1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Նալբանդյանի ժառանգության թվանշայնացումը՝ այն հանրահռչակելու լավագույն տարբերակ. Նարինե Խաչատուրյան

Նալբանդյանի ժառանգության թվանշայնացումը՝ այն հանրահռչակելու լավագույն 
տարբերակ. Նարինե Խաչատուրյան

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Հայաստանի ամերիկյան համալսարանի «Հայ մատենագրության թվանշանային գրադարանը» ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Գրականության հանրահռչակմանն ուղղված նախագծեր և միջոցառումներ» դրամաշնորհային ծրագրի շրջանակում թվանշայնացրել է գրող, հրապարակախոս, քննադատ, հեղափոխական­դեմոկրատ Միքայել Նալբան­դյա­նի ամբողջ գրական ժառանգությունը:

Նալբանդյանի չափածո և արձակ գեղարվեստական գործերը,
գրական, հրապարակախոսական, քննադատական հոդվածները, մատենախոսությունները և մի շարք այլ նյութեր հասանելի են digilib.am կայքում:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Նարինե Խաչատուրյանն ասաց, որ այս նախաձեռնությունը մշակութային ժառանգության պահպանության առումով մեծ նշանակություն ունի և մեծ առավելություններ է տալիս ուսումնասիրողներին, որոնք  համակարգչի առջև նստած կարող են հեշտությամբ գտնել իրենց անհրաժեշտ նյութերը:

«Ես շատ ուրախ եմ, որովհետև մենք ցանկանում ենք պետական միջոցներն ուղղել հիմնային, մնայուն, օգտակար, շարունակական ազդեցություն ունեցող կրթամշակութային ծրագրերին, և սա կարծես թե մեր ժառանգության փրկության, պահպանության և մեր հարստությունը հետագա սերունդներին փոխանցելու և հանրահռչակելու լավագույն տարբերակն է»,- նշեց փոխնախարարը:

Խաչատուրյանը հիշեցրեց, որ Հայաստանում պարբերաբար թվայնացվում է տարբեր ոլորտների մեր ժառանգությունը, բայց նախարարության նպատակը մեկ ընդհանրական պորտալ ստեղծելն ու այն համաշխարհային պորտալին միացնելն է:

«Մեր քաղաքականության հիմքում մշակութային ժառանգության պահպանությունն է, և 21-րդ դարում այդ ժառանգության պահպանման լավագույն ձևը թվանշայնացումն է:

Առհասարակ, մենք երազում և ծրագրում ենք միասնական էլեկտրոնային հարթակ ունենալ: Այդ հարթակը նախատեսված կլինի նյութական, ոչ նյութական, շարժական և անշարժ հուշարձանների, հայոց լեզվի և այլ արժեքների համար: Սա շատ հրատապ հարց է, և ամբողջ աշխարհն է մեր օրերում այդ ուղղությամբ քայլում: Մենք մեծ ներուժ ունենք և ոչ միայն մշակութային ժառանգության առումով, այլև բարձր տեխնոլոգիաների առումով: Մեզ մնում է միայն կազմակերպչական լուրջ աշխատանք կատարել, որպեսզի ակադեմիայի ինստիտուտները, այլ կառույցներ միանան մեր նախաձեռնությանը:  Սա մեկ կամ երկու տարվա աշխատանք չէ, բայց բոլոր ճանապարհներն էլ սկսվում են առաջին քայլից»,- եզրափակեց ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալը:

Զրուցեց Անժելա Համբարձումյանը

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]