Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Գազի սակագնի բարձրացման պատճառներն ու հետեւանքները

Գազի սակագնի բարձրացման պատճառներն ու հետեւանքները

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Դեռեւս ապրիլին «Գազպրոմ Արմենիան» սպառողներին մատակարարվող գազի սակագների վերանայման հայտով դիմել էր Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին։ Վերջինս սեփական առաջարկները ներկայացրեց, ըստ որոնց՝ սակագների բարձրացումն ավելի քիչ պետք է լիներ, քան «Գազպրոմ Արմենիայի» հայտով էր նախատեսվում։ Այսպիսով՝ քննարկման արդյունքում հաստատվեց ՀԾԿՀ—ի առաջարկած տարբերակը՝ սակագնի բարձրացում եղավ միայն տնտեսավարողների համար։ Հանձնաժողովը որոշեց նաեւ անփոփոխ թողնել բնակչությանը վաճառվող գազի սակագինը։ Տնտեսագետների կանխատեսումներով՝ գազի սակագնի բարձրացումը կունենա շղթայական ազդեցություն։ «Կապույտ» վառելիքի գնի բարձրացումը կհանգեցնի որոշ ապրանքատեսակների եւ ծառայությունների թանկացման։ Թեմայի շուրջ «ՀՀ»—ի թղթակիցը զրուցել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Հովիկ Աղազարյանի հետ։

–Պարոն Աղազարյան, ինչո՞վ է պայմանավորված գազի սակագնի բարձրացումը, շարքային քաղաքացու վրա ինչպե՞ս կանդրադառնա այն։

–Կենցաղային նպատակներով գազի օգտագործման համար սակագինը չի թանկացել։ Այն բարձրացել է արտադրական նշանակության ձեռնարկություններում, բիզնես նպատակներով գյուղատնտեսական նշանակության հողերի, ջերմոցային տնտեսությունների համար։ Բայց պետք է նաեւ նշել, որ հենց այս գազօգտագործողների համար ժամանակին զեղչային համակարգ է գործել։ Ինչ—որ իմաստով, կարելի է ասել, զեղչային համակարգն է վերացվում։ Բոլոր դեպքերում՝ ես դա վատ եմ համարում։ Մեր հանձնաժողովի նախագահին խնդրել եմ՝ հնարավորություն ստեղծել՝ ծանոթանալու Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ կնքված գազի համաձայնագրի հետ, ուսումնասիրենք՝ հասկանանք, որտեղ են այն ստորջրյա խութերը, որոնք այս պահին գործում են մեր դեմ։

–Դուք ասում եք՝ խոշոր արտադրամասերի եւ ջերմոցային տնտեսությունների սեփականատերերն են զգալու սակագնի բարձրացումը, մի՞թե սա շղթայական հետեւանք չի ունենա։ Տնտեսագետները նշում են, որ նաեւ որոշ ապրանքատեսակների թանկացումներ կլինեն, մասնավորապես՝ կաթնամթերքի, խմիչքի, պահածոների, գյուղմթերքի։

–Բնականաբար։ Հետադարձ կապով կազդի նաեւ հասարակ քաղաքացու վրա, սակայն ոչ ուղիղ իմաստով։ Կան նաեւ շուկայի մրցակցության սկզբունքն ու օրենքը։ Այս իրողությունը ժողովրդի կողմից օգտագործվող մոտ չորս տասնյակ ապրանքատեսակների թանկացման պատճառ կդառնա։ Միգուցե մենք չնկատենք թանկացման հետեւանքները։

–Հայաստանը տնտեսական անկայուն վիճակում է։ Կորոնավիրուսի համավարակով պայմանավորված՝ պատկերը դրական չի լինի նաեւ մոտ ապագայում։ Տնտեսական ճգնաժամի մասին խոսել է նաեւ վարչապետը։ Այս պայմաններում գազի սակագնի բարձրացումը մի՞թե քաղաքացու համար հավելյալ բեռ չէ։

–Այստեղ ոչ մի հաճելի բան չկա։ Բայց նորից եմ ասում՝ սակագնի բարձրացումն էական ազդեցություն չի ունենալու։ Ինչ վերաբերում է Հայաստանում տնտեսության «գահավիժմանը» կամ վատթարացման վերաբերյալ պարոն Փաշինյանի գնահատականին, կասեմ, որ մի փոքր չեմ կիսում վարչապետի տեսակետը։ Երբ ավարտվի կորոնավիրուսը, աշխարհը դուրս գա այս իրողություններից, ամփոփելով արդյունքները՝ կտեսնենք, որ Հայաստանն իր տնտեսական ցուցանիշներով լինելու է առաջատարների շարքերում։ Մեզ մոտ հիմնականում տուժել են տուրիզմը եւ հարակից մի շարք ոլորտներ։ Մյուսները, ընդհանուր առմամբ, աշխատել են։ Ես ակնկալում եմ, որ գյուղատնտեսության մեջ աճ կլինի, ինչն էլ կապահովի տուրիզմի ոլորտի զրոյական ցուցանիշի փոխհատուցումը։ Մեզ համար սարսափելի վիճակ չի լինելու, որովհետեւ հանքարդյունաբերությունը, վերամշակող արդյունաբերությունը, թեթեւ արդյունաբերությունն աշխատել են։ Վերադառնալով Ձեր հարցին՝ պիտի ասեմ, որ մեր ռազմավարական դաշնակցի կողմից սակագնի բարձրացումն ինձ համար անընդունելի, ոչ գործընկերային մոտեցում է։ Անհրաժեշտ է առավել խորությամբ ուսումնասիրել այդ համաձայնագիրը, տեսնել, թե ինչպես կարող ենք վերականգնել կորցրածը։ Պայմանագիրը վերանայելու հնարավորություն միշտ կա։ Եթե պարզվի, որ ինչ—որ տեղ ինչ—որ բան այն չի եղել, վերանայելու շանսեր կան։

–Իսկ ինչո՞ւ եք սպասում, ինչո՞ւ ուսումնասիրություններ չեն արվել, չէ՞ որ սահմանին գազը այլեւս թանկ է վաճառվում։

–Հանրային ծառայությունները կարգավորող մարմինն է պարտավոր այդ խնդիրներով զբաղվել։ Մենք պետք է լսենք այդ մարմնի հաշվետվությունը, տեսնենք՝ ինչ հիմնավորումներ է ներկայացնում, նոր գնահատականներ տանք։ Չենք կարող կամայականորեն մեր նախաձեռնությամբ ինչ—որ բան անել։ Գազի շուրջ բանակցություններն անընդհատ գործընթաց են, երբեք չեն ավարտվում։ Հաճախ շուկայում ճշգրտման կարիք է լինում, հետեւաբար, կառավարությունն իր համապատասխան օղակներով անընդհատ այդ գործառույթների մեջ է։

–Տնտեսագետների եւ քաղաքագետների մի մասը հակված են կարծել, որ գազի սակագնի բարձրացումն անմիջականորեն կապված է հայ—ռուսական հարաբերությունների հետ։ Ասում են՝ իշխանությունը տապալել է բանակցությունները։

–Ես ամբողջական տեղեկատվությանը չեմ տիրապետում, բայց, որպես քաղաքական գործիչ, համարում եմ, որ իշխանությունը պետք է անի հնարավորը՝ էներգետիկ անկախություն ապահովելու համար։ Այն պայմանները, որոնք կան մեր եւ Ռուսաստանի միջեւ, ինձ համար անընդունելի են։ Պետք է քայլ առ քայլ հասնենք էներգետիկ անկախության։

–Եթե ռուսական գազը թանկ ենք գնում, ինչո՞ւ չենք մեծացնում Իրանից ներկրվող գազի ծավալները։

–Ցավոք, դեռ չեմ կարդացել պայմանագիրը, որպեսզի ճշգրիտ գնահատական տամ, բայց Ձեր տված հարցերն ուղղելով պաշտոնյաներին՝ այնպիսի տպավորություն ունեմ, որ համաձայնագրում նշված է, որ այս մասով մեր իրավունքները սահմանափակված են։ Իրանից ներկրվող գազի ծավալների մեծացումը պետք է անենք «Գազպրոմի» միջոցով։ Այն պայմանագիրը, որը կնքել ենք կազմակերպության հետ, մեզ սահմանափակումների առջեւ է կանգնեցնում։ Վատը դա է, հակառակ դեպքում նոր պայմանագիր կկնքեինք Իրանի հետ եւ կունենայինք ավելի էժան գնով կամ այլընտրանքային գազ։ Բայց այս պահին նման հնարավորություն չունենք։

–Իսկ ինչո՞ւ «Գազպրոմի» հետ պայմանագիրը չի վերանայվում։

–Դու չես կարող իշխանության գալ եւ հաջորդ օրը աշխարհին պատերազմ հայտարարել։

–Այստեղ մեր նպատակահարմարության հարցն է։ Եթե մեզ առաջարկվում է ավելի մատչելի գնով գազ, ո՞րն է «կապույտ» վառելիքն ավելի բարձր արժեքով գնելու իմաստը։

–Կասի՝ գնա, գնի, գնի եւ ինքդ էլ բեր։ Ինչպե՞ս ենք բերելու գազը, խողովակաշարը իրենցն է։ Մեր նախկին իշխանությունները վաճառել են ռազմավարական նշանակության խողովակաշարը։ Հիմա Իրանից գազ ենք բերում, հոսանք ենք տալիս։ Այստեղ հարաբերությունները խորացնելու հնարավորություն ունենք։

Լիանա Սարգսյան

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]