Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Նախարարն անդրադարձավ տանը բուժվողների ծախսերի մասին հարցին

Նախարարն անդրադարձավ տանը բուժվողների ծախսերի մասին հարցին

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում տնային պայմաններում կորոնավիրուսով վարակված անձանց թոքաբորբի բուժման համար կիրառվում են դեղեր, որոնք շատ մատչելի են, իսկ եթե իրապես այլ դեղեր գնելու կարիք կա, ապա այդ քաղաքացին չպետք է բուժվի տանը, պետք է տեղափոխվի հիվանդանոց: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք կառավարությունը պատրաստվո՞ւմ է փոխհատուցել տանը բուժվող քաղաքացիների բուժման ծախսերը: 

«Մենք ունենք հաստատված գործելակարգ՝ տնային պայմաններում թոքաբորբի բուժման, որում ներառված են այնպիսի դեղորայք, որոնք շատ մատչելի են, և կարիք չկա դրանից դուրս այլ դեղեր գնելու, որովհետև, եթե դրանցից դուրս այլ դեղեր գնելու կարիք իրապես կա, ապա այդ քաղաքացին չպետք է բուժվի տանը, պետք է տեղափոխվի հիվանդանոց»,-ասաց Թորոսյանը:

Նախարարը կոչ արեց հատկապես ամբուլատոր պոլիկլինիկական համակարգի գործընկերներին հետևել միայն նախարարության կողմից հաստատված գործելակարգին, որտեղ ներառված են դեղերը և բուժման ձևերը: Թորոսյանը նաև տեղեկացրեց, որ բուժման պրոտոկոլի մեջ ներառված դեղերի մի մասի համար, հատկապես այնպիսի դեղերը, որոնք հարաբերականորեն ավելի թանկ են, իրականացրել են կենտրոնացված գնում և բաշխել են ՀՀ բոլոր պոլիկլինիկական համակարգերին: 

Նա նաև հիշեցրեց, որ բազմաթիվ քաղաքացիներ, որոնք ունեն դրական ախտորոշում, ընդհանրապես բուժման կարիք չունեն, պարզապես պետք է թեթև ընթացքն անցկացնեն տանը և վերադառնան իրենց սովորական կյանքին: Նախարարը նկատեց, որ նրանք կարող են կարիք ունենալ մաքսիմում ջերմիջեցող դեղերի, իսկ մնացած դեպքերի բուժումը պետք է իրականացնել միայն բժշկի հսկողության տակ:

Հայաստանում հուլիսի 7-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 29285 դեպք, որոնցից 16907-ն` առողջացած: Այս պահին փաստացի բուժում է ստանում կորոնավիրուսային հիվանդությամբ 11711 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 125088 թեստավորում:Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 503 դեպք:

Աննա Գրիգորյան 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]