Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   9 Օգոստոս

Հայաստանի հրատարակչությունները «Մի՛ սպանիր վաղվա գիրքը» արշավը շարունակում են համացանցային ֆլեշմոբով

Հայաստանի հրատարակչությունները «Մի՛ սպանիր վաղվա գիրքը» արշավը 
շարունակում են համացանցային ֆլեշմոբով

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանյան առաջատար հրատարակչությունները սոցիալական հարթակները ողողել են «Մի՛ սպանիր վաղվա գիրքը» կոչով լուսանկարներով։ «Մի՛ սպանիր վաղվա գիրքը» արշավի շրջանակում հրատարակչությունները ներկայացրել են իրենց թիմերի՝ աշխատակիցների, խմբագիրների, գրողների, թարգմանիչների, ինչպես նաև ընթերցողների սև ու սպիտակ լուսանկարները՝ կարմիր ներկված գրքերով և կարգախոսով։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լուսանկարների հրապարակման համար հրատարակիչներն ընտրել են խորհրդանշական օր՝ հուլիսի 5-ը՝ ՀՀ Սահմանադրության օրը։ Այս քայլով հրատարակիչներն ասես իրենք են սահմանում «հրատարակչական ոլորտի սահմանադրությունը», որի առաջնային դրույթն է դառնում պայքարն ընդդեմ անօրինական տարածումների։

Հայաստանում աննախադեպ թափ են ստացել գրքերի անօրինական տարածումները՝ պատճենված՝ սկանավորված և PDF դարձրած, անգամ լուսանկարած էջերի տարածումների տեսքով։ Երկրի մի շարք առաջատար հրատարակչություններ մայիսից սոցիալական հարթակներում հանդես են եկել «Մի՛ սպանիր վաղվա գիրքը» նախաձեռնությամբ, որի նպատակն է համատեղ ուժերով պայքարել գրքերի անօրինական տարածումների դեմ՝ հանրությանը հեղինակային իրավունքի մասին իրազեկելու արշավի միջոցով։

Նախաձեռնությանը միացել են «Էդիթ Պրինտ», «Անտարես», «Զանգակ», «Newmag», «Բուկինիստ», «Գրքամոլ», «Արմավ», «Դարակ», «Էջ», «Կարապ», «ԳրաՏուն» հրատարակչությունները։

Կրթադաստիարակչական նպատակ ունեցող արշավի շրջանակում հրատարակչություններն իրենց էջերով տեսանյութերի միջոցով կոչեր են հղել ընթերցողներին, պատմել արշավի նպատակների մասին, առաջարկել միանալ նախաձեռնությանը։





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ