Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   11 Օգոստոս

Նախատեսվում է բարձրացնել դատարան դիմելու պետական տուրքի չափը

Նախատեսվում է բարձրացնել դատարան դիմելու պետական տուրքի չափը

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ արդարադատության նախարարությունն առաջարկում է փոփոխություններ եւ լրացումներ կատարել «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում, որով բարձրանալու է դատարան դիմելու պետական տուրքի չափը։ Օրենքի նախագիծը տեղադրված է e—draft.am տեղեկատվական հարթակում եւ մինչեւ հուլիսի 15—ը բաց է առաջարկությունների ու դիտարկումների համար։

Ըստ նախագծի հիմնավորման՝ դատարան տրվող հայցադիմումների, դիմումների, դատարանի դատական ակտերի դեմ վերաքննիչ եւ վճռաբեկ բողոքների համար պետտուրքի դրույքաչափերը փոփոխության չեն ենթարկվել «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» 1999 թ. օրենքի ընդունումից ի վեր, իսկ գործող դրույքաչափերը չեն արտացոլում երկրի սոցիալ—տնտեսական հարաբերությունների առկա իրավիճակը։ Այսպես՝ օրենքի վերջին փոփոխությունից ի վեր 4.89 անգամ աճել է մեկ շնչին ընկնող համախառն ներքին արդյունքը, միջին ամսական աշխատավարձն աճել է 8.04 անգամ, նվազագույն սպառողական զամբյուղի արժեքն աճել է 5.2 անգամ, աճել է նաեւ սպառողական գների ինդեքսը։ Արդյունքում նշված սոցիալ—տնտեսական ցուցանիշները 2000–ից մինչեւ 2020–ի առաջին եռամսյակն աճելեն միջինը 4.4 անգամ։

Մյուս կողմից՝ ՀՀ ֆինանսների նախարարության կողմից տրամադրված տեղեկատվության համաձայն՝ նախորդ երկու տարվա վիճակագրությունը ցույց է տալիս, որ արդարադատության իրականացման ծախսերը գերազանցել են դատարանների կողմից հավաքագրված պետական տուրքի գումարները մինչեւ 4 եւ ավելի անգամ։

Նախագծով առաջարկվում է պետական տուրքի գործող դրույքաչափերն ավելացնել միջինը մինչեւ 4 անգամ։ Արդյունքում դրամական պահանջի դեպքում տուրքի նվազագույն արժեքը կկազմի 6000 դրամ, որը նվազագույն սպառողական զամբյուղի մոտավորապես 9.77 տոկոսն է։ Նույն սկզբունքով առաջարկվում է վերանայել նաեւ դրամական պահանջներով հայցադիմումների, դիմումների տուրքի տոկոսադրույքները, ինչպես նաեւ տուրքի գանձման այլ դեպքերը։

Հաջորդը՝ տուրքի առավելագույն շեմ է սահմանվում նվազագույն սպառողական զամբյուղի մոտավորապես 407—ապատիկը՝ 25000000 դրամ՝ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում՝ հաշվարկման հիմքում դնելով ուսումնասիրված երկրների տուրքի առավելագույն չափերի եւ նվազագույն սպառողական զամբյուղների հարաբերակցությունը։ Վերաքննիչ քաղաքացիական դատարանում տուրքի առավելագույն չափերը սահմանվում են 15000000 դրամ, իսկ վճռաբեկ դատարանում քաղաքացիական գործերով՝ 10000000 դրամ։

Նախագծի հեղինակները վերանայման կարիք են տեսնում նաեւ տուրքի գծով արտոնությունների համակարգում, հատկապես տուրք վճարելուց ազատելու դեպքերի մասով։ Որպես արտոնություն առաջարկվում է նախատեսել ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումների կատարման համար դատարան դիմելու դեպքերը։

Նախագծի ընդունման արդյունքում կառավարությունն ակնկալում է համապատասխանեցնել տուրքի դրույքաչափերը ներկայումս հաստատված սոցիալ—տնտեսական ցուցանիշներին։ Թե որքանով կբարձրանա արդարադատության արդյունավետությունը կատարվող փոփոխությունների եւ լրացումների արդյունքում եւ միաժամանակ չի խախտվի դատարան դիմելու մատչելիության սկզբունքը, «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի թղթակիցը զրուցել է իրավագետ Վահե Գրիգորյանի հետ։

Խոսելով դատարան դիմելու համար պետական տուրքի բարձրացման մասին՝ իրավագետն առաջարկում է նախեւառաջ հասկանալ, թե ինչ խնդիրներ են առկա, դրանցից որոնք են լուծվելու, եւ ինչ խնդիրներ կառաջանան պետական տուրքի բարձրացման դեպքում։ Շրջանառության մեջ դրված տարբերակում նախատեսված է, որ, օրինակ, առաջին ատյանի դատարան դիմելու համար դրամական պահանջների ներկայացման դեպքում պետտուրքի նվազագույն շեմը բարձրացնել՝ 1500—ից դարձնելով 6000 դրամ, իսկ տոկոսային վճարման դեպքում պետտուրքը կհավասարվի հայցագնի 3 տոկոսին՝ գործող 2 տոկոսի փոխարեն։ Ոչ դրամական պահանջների դեպքում 4000 դրամի փոխարեն այն կդառնա 20000 ՀՀ դրամ, հայցի նախնական ապահովման միջոցներ կիրառելու վերաբերյալ դիմումների համար սահմանված 4000 ՀՀ դրամ տուրքը կդառնա 16000 ՀՀ դրամ։ Սնանկ ճանաչելու դիմումների համար պետտուրքը թեեւ կրկնակի է բարձրանում, սակայն չպետք է մոռանալ, որ գործ ունենք բավականին խոշոր գումարների՝ 100 հազար եւ կես միլիոն դրամի հետ՝ համապատասխանաբար ֆիզիկական եւ իրավաբանական անձանց կողմից ներկայացվելու դեպքում։ Այդ չափերը նախագծով դառնում են կես եւ մեկ միլիոն դրամ։

«Առհասարակ, եթե քաղաքացին գնում է սնանկացման, ապա նա ունի լուրջ ֆինանսասոցիալական խնդիրներ, եւ նրա համար դատարան դիմելը դժվարացնելը ինքնին խնդրահարույց կլինի ՀՀ Սահմանադրության տեսանկյունից։ Սա վերաբերելի է նաեւ ցանկացած դեպքում դատարան դիմելու համար պետտուրքի բարձրացմանը»,–մեկնաբանեց Գրիգորյանը՝ հիշեցնելով ՀՀ Սահմանադրության 61—րդ հոդվածի 1—ին մասը, որի համաձայն. «Յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների եւ ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք։» Հենց այս հոդվածում օգտագործված արդյունավետ բառն է, որ իր մեջ ներառում է դատարանների մատչելության սկզբունքը։ Ընդ որում՝ դատարանների մատչելիության սկզբունքը բխում է նաեւ ՀՀ Սահմանադրության 63—րդ հոդվածով երաշխավորված արդար դատաքննության իրավունքից։ Դատարանների մատչելիության իրավունքն ամրագրված է նաեւ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6—րդ հոդվածով։

Զրուցակցիս խոսքերով՝ դատարանների մատչելիության վերաբերյալ առկա են ՄԻԵԴ մի շարք որոշումներ, մասնավորապես՝ «Golder—ն՝ ընդդեմ Միացյալ Թագավորության» գործով ՄԻԵԴ–ը փաստել է, որ «դատարանների մատչելիության իրավունքը քաղաքացիական գործով վարույթ հարուցելու իրավունքն է, դրա մի մասը», իսկ քանի որ վարույթի հարուցումն ուղղակիորեն կապված է հայցադիմումի, իսկ հայցադիմումը՝ պետական տուրքի հետ, ապա պետտուրքի բարձրացումը նշանակում է դատարանների մատչելիության սահմանափակում։ Արդեն «Philis—ն ընդդեմ Հունաստանի» եւ «De Geouffre de la Pradelle—ն ընդդեմ Ֆրանսիայի», «Stanev—ն ընդդեմ Բուլղարիայի» գործերով ՄԻԵԴ—ն ընդգծել է, որ մատչելիության իրավունքը բացարձակ չէ եւ կարող է ենթարկվել սահմանափակումների, սակայն դրանով չպետք է սահմանափակվի կամ նվազեցվի անհատին տրամադրված մատչելիության իրավունքն այնպես կամ այն չափով, որ խախտի այդ իրավունքի բուն էությունը։

«Մեր դեպքում, երբ պետտուրքը բարձրացվում է սոցիալ—տնտեսական ճգնաժամի ժամանակ, երբ մարդիկ ունեն աշխատանքի եւ գումարի լուրջ խնդիր, սա կդառնա իրապես դատարանների մատչելիության սկզբունքի էական խախտում, եւ կունենանք հերթական օրենքը, որը կհակասի թե՛ Սահմանադրությանը, թե՛ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիային։ Նախագծի ընդունման դեպքում միակ հույսը կմնա այն, որ դատարանները կբավարարեն պետտուրքի վճարումը տարաժամկետելու միջնորդությունները եւ անձինք միայն այդ կերպ, իհարկե, ժամանակավոր, կխուսափեն բարձրացված պետտուրք վճարելուց մինչեւ դատաքննության ավարտը»,–մանրամասնեց մասնագետը։

Անդրադառնալով այն հարցին, թե ներկայացված նախագիծը որքանով կնպաստի դատարանների բեռնաթափմանը, Գրիգորյանը նկատեց, որ ներկայումս էլ, ցավոք, քաղաքացիները դիմում են իրենց իրավունքների դատական պաշտպանության միջոցին ոչ այնքան հաճախ, որքան իրավունքների պաշտպանության այլ եղանակներին։ «Խորապես ցավում եմ, երբ տեսնում եմ, որ փորձ է արվում բեռնաթափել դատարանները՝ անձանց իրենց իրավունքներից օգտվելու սահմանափակումներ մտցնելու եւ կամ դրանք անհնարին դարձնելու միջոցով։ Եվ, վերջապես, պետտուրքը բարձրացնելով՝ ուղղակիորեն սահմանափակվում է թե՛ արդար դատաքննության, թե՛ դատական պաշտպանության իրավունքը, որոնք մարդու հիմնարար իրավունքներ են, եւ դրանք սահմանափակելիս պետք է հաշվի առնել ՀՀ Սահմանադրության 78—րդ հոդվածով նշված համաչափության սկզբունքը, ինչը տվյալ դեպքում կարծես չի արվել»,–հավելեց նա։

Լուսինե Մխիթարյան

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ