1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Պարտադիր կողմնորոշումներ. Շահան Գանտահարյանի նոր հոդվածը

Պարտադիր կողմնորոշումներ. Շահան Գանտահարյանի նոր հոդվածը

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Համաշխարհային առումով թվում է, որ տնտեսական պատերազմը Վաշինգտոն-Պեկին հարաբերակցությամբ է ընթանում: Տնտեսական բեւեռի վերածված  Չինաստանը բոլոր ոլորտներում ազգային տնտեսություն կայացրած պետություն է, որն արտահանման հսկայական տարածականություն է գրավել: 

Փոխվող աշխարհակարգում կենսաբանությունը գերակա ուղղություն է հայտնապես: Ոչ անպայման բնապահպանության դասական ընկալումով հատկանշվող քաղաքական ուժերի առաջընթացի իմաստով, այլ հատկապես վարակաբանական շեշտադրումներով:

Թագավարակի ստեղծած համաշխարհային իրավիճակը հուշում է, որ աշխարհը դեռ պատրաստ չէ պայքարելու կերպարանափոխվող կամ բոլորվին նոր վարակների դեմ: 

Արձանագրվեց փաստ, որ առաջին հերթին եւ ամենից շատ ախտահարված աշխարհագրական միջավայրը` Չինաստանին ամենից ազդու եւ ամենից արագ ու արդյունավետ ձեւերով հաջողվեց հաղթահարել ընդհանուր իրավիճակը: Հետագա միտումները նկատի ունենալով ուրեմն, կենսաբանական զենքերի կամ հակազենքերի, վարակների եւ հակավարակային գործողությունների բախվող գործընթացներում Չինաստանը պիտի շարունակի գրավել առաջին հորիզոնական դիրքերը: 

Կերպարանափոխվող համաշխարհայնացման  նախադրյալներն արդեն պարզվել են: Երեւույթը ինքնին համաշխարհային է: Կենսաբանականն ու տնտեսականը համախառն են եւ ընթանում են անքակտելիորեն միահյուսված տեսքով: 

Չինաստանը փորձում է իր առաջատար դիրքերը պահել այս համախառն կացությունում, թե՛ կենսաբանական վտանգները հաղթահարելու կազմակերպվածությամբ եւ թե՛ տնտեսական ցուցանիշերի պահպանմամբ: 

Մյուս բեւեռին, տարբեր հանգամանքներով, մինչ այժմ չի հաջողվում վերահսկելի դարձնել իրավիճակը: Կենտրոնական եւ նահանգային իշխանությունների միջեւ քաղաքական հակասությունները միատեսակ քաղաքականություն չեն կարողանում ճշտել վարակի դեմ հայտարարված պայքարի նկատմամբ եւ վերաբացման փորձերին արագորեն հետեւում են վերափակումները: 

Շարունակելով համախառնի տրամաբանությունը, պարզ է, որ ազդվում է նաեւ տնտեսությունը: Եթե Չինաստանը շարունակում է իր արտահանումների հաղթարշավը, ապա ««Նախ Ամերիկա» կարգախոսը չի սահմանափակվում ընտրական դաշտում եւ տարբեր ուղղություններով ամփոփվում է ներամերիկյան շրջագծերում։ 

Կենսաբանական-տնտեսականի համախառն ընթացքը անշուշտ կստանա քաղաքական տարողություն: Տնտեսական թափանցումներն ու նահանջները տեսականորեն իրենց հերթին առաջացնում են կամ չեզոքացնում ազդեցության գոտիներ: 

Ընդհանուր այս տեսության մեջ յուրահատուկ պարագա է Լիբանանը: Քաղաքական դրդապատճառներով երկիրը ֆինանսատնտեսական պաշարման տակ է: Համաշխարհային բանկը, Միջազգային դրամական ֆոնդը չհայտարարված քաղաքական պատճառներով կաթվածահարում են Լիբանանի բանկային համակարգը: Մինչ գահավիժվում է երկրի տնտեսությունը: Այստեղ, համավարակի վերահսկելիությունն ու տնտեսական գահաժիջումը նույն ուղղություններով չեն ընթանում, ի տարբերություն չինական օրինակի: 

Արծարծվում է կողմնորոշման խնդիրը: Եթե Արեւմուտքը պաշարման է ենթարկում Լիբանանը, քննել կարելիությունները` հարելու դեպի Արեւելք: Արեւելք նշանակում է ածանցվել Չինաստան-Իրան-Ռուսաստան առանցքին: 

Իրանի նկատմամբ կիրառվում է մեկուսացման քաղաքականություն. ՌԴ-ն որոշ առումներով շարունակում է կրել պատժամիջոցների հետեւանքները, իսկ Չինաստանը  արդեն տնտեսական համաշխարհային պատերազմի բեւեռն է: 

Պարզ չէ ընտրությունը. Եւ անշուշտ չի կարելի ասել, որ միանգամայն նոր կողմնորոշում որդեգրելով լիբանանյան տնտեսությունը կսկսի շնչել: Հայացքները դեպի տարբեր ուղղություն շրջելու անմիջականության առջեւ է երկիրը: Արեւմտականացած, ազատ շուկայական ու բաց առեւտրի դրությունից դեպի տնտեսական սահմանափակ նոր գործընկերների անցումը անշուշտ հեզասահ չի լինում: 

Ներլիբանանյան համաձայնություն չկա կողմնորոշման պարտադիր փոփոխության շուրջ: Առ այս պահը չեն երեւում նախադրյալներ այլընտրանքային ուղիներ որդեգրելով իրավիճակի ծանրությունը հանգրվանային ձեւով թեթեւացնելու առումով: 

Բեւեռների պայքարը պիտի շարունակվի: Լիբանանում, գործող կառավարության շուրջ համախմբվելն է առաջին հերթին, որը կարող է առաջնորդել, սկսելու համար, թեթեւացնել այն ծանր հարվածների ազդեցությունը, որին ենթարկվում է երկիրը: 

Այս բոլորից հետո, քննարկել այլընտրանքային ուղիների որդեգրման հավասարակշիռ մոտեցումները` պաշարման հետեւանքներին եւ պարտադիր նոր կողմնորոշմամբ պայմանավորված կարելիությունների միջեւ:

Համաշխարհային տնտեսական բեւեռացումը կողմնորոշման պարտադիր ընտրանքների կացության առջեւ կանգնեցնելու է տարբեր երկրների։ Գտնվում ենք անցումային հանգրվանում՝ դեպի տնտեսական համաշխարհային պատերազմ։

 

ՇԱՀԱՆ ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ

«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]