Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Թանկարժեք մետաղների արտահանման նկատմամբ քվոտա կսահմանվի

Թանկարժեք մետաղների արտահանման նկատմամբ քվոտա կսահմանվի

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի 2015 թ. ապրիլի 21—ի «Ոչ սակագնային միջոցների մասին» որոշման թիվ 14 հավելվածով հաստատված է ԵԱՏՄ մաքսային տարածք թանկարժեք մետաղների եւ թանկարժեք մետաղներ պարունակող հումքային ապրանքների ներմուծման եւ ԵԱՏՄ մաքսային տարածքից արտահանման մասին դրույթը։ Դրա 10—րդ կետի համաձայն՝ թանկարժեք մետաղների կամ թանկարժեք մետաղներով պատված մետաղների (որոնց վերամշակման արդյունքն են ոսկերչական իրերը, վարպետների պատրաստած ոսկե եւ արծաթե իրերը, այլ իրերը եւ դրանց մասերը) նկատմամբ «վերամշակում՝ մաքսային տարածքից դուրս» ընթացակարգի կիրառումը չի թույլատրվում։ Բացառությամբ այն դեպքերի, երբ երրորդ երկրների նկատմամբ ոչ սակագնային միջոցների մասին արձանագրության (2014 թ. մայիսի 29—ի ԵԱՏՄ մասին պայմանագրի հավելված) համապատասխան՝ անդամ պետության կողմից միակողմանի կարգով ընդունվել է նշված ապրանքների մաքսային տարածքից դուրս վերամշակման նպատակով արտահանման քանակական սահմանափակումներ կիրառելու վերաբերյալ որոշում։ Եվ այս դեպքում նշված ապրանքների նկատմամբ մաքսային տարածքից դուրս վերամշակում մաքսային ընթացակարգի կիրառումն իրականացվում է անդամ պետության մաքսային մարմնին պետական վերահսկողության ակտ ներկայացնելու դեպքում։

Այս իսկ պատճառով էկոնոմիկայի նախարարությունը Հայաստանի տարածքից արտահանվող եւ Հայաստան ներմուծվող թանկարժեք մետաղների կամ թանկարժեք մետաղներով պատված մետաղների նկատմամբ «վերամշակում՝ մաքսային տարածքից դուրս» ընթացակարգի կիրառման մասին որոշման նախագիծ է մշակել։ Եվ դա պայմանավորված է Հայաստանի կողմից միակողմանի կարգով մաքսային տարածքից դուրս վերամշակման նպատակով թանկարժեք մետաղների կամ թանկարժեք մետաղներով պատված մետաղների արտահանման նկատմամբ քվոտա սահմանելու անհրաժեշտությամբ։

Ըստ էկոնոմիկայի նախարարության՝ հաշվի առնելով, որ սույն միջոցը կիրառվելու է այս որոշման ընդունման պահից մինչեւ 2020 թ. դեկտեմբերի 30—ը ներառյալ, Հայաստանի համար նախատեսվել է քվոտայի չափը։ Այն է՝ 1000 տոննա՝ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 7107 00 000 0, 7108—ից, 7109 00 000 0, 7110 եւ 7111 00 000 0 ծածկագրերին դասվող թանկարժեք մետաղների կամ թանկարժեք մետաղներով պատված մետաղների ոչ սակագնային քվոտա։ Եվ 2000 տոննա՝ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ապրանքային դիրք 7106—ից չմշակած տեսքով արծաթի ոչ սակագնային քվոտա։

Ու սրանից ելնելով էլ՝ անհրաժեշտություն է առաջացել մշակել արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների կողմից թանկարժեք մետաղների կամ թանկարժեք մետաղներով պատված մետաղների արտահանման լիցենզավորման ընթացակարգը։ ԵՏՄ—ին անդամակցության շրջանակներում ոչ սակագնային կարգավորման պատասխանատու պետական կառավարման մարմինը ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն է։ Ուստի հենց պետական այս մարմինն էլ ճանաչվում է թանկարժեք մետաղների կամ թանկարժեք մետաղներով պատված մետաղների մասով լիցենզիա տրամադրելու, ինչպես նաեւ նշված ապրանքների նկատմամբ սահմանված քվոտայի բաշխման մասով լիազոր մարմին։

Մինչեւ այս տարվա դեկտեմբերի 30—ը ներառյալ Հայաստանի տարածքից «վերամշակում՝ մաքսային տարածքից դուրս» ընթացակարգով ձեւակերպված թանկարժեք մետաղների կամ թանկարժեք մետաղներով պատված մետաղների արտահանումը թույլատրվում է սահմանված քվոտայից ոչ ավելի ծավալով եւ միայն՝ լիցենզիայի առկայության դեպքում։

Գանք այն հարցին, թե թանկարժեք մետաղների կամ թանկարժեք մետաղներով պատված մետաղների թույլատրելի ծավալի բաշխումն ինչպես է արվելու։

Ըստ էկոնոմիկայի նախարարության՝ այդ թույլատրելի ծավալի բաշխումն իրականացվում է արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների կողմից Հայաստանի տարածքից նշված ապրանքների արտահանման ժամանակ սահմանված կարգով մաքսային մարմիններ հայտարարագիր ներկայացնելու հիման վրա՝ «վերամշակում՝ մաքսային տարածքից դուրս» ընթացակարգի ձեւակերպման նպատակով։ Եվ արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների միջեւ թույլատրելի ծավալի բաշխումը լիազոր մարմնի կողմից կիրականացվի այնպես, որ յուրաքանչյուր հայտատուի կողմից հայցվող մասնաբաժինը չգերազանցի սահմանված քվոտայի 20 տոկոսը գլխավոր լիցենզիայի եւ 10 տոկոսը՝ միանգամյա լիցենզիայի տրամադրման դեպքում։

 

Արմենուհի Մելքոնյան

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am