1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Բարձր պրոֆեսիոնալիզմով հմուտ դիվանագետ. դեսպան ալ-Զաաբին ՀՀ-ԱՄԷ նոր կամուրջներ է կառուցել

Բարձր պրոֆեսիոնալիզմով հմուտ դիվանագետ. դեսպան ալ-Զաաբին ՀՀ-ԱՄԷ նոր 
կամուրջներ է կառուցել

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի և Արաբական Միացյալ Էմիրությունների միջև հարաբերությունների զարգացման կարևոր դերակատար, մարդկային ջերմ հարաբերությունների, բարեկամական շփումների ջատագով. այս խոսքերով են բնութագրում Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող՝ ԱՄԷ դեսպան Մուհամմադ Իսա ալ Կատտամ ալ Զաաբիին Հայաստանի հասարակական-քաղաքական գործիչները: Դեսպանի դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ «Արմենպրես»-ը ներկայացնում է ՀՀ պաշտոնյաների և տարբեր ոլորտների ներկայացուցիչների գնահատանքի խոսքը։

ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար Վահագն Մելիքյանի խոսքով՝ Ն․Գ․ Մուհամմադ ալ Կատտամ ալ-Զաաբին ի սկզբանե ակտիվորեն ձեռնամուխ է եղել հայ-էմիրաթական հարաբերությունները և տարբեր ոլորտներում փոխշահավետ համագործակցությունն առավել խորացնելուն և ընդլայնելուն՝ հաճախակի ունենալով գործնական հանդիպումներ ՀՀ պաշտոնյաների հետ։ Որպես հմուտ և փորձառու դիվանագետ՝ դեսպան ալ-Զաաբին կարողացել է գործնական և բարեկամական հարաբերություններ հաստատել ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների, մասնավորապես ԱՄԷ-ի հետ ոլորտային համագործակցություն իրականացնող նախարարների հետ: Մուհամմադ ալ-Զաաբիի ղեկավարությամբ ԱՄԷ դեսպանությունը Հայաստանում ակտիվորեն զբաղվել է նաև մարդասիրական գործունեությամբ:

«ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը բարձր է գնահատում ՀՀ-ում ԱՄԷ արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. Մուհամմադ ալ Զաաբիի հետ համագործակցությունը, աջակցությունը և անմիջական ներդրումը ՀՀ-ում սոցիալական տարաբնույթ նախաձեռնությունների և ծրագրերի իրականացման հարցում: Դեսպանի պաշտոնավարման ընթացքում նախարարության և դեսպանության միջև հաստատվել են սերտ կապեր, կառուցողական երկխոսություն և արդյունավետ համագործակցություն սոցիալական ոլորտին առնչվող տարբեր հարցերի շուրջ, մասնավորապես` ուղղված բնակչության խոցելի խմբերի իրավունքների պաշտպանությանն ու սոցիալական ներառմանը»,- նշվել է ՀՀ ԱՍՀ նախարար Զարուհի Բաթոյանի խոսքում:

Առողջապահության նախարար Արսենը Թորոսյանը երկու երկրների հարաբերությունները բարեկամության և փոխօգնության հիանալի օրինակ է որակել: «Կորոնավիրուսային համավարակը նոր մարտահրավեր նետեց աշխարհին, և ուրախ եմ երախտագիտությամբ վերահաստատելու, որ դժվարին փորձության ժամին կրկին մեր կողքին կանգնեց ԱՄԷ բարեկամ ժողովուրդն ու կառավարությունը` տրամադրելով մեկ ինքնաթիռ անհատական պաշտպանության միջոցներ, ախտահանիչ նյութեր, դիմակներ և անհրաժեշտ այլ պարագաներ,- նշել է նախարարը՝ հավելելով, որ դեսպան ալ Զաաբին իր աշխատանքով մեծապես նպաստել է առողջապահության ոլորտում գործակցությանն ու ջերմ բարեկամության ամրապնդմանը։

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանն անդրադարձել է դեսպան ալ Զաաբիի հետ բեղմնավոր ու հեռանկարային փոխգործակցությանը՝ նշելով, որ դեսպանի ակտիվ մասնակցության շնորհիվ կարողացել են ոչ միայն հիմքեր ստեղծել միջպետական ընդգրկուն փոխգործակցության համար, այլ նաև Հայաստանում հյուրընկալել են և պաշտոնական այցեր կազմակերպել ԱՄԷ բարձրաստիճան պաշտոնյաների և խոշոր ներդրող հանդիսացող կազմակերպությունների ներկայացուցիչներ հետ՝ ձևավորելով փոխադարձ վստահության և հեռանկարային զարգացման լուրջ հիմքեր:

«Արմենպրես» պետական լրատվական գործակալության տնօրեն Արամ Անանյանը Հայաստանում ԱՄԷ դեսպանի պաշտոնավարման ընթացքում արձանագրված նշանակալի հաջողություններից մեկը համարում է «Արմենպրես»-ի և ԱՄԷ պետական լրատվական գործակալության միջև համագործակցության հուշագրի ստորագրումը:

«Հայաստանում Արաբական Միացյալ Էմիրությունների արտակարգ և լիազոր դեսպան Մուհամմադ Ալ Զաաբի պաշտոնավարումը նշանավորվեց «Արմենպրես»-ի և ԱՄԷ պետական լրատվական գործակալության (WAM) միջև համագործակցության հուշագրի ստորագրմամբ, որից հետո երկու գործակալությունների միջև աշխատանքները միս ու արյուն ստացան: Այսօր «Արմենպրես»-ն ու WAM-ն իրականացնում են տեղեկատվության ակտիվ փոխանակում: Կարծում եմ՝ դա մեր երկու բարեկամ ժողովուրդները կապող ամուր և կարևոր կամուրջներից մեկն է: Համագործակցության շրջանակներում «Արմենպրես»-ն այս տարի մասնակցեց «Կառավարական կոմունիկացիայի միջազգային համաժողով»-ին, որի ընթացքում նաև համագործակցության բազմաթիվ նոր պայմանավորվածություններ ձեռք բերվեցին արաբական մի շարք երկրների (Լիբանան, Հորդանան և այլն) ազգային լրատվական գործակալությունների հետ»,- ասաց Անանյանը:

Նա նշեց, որ Արաբական Միացյալ Էմիրությունների գործընկերների հետ համագործակցությունը շատ ավելի մեծ ներուժ ունի, ինչն առաջիկա տարիներին լիուլի իրականացվելու է:

«Կարևոր եմ համարում նաև համավարակի օրերին դեսպանի ցուցաբերած անձնական ուշադրությունը գործակալության աշխատանքներին և մեզ ցուցաբերված տեխնիկական աջակցությունը: Բայց ինձ համար ամենակարևորը մարդկային, անկեղծ շփումներն ու բարեկամությունն են: Իմ լավ բարեկամին մաղթում եմ նորանոր հաջողություններ և վստահ եմ, որ իր գործունեության հետագա ընթացքում նա նորանոր ձեռքբերումներ է ունենալու, և մեր թե՛ անձնական, թե՛ մասնագիտական բարեկամությունը գտնելու է իր շարունակությունը»,- նշեց «Արմենպրես»-ի տնօրենը:

ՀՀ ԱԳՆ Միջին Արևելքի և Աֆրիկայի վարչության պետ Արմեն Մելքոնյանի խոսքով՝ թեև Հայաստանում պաշտոնավարման կարճ ժամանակահատվածին, դեսպան Ալ-Զաաբին իրեն դրսևորել է որպես բարձր պրոֆեսիոնալիզմով օժտված հմուտ դիվանագետ։ Երկար տարիների հարուստ փորձն ու մասնագիտական կարողությունները նա լիակատար ի սպաս է դրել հայ-էմիրաթական հարաբերություններում շոշափելի առաջընթաց արձանագրելու գործին։ Դեսպան ալ Զաաբիի պաշտոնավարման ժամանակահատվածը հայ-էմիրաթական համագործակցության զարգացման տեսանկյունից նշանավորվեց նոր ձեռքբերումներով և կարևոր իրադարձություններով, որոնցում ակներև են դեսպանի ներդրած ջանքերն ու անձնական մեծ ավանդը։

«Երևան իմ սեր» հիմնադրամի տնօրեն Արշակ Կարապետյանը նշել է, որ ալ Զաաբիի դիվանագիտական առաքելության տարիներին ամրապնդվել է համագործակցությունը հիմնադրամի և դեսպանության միջև։ Նա շնորհակալություն է հայտնել «Լուսէ» մանկական վերականգնողական կենտրոնին ցուցաբերած ուշադրության, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող երեխաների այցը դեպի ԱՄԷ կազմակերպելու համար։

Հայաստանի պարալիմպիկ կոմիտեի նախագահ Հակոբ Աբրահամյանն իր շնորհակալությունն է հայտնել դեսպանին «Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտեին» և «Փյունիկ» Հայաստանի հաշմանդամների միություն բարեգործական հասարակական կազմակերպության շահառուների նկատմամբ ցուցաբերած հատուկ վերաբերմունքի համար:

Դեսպան ալ Զաաբիին իրենց խոսքն են հղել նաև ՀՀ բուհերի ներկայացուցիչները, մասնավորապես՝ ԵՊՀ Միջազգային համագործակցության և հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր Արթուր Իսրայելյանը, ով իր խոսքում նշել է, որ դեսպանն իր պաշտոնավարման ընթացքում նպաստել է հայ-էմիրաթական հարաբերությունների առավել ընդլայնմանը քաղաքական, տնտեսական, կրթական և հումանիտար ոլորտներում։ 

Գավառի պետական համալսարանի ռեկտոր Ռուզաննա Հակոբյանն իր երախտագիտություն հայտնել դեսպանին արդյունավետ աշխատանքի, համալսարաններում բազմաթիվ օգտակար ծրագրեր ու նախաձեռնություններ կյանքի կոչելու և, մասնավորապես, Գավառի պետական համալսարանի հետ համագործակցելու համար։ «Ձեր գործունեությունը  անմնացորդ ու  անձանձիր դիվանագիտական ծառայության փայլուն օրինակ է։ Ձեզ հաջողվեց Արաբական Միացյալ Էմիրությունների որդեգրած մարդասիրության ու հանդուրժողականության վեհ գաղափարները տարածել երիտասարդների շրջանում՝ աշխարհն ավելի լավը, բարի ու գեղեցիկ դարձնելու ազնիվ մղումներով»,- նշել է Հակոբյանը։

ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի արաբական երկրների բաժնի վարիչ Լիլիթ Հարությունյանը նշել է, որ դեսպան Ալ-Զաաբիի պաշտոնավարության ընթացքում ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի և ՀՀ-ում ԱՄԷ դեսպանատան միջև հարաբերությունները դրվեցին որակական այլ հարթության վրա։ Արևելագիտության ինստիտուտը շնորհակալություն է հայտնել դեսպանին արդյունավետ համագործակցության համար և մաղթել հետագա աշխատանքային հաջողություններ։

ՇՊՀ ռեկտորի ԺՊ Երվանդ Սերոբյանը Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի, ուսանողության և ամբողջ հանրույթի անունից շնորհակալություն է հայտնել բուհի և ԱՄԷ դեսպանատան համագործակցությունը նախաձեռնելու, դրա արդյունավետ ընթացքին աջակցելու հետևողական ու բարձր մասնագիտական գործունեության համար՝ մաղթելով առողջություն և հաջողություն անձնական ու աշխատանքային նախաձեռնություններում՝ ի փառս երկու ժողովուրդների բարիդրացիական հարաբերությունների խորացման:

Արաբագետ Արմեն Պետրոսյանը ևս բարձր է գնահատել դեսպանի աշխատանքը՝ նշելով, որ դեսպանի անձնական ջանքերի արդյունքում առավել ակտիվացել են շփումները երկու երկրների գիտական, փորձագիտական, մշակութային, լրագրողական հանրույթների միջև՝ առավել ճանաչելի դարձնելով երկու երկրները հասարակական լայն շրջանակների համար։ Մարդկային շփման առաձնահատուկ հատկանիշների շնորհիվ պարոն դեսպանին հաջողվել է բարեկամական հարաբերություններ հաստատել  Հայաստանի ինչպես պետական, այնպես էլ կրթության, գիտության, մշակույթի, տեղեկատվության, բիզնես շրջանակների բազմաթիվ ներկայացուցիչների հետ։ «Վստահաբար կարելի է հավաստել, որ պարոն ալ Զաաբիի արձանագրած արդյունքներն անչափ բարենպաստ հիմք են հանդիսանալու նրա իրավահաջորդի համար՝ ավելի զարգացնելու արաբական ու մերձավորարևելյան անչափ կարևոր դերակատար ԱՄԷ-ի և Հայաստանի միջև երկկողմ հարաբերությունները հնարավոր բոլոր բնագավառներում»,-նշել է նա։

«Նոյյան Տապան» լրատվականի տնօրեն Տիգրան Հարությունյանը համոզմունք է հայտնել, որ դեսպանն ակտիվ կամուրջներ է կառուցել երկու երկրների միջև՝ վստահություն հայտնելով, որ ալ Զաաբիի նման փորձառու դիվանագետը գնահատված ու պահանջված է իր երկրի համար։

«Մենեջմենթ Միքս» ընկերության նախագահ Րաֆֆի Սեմերջյանի խոսքով՝ դեսպանը մեծ ներդրում է ունեցել դեպի Հայաստան էմիրաթցի գործարարների ուշադրությունը գրավելու և գործարար կապերն ամրապնդելու հարցում։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]