակարաններով։

Գործադիրը միայն այս տարվա համար այդ նպատակով նախատեսել է 3 մլրդ դրամ, որը հնարավորություն կտա վերջնականապես լուծել երեք տասնամյակից ավելի ձգձգվող խնդիրը։ Հիմնահարցի լուծմանը սպասում է տնակներում ապրող աղետյալների արդեն երկրորդ սերունդը։

Արմեն Վարդանյան

«Հայաստանի Հանրապետություն»





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ