Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Օրակարգում քաղաքացիական ավիացիայի զարգացման խնդիրներն են

Օրակարգում քաղաքացիական ավիացիայի զարգացման խնդիրներն են

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի քաղաքացիական ավիացիայի շուրջ ծավալված վերջին զարգացումները վեր հանեցին այս կարեւորագույն ոլորտում տասնամյակների ընթացքում կուտակված խնդիրները։ Դրանց օպերատիվ լուծումներ տալը, առողջացման ծրագրերի մշակումն ու իրականացումն օրախնդիր են, եւ այդ ուղղությամբ գործողություններն արդեն մեկնարկել են։ 2019 թ. Միջազգային քաղաքացիական ավիացիայի կազմակերպության (ԻԿԱՕ) տեսչական խմբի՝ Հայաստանի քաղաքացիական ավիացիայի համակարգում իրականացված ավիացիոն անվտանգության աուդիտի արդյունքում արձանագրվեցին բացեր, որոնց լուծման առաջին քայլերից մեկն իրավական կարգավորումները պետք է լինեն։

Հայաստանը բավական ուշացումով՝ կառավարության 2015 թ. որոշմամբ ընդունեց ՀՀ թռիչքային անվտանգության պետական ծրագիրը։ Փաստաթղթով սահմանվում է, որ թռիչքների անվտանգության ապահովումն ունի բացարձակ գերակայություն ավիացիայի բնագավառի գործունեության կոմերցիոն, սոցիալական եւ այլ բաղադրիչների նկատմամբ եւ պետք է շարունակականորեն ապահովվի, անկախ թռիչքների ծավալների աճից։ Ծրագրով մեր հանրապետությունը պարտավորվում է մշակել եւ ներդնել ավիացիոն գործառույթների անվտանգության բարձր մակարդակի ապահովմանն ուղղված ռազմավարություններ ու քաղաքականություն՝ նվազագույնի հասցնելով ռիսկերը։

Վերոնշյալ հայեցակարգային փաստաթղթի հիմնական դրույթներով նախատեսված էր Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն ապահովել համապատասխան որակավորման կադրերով, որպեսզի թռիչքների անվտանգությունը վերահսկող մարմինն իր պարտականությունները պատշաճ կատարի։ Այդ նպատակով պետք է ապահովվեր թռիչքների անվտանգության բարձր մակարդակը՝ վերահսկելով ավիացիոն կազմակերպությունների կողմից սահմանված չափանիշների եւ պահանջների ներդրման գործընթացը։ Ծրագրով հատուկ ուշադրություն էր դարձվում թռիչքների անվտանգությանն առնչվող տեղեկատվության պահպանմանն ու այլ երկրների եւ ոլորտի միջազգային կառույցների հետ փոխանակմանը։

Սակայն ԻԿԱՕ—ի վերջին տեսչական աուդիտը փաստեց, որ այդ պահանջների մի մասը չէր հաջողվել ապահովել։ Մասնավորապես, համապատասխան կարողություններով աշխատակիցների բացակայության պայմաններում թռիչքների անվտանգության տեսչական ստուգումները լիարժեք չէին կատարվել, պատշաճ չէր իրականացվել նաեւ անվտանգության վերաբերյալ համապատասխան տեղեկատվության հավաքումը եւ պահպանումը։ Ճիշտ է՝ անվտանգության գործընթացի վերահսկումը լիարժեք չէր իրականացվել Հայաստանում գրանցված, բայց այլ երկրներում գործունեություն ծավալող ընկերությունների դեպքում, սակայն, միեւնույն է, գնահատականը տրվում է մեր քաղաքացիական ավիացիայի պետական կոմիտեին։ Այս տարիների ընթացքում համարժեք քայլեր չէին իրականացվել քաղաքացիական ավիացիայի զարգացման եւ անվտանգության հարցերը լուծելու ուղղությամբ։ «Զվարթնոց» օդանավակայանից կատարվող թռիչքների անվտանգությանը դրանք գրեթե չեն առնչվում, որովհետեւ այստեղ այն բարձր մակարդակի վրա է, սակայն իջել էր հանրապետության քաղաքացիական ավիացիայի վարկանիշը։ Դրանում եղել են նաեւ օբյեկտիվ պատճառներ, օրինակ՝ ցածր աշխատավարձերը։ Երբ ոլորտի որակյալ մասնագետը կարող է օդաչուի կամ նման այլ աշխատանքում ստանալ մի քանի հազար ԱՄՆ դոլարին համարժեք աշխատավարձ, ապա մի քանի հարյուր դոլարի աշխատավարձով կոմիտեում բարձր որակավորում ունեցող մասնագետի ներգրավումը խնդիր է։ Առողջացման գործընթացում նաեւ այս հիմնահարցի լուծման ուղղությամբ են քայլեր արվում։

Բոլոր դեպքերում, այս կարեւոր ոլորտի կայացման եւ անվտանգության խնդիրները ապահովելու համար միջազգային համապատասխան կազմակերպությունները սահմանել են ակտեր, որոնց տեղայնացումն անհրաժեշտ պայման է եւ կնպաստի Հայաստանի քաղաքացիական ավիացիայի զարգացմանը։

Ոլորտի պատասխանատու գերատեսչությունը՝ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը, մշակել է քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը։ Այն ոչ միայն Հայաստանում ԻԿԱՕ—ի տեսչական ստուգման ժամանակ վեր հանված բացերի եւ խախտումների վերացմանն է ուղղված, այլ նաեւ վերջինիս կողմից 2019 թ. «Անվտանգության քաղաքացիական ավիացիայի պաշտպանությանն անօրինական միջամտության ակտի» 17—րդ հավելվածում կատարված փոփոխություններով։

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական e—draft.am կայքում ներկայացված նախագծով ՀՀ քրեական օրենսգրքում առանձին հոդված է նախատեսված քաղաքացիական ավիացիայի գործունեության դեմ ուղղված անօրինական միջամտության ակտերի կանխման եւ հակազդման նպատակով։

Մասնավորապես, առաջարկվում է 5—8 տարվա ազատազրկման պատժաչափ սահմանել կեղծ տեղեկատվության հաղորդման համար, որը վտանգում է օդանավի անվտանգությունը գետնի վրա կամ չվերթի ընթացքում, ուղեւորների, անձնակազմի, վերգետնյա անձնակազմի կամ հասարակության անվտանգությունը օդանավակայանում կամ քաղաքացիական ավիացիայի ծառայություններում եւ միջոցներում։ Այս կարգավորմամբ էականորեն բարձրացվելու են նաեւ քաղաքացիական ավիացիայի կառավարման գործընթացներում ներգրավված աշխատակազմի պատասխանատվության աստիճանը եւ աշխատանքների որակը։

Քրեական օրենսգրքում լրացվող նոր 7 հոդվածով երկար ժամանակահատվածով, ընդհուպ մինչեւ ցմահ ազատազրկում է նախատեսվում օդանավը փախցնելու կամ զավթելու, շահագործման մեջ գտնվելու ժամանակ նրա ոչնչացման, օդանավում կամ օդանավակայանում պատանդ վերցներու, օդանավակայաններ կամ աէրոնավիգացիոն կենտրոններ բռնի ներխուժելու համար։

Քրեական պատասխանատվություն է սահմանվում նաեւ ապօրինի զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ սարքեր օդանավում կամ օդանավակայանում տեղադրելու, կամ շահագործման մեջ գտնվող օդանավում մահվան, ծանր մարմնական վնասվածք հասցնելու կամ շրջակա միջավայրին լուրջ վնաս հասցնելու նպատակով օգտագործելու համար։

Նախագծի ընդունմամբ քրեական պատասխանատվություն է սահմանվում ԻԿԱՕ—ի ստանդարտներով սահմանված այնպիսի անօրինական միջամտության ակտերի իրականացման համար, որոնք սպառնում են քաղաքացիական ավիացիայի անխափան, արդյունավետ եւ անվտանգ գործունեությանը, ուղեւորների, օդանավերի անձնակազմերի անդամների կյանքին ու առողջությանը եւ հասարակական անվտանգությանը։ Նախագծի ընդունմամբ էական քայլ կարվի քաղաքացիական ավիացիայի առողջացման եւ զարգացման ուղղությամբ։

Արմեն Վարդանյան

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]