Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   15 Օգոստոս

60 կմ/ժամ առավելագույն արագություն սահմանելու որոշումը կարող է փոփոխվել, եթե սպասված արդյունքը չտա

60 կմ/ժամ առավելագույն արագություն սահմանելու որոշումը կարող է փոփոխվել, եթե 
սպասված արդյունքը չտա

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Արման Չիլինգարյանը պարզաբանումներ է ներկայացրել Երևանի մի շարք փողոցներում սահմանված առավելագույն արագությունը 60 կմ/ժ դարձնելու որոշման վերաբերյալ։ «Արմենպրես»-ը ներկայացնում է ոստիկանության տարածած հաղորդագրությունը․

«Հուլիսի 7-ին ոստիկանությունը հայտարարություն է տարածել, համաձայն որի՝ հուլիսի 18-ից մայրաքաղաքի մի շարք փողոցներում իրականացվում է ճանապարհային երթևեկության կազմակերպման փոփոխություն։ Երևանի մի շարք փողոցներում սահմանված առավելագույն արագությունը իջեցվում է 60 կմ/ժ։ Այդ ճանապարհահատվածներն են՝ Իսակովի պողոտա, Թբիլիսյան խճուղի, Մոնթե Մելքոնյան, Աճառյան, Դավիթ Բեկի փողոցներ, Մյասնիկյան պողոտա, Սարալանջի փողոց և Աշտարակի խճուղի: Թեմայի շուրջ պարզաբանումներ է ներկայացրել ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Արման Չիլինգարյանը։
Երթևեկության կազմակերպման փոփոխության նպատակը երթևեկության անվտանգության ապահովումն է կամ առավել բարձր անվտանգության մակարդակ ունենալը, քանի որ, ինչպես ցույց են տալիս 2019 թվականի վիճակագրական տվյալների հիման վրա արված վերլուծությունները, այն ճանապարհներին, որտեղ սահմանված է առավել բարձր արագություն, քան բնակավայրերի համար ճանապարհային երթևեկության կանոններով սահմանված 60 կմ/ժ-ն է, մասնավորապես՝ Երևանում կան տեղամասեր, որտեղ սահմանված է 70 և 80 կմ/ժ արագություն, ապա այդ հատվածներում բավական բարձր է վթարայնության ցուցանիշը։ Խոսքը վերաբերում է հատկապես զոհերով և վիրավորներով ճանապարհատրանսպորտային պատահարներին։ Դրանց նախականխման, առավել ծանր հետևանքների կանխման ու նվազեցման նպատակով է հենց նախատեսվում իրականացնել նշված փոփոխությունը։

2019 թվականի ցուցանիշներով՝ Երևանում տեղի է ունեցել 2172 ճանապարհատրանսպորտային պատահար, որոնց հետևանքով զոհվել է 86 և մարմնական վնասվածքներ ստացել 2801 մարդ։ Երևանի համար ծանրության գործակիցը կազմել է 2,9 կամ ավելի պատկերավոր ասած՝ պատահարների հետևանքով յուրաքանչյուր 1000 տուժածի դեպքում 29 զոհ է եղել։ Ինչ վերաբերում է նշված փողոցներին / Իսակովի պողոտա, Թբիլիսյան խճուղի, Մոնթե Մելքոնյան, Աճառյան, Դավիթ Բեկի փողոցներ, Մյասնիկյան պողոտա և Սարալանջի փողոց, Աշտարակի խճուղի /, ապա 2019 թվականին այս հատվածներում պատահարները եղել են 227։ Արդյունքում զոհվել է 18 մարդ, մարմնական վնասվածքներ ստացել՝ 318-ը։ Այս հատվածներում ծանրության գործակիցը եղել 5,3, կամ ավելի պատկերավոր՝ պատահարների հետևանքով յուրաքանչյուր 1000 տուժածներից եղել է 53 զոհ։

Բացի այդ, Երևանում տեղի ունեցած պատահարների 10,5 %-ը նշված 8 փողոցներում է եղել։ Զոհերի թիվը այդ փողոցներում կազմել է Երևանի տեղի ունեցած պատահարների հետևանքով ընդհանուր զոհերի 20 %-ը։ Այսինքն, այս դեպքում ևս, զոհերի թվի հետ կապված, ունենք կրկնակի ավելի ցուցանիշ:

Երևանում կա մոտ 170 քաղաքային նշանակության փողոց, և այդ 8 փողոցները կազմում են ընդհանուր ցանցի 4,7 տոկոսը։ Արդյունքում՝ 4,7 տոկոս հատվածում ունենք 10,5 տոկոս պատահարներ, 20,9 տոկոս զոհեր և 11,3 տոկոս վիրավորներ։ Նման պատկերը ցույց է տալիս, որ այս հատվածներում բավական բարձր է ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքի ծանրության աստիճանը։

Եթե ուշադրություն դարձնենք այդ 8 փողոցներին, ապա բոլոր դեպքերում առավել բարձր արագություն տեղամասերին հաջորդում են սովորական բնակավայրի համար սահմանված 60 կմ/ժ արագությունը։ Տեսականորեն ստացվում է, որ բարձր արագությամբ երթևեկելու պարագայում, երբ հանդիպում ես առավել ցածր արագության տեղամասի, պետք է նվազեցնես արագությունը։ Ստացվում է, որ ներկա իրավիճակում ավելի մեծ է խցանումների առաջացման հավանականությունը, քան փոփոխությունից հետո, քանի որ կլինի մեկ արագություն՝ 60 կմ/ժ, և բոլոր հոսքերը միևնույն միջին արագությամբ կընթանան։

Ընդանրապես, ճանապարհային երթևեկության կազմակերպման փոփոխությունը ինքնին ժամանակավոր է, որովհետև տարբեր իրողություններում անընդհատ ենթակա է վերանայման։ Այս փոփոխությունն էլ վկայում է այդ մասին. ժամանակին կատարվել են ուսումնասիրություններ, որոնց արդյունքում բարձրացվել են սահմանված արագությունները, իսկ ներկա ուսումնասիրությունների արդյունքում վերանայվում են այդ արագությունները և նվազեցվում։ Բնականաբար, նաև այս փոփոխությունը հետագայում կարող է չարդարացվի, և այդ դեպքում պետք է կամ այլ միջոցառում իրականացնել կամ վերադառնալ նախկինին»։





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ