Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

ԱՄՆ վարաչակազմի քաղաքականությունը Մեծ Եղեռնի հարցում փոփոխության չի ենթարկվել. Սպիտակ տուն

ԱՄՆ վարաչակազմի քաղաքականությունը Մեծ Եղեռնի հարցում փոփոխության չի 
ենթարկվել. Սպիտակ տուն

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկայի Միացյալ Նահանգների վարչակազմի քաղաքականությունը Մեծ Եղեռնի հարցում փոփոխության չի ենթարկվել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Ամերիկայի ձայն»-ի հարցին ի պատասխան հայտնել է Սպիտակ տունը, անդրադառնալով մամուլի խոսնակ Քեյլի Մըքենանի հնչեցրած «Հայոց ցեղասպանություն» արտահայտությանը:

Ի պատասխան «Ամերիկայի ձայն»-ի հայկական ծառայության հարցմանը՝ Սպիտակ տունը հայտնել է, որ վարչակազմի քաղաքականությունն այս հարցում փոփոխության չի ենթարկվել՝ հավելելով, որ ԱՄՆ նախագահը վերահաստատել է, որ «Մեծ Եղեռն»-ը պատմական ոճրագծություն և ողբերգություն է, և ԱՄՆ-ը կանգնած է հայ ժողովրդի կողքին:

Հուլիսի 6-ին Սպիտակ տան մամուլի խոսնակ Քեյլի Մըքենանն արտաբերեց «Հայոց ցեղասպանություն» արտահայտությունը՝ անդրադառնալով ամերիկյան Դենվեր քաղաքում վանդալիզմի զոհ դարձած Հայոց ցեղասպանության հուշահամալրին: Այն հարձակման էր ենթարկվել մի քանի շաբաթ առաջ ռասսայական խտրականության դեմ բողոքի ցույցերի ընթացքում:

«Երբ պղծվում է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրը, որը ոգեկոչում է մարդկության դեմ կատարված բոլոր հանցագործությունների՝ այդ թվում ստրկության զոհերի հիշատակը, գործ ունենք գիտակցության և պատմական գիտելիքի պակասի հետ»,- նշել էր Մըքենանը:

Մամուլի խոսնակի խոսքերն ակտիվ քննարկումների առարկա դարձան մամուլում ու խնդրի հետ առնչվող շրջանակներում: Թուրքիան արձագանքեց Մըքենանի խոսքերին՝ լրատվամիջոցներին հայտնելով, թե Թրամփի վարչակազմի դիրքորոշումն այս հարցի շուրջ լայնորեն հայտնի է: ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը, «Ֆեյսբուք»-ի իր գրառման մեջ մեկնաբանել է Դենվերում Հայոց ցեղասպանության հուշարձանի շուրջ զարգացումները՝ մատնանշելով ՀՀ ԱԳՆ-ի նախկինում արված մեկնաբանությունն այս առիթով: ՀՀ դեսպանությունը շեշտել է նաև, որ Հայաստանը գնահատում է Միացյալ Նահանգների իշխանությունների պատշաճ ուշադրությունն այս հարցի նկատմամբ:

Ամերիկահայ կազմակերպությունները ևս արձագանքել են մամուլի խոսնակի խոսքերին: Ամերիկայի հայկական համագումարը մամուլի միջոցով երախտագիտություն է հայտնել վարչակազմից Հայոց ցեղասպանության հուշահամալիրը հիշատակելու համար, իսկ Վաշինգտոնի Հայ դատի հանձնախումբը նշել է, որ Մըքենանի մեկնաբանությունը կարող է առաջին քայլը հանդիսանալ դեպի Հայոց ցեղասպանության ճանաչում ԱՄՆ-ի իշխանությունների բոլոր մարմինների կողմից:

Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում ԱՄՆ-ի վարչակազմի դիրքորոշումը տարբերվում է ԱՄՆ Կոնգրեսի դիրքորոշումից, որի երկու պալատները՝ Ներկայացուցիչների պալատն ու Սենատը, անցած տարի ընդունեցին Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևերը: Վարչակազմը 1915 թվականի իրադարձությունները Օսմանյան կայսրության տարածքում խուսափում է որակել «ցեղասպանություն»՝ ապրիլի 24-ի նախագահի տարեկան ուղերձում այս առիթով օգտագործելով «Մեծ Եղեռն» եզրույթը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]