Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   6 Օգոստոս

ՀՀ-ում կատարվել է պաշտոնի նշանակման ենթակա թեկնածուների բարեվարքության ուսումնասիրություն. վարչապետ

ՀՀ-ում կատարվել է պաշտոնի նշանակման ենթակա թեկնածուների բարեվարքության 
ուսումնասիրություն. վարչապետ

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ կառավարությունում տեղի է ունեցել Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի նիստ: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Օրակարգի առաջին հարցով ներկայացվել է ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության  և դրա իրականացման 2019-2022 թթ. միջոցառումների ծրագրով 2019թ. և 2020թ. 1-ին եռամսյակում կատարման ենթակա միջոցառումների իրականացման վերաբերյալ զեկույցը:  Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը նշել է, որ 2019թ. միջոցառումների կատարման վերաբերյալ հաշվետվությունը 2020թ. փետրվարից հրապարակվել է նախարարության պաշտոնական կայքէջում. 22 միջոցառումից ամբողջությամբ կատարված է 10-ը, մասնակի՝ 12-ը, չկատարված միջոցառում չկա: Կարևոր ձեռքբերումների շարքում նախարարը նշել է՝

 

  • 2019թ. նոյեմբերին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ձևավորումը: Հանձնաժողովը սահմանել է դատավորների թեկնածուների հավակնորդների, ՍԴ դատավորների, ԲԴԽ անդամների թեկնածուների, պետական պաշտոններում նշանակման ենթակա անձանց, ինչպես նաև օրենքով սահմանված այլ անձանց բարեվարքության ստուգման կարգավորումները, ձևավորվել են համապատասխան օրենսդրական հենքերը, ներկայում իրականացվում է դրանց կիրարկման գործընթացը:
  • Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման կառուցակարգերի օրենքով սահմանումը: Արդեն ավարտին է հասցվել դատախազների թեկնածուների ընտրության փուլը, ովքեր հաջորդ շաբաթվանից կվերապատրաստվեն Արդարադատության ակադեմիայում, և Գլխավոր դատախազության համապատասխան ստորաբաժանումն այս տարվա սեպտեմբերից արդեն կգործի:
  • Կոռուպցիայի քրեականացման առումով՝ Քրեական և Քրեական դատավարության նոր օրենսգրքերի նախագծերում իրավաբանական անձանց քրեական պատասխանատվության կառուցակարգերի նախատեսումը:

Ռ. Բադասյանը նշել է, որ միջոցառումների մի մասը՝ վարքագծի կանոնների սահմանում, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին առնչվող ենթաօրենսդրական ակտերի ընդունում և այլն, կատարվել  է մասնակի, քանի որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ուշ ձևավորման և ռազմավարությամբ նախանշված իրավական ակտերը մշակվել են, բայց դեռևս չեն հաստատվել: Նախարարը նշել է նաև, որ Հակակոռուպցիոն կոմիտեի մասին օրենքի նախագիծը հաջորդ շաբաթ կներկայացվի Վարչապետի աշխատակազմ, իսկ Հակակոռուպցիոն դատարանների մասին օրենքը քննարկվում է շահագրգիռ միջազգային կազմակերպությունների հետ, որից հետո կներկայացվի հանրային քննարկման: Ինչ վերաբերում է 2020թ. առաջին կիսամյակում կատարման ենթակա միջոցառումներին, ներկայում հավաքվում են բոլոր պետական մարմինների կողմից կատարված աշխատանքների միջանկյալ արդյունքները, որոնք հուլիսի սկզբին կհրապարակվեն ԱՆ և Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի կայքէջերում:

Վարչապետը հետաքրքրվել է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման կառուցակարգերի ներդրման շրջանակում բարեվարքության ուսումնասիրության գործընթացով: Ի պատասխան Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանը նշել է, որ 2020թ. հունիսին բարեվարքության մեթոդաբանության հիման վրա Հանձնաժողովն իրականացրել է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթներ իրականացնող դատախազների և ՀՀ գլխավոր դատախազի՝ այդ ոլորտը համակարգող տեղակալի թեկնածությունների ցուցակներում ընդգրկված անձանց բարեվարքության ստուգում, և ներկայացրել է 26 թեկնածուի բարեվարքության վերաբերյալ եզրակացություն, որից 2-ը եղել է բացասական, 11-ը՝ դրական վերապահումով, իսկ 13-ը՝ դրական։ Շահագրգիռ կառույցների ղեկավարների խոսքով՝ գործընթացն արդյունավետ ընթացք է ունեցել, միաժամանակ շարունակվում է դրա բարելավման ուղղությամբ աշխատանքը:

Նիկոլ Փաշինյանը նշել է՝ մեր երկրում առաջին անգամ է պետական պաշտոնի նշանակման ենթակա անձանց/թեկնածուների բարեվարքության ուսումնասիրություն իրականացվում, որը կոռուպցիայի դեմ պայքարի կարևոր բաղադրիչ է: Վարչապետն ընդգծել է, որ հակակոռուպցիոն ուղղությունն արտացոլում է կառավարության քաղաքական կամքը, և նախատեսված միջոցառումների լիարժեք իրականացման համար տրամադրվելու են անհրաժեշտ բոլոր միջոցները: Կառավարության ղեկավարն առաջարկել է լայն իրազեկման միջոցով հանրությանը մանրամասն տեղեկացնել հակակոռուպցիոն բարեփոխումների ընթացքի մասին:

Հաջորդիվ Ռ. Բադասյանը մանրամասներ է ներկայացրել գույքի, եկամուտների և շահերի հայտարարագրման համակարգի կատարելագործման, ծախսերի հայտարարագրման համակարգի ներդրման օրենսդրական փաթեթի վերաբերյալ, որը 2020թ. մարտի 25-ին ԱԺ ընդունած հայտարարագրման համակարգին վերաբերող կառուցակարգերի շարունակությունն է: Մասնավորապես, առաջարկվում է  ներդնել ծախսերի հայտարարագրման ինստիտուտ, հայտարարագրման ենթակա գույք սահմանել նաև հայտարարատուի կողմից փաստացի տիրապետվող գույքը, ձևավորել հայտարարատու պաշտոնատար անձի պաշտոնեական պարտականությունների դադարեցումից հետո կոռուպցիոն ռիսկերի վերահսկման մեխանիզմ, նվազեցնել թանկարժեք գույքի դրամական շեմը, ընդլայնել հայտարարատուների շրջանակը և մի շարք այլ փոփոխություններ:

Մտքերի փոխանակության ընթացքում առաջարկվող կարգավորումները դարձել են քննարկման առարկա, խորհրդի անդամները ներկայացրել են իրենց դիտարկումները ծախսերի տեսակների, սահմանաչափերի, թանկարժեք գույքի դրամական շեմի և մյուս հարցերի առնչությամբ: Ընդգծվել է համակարգի կատարելագործմանը միտված շարունակական քայլերի կարևորությունը:

Վարչապետը նշել է, որ հայտարարագրման գործուն համակարգի ներդրումը թափանցիկության և հաշվետվողականության ապահովման կարևոր գործիքներից է, և պետք է հետևողական առաջ գնալ այս ճանապարհով:

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանը ներկայացրել է ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման 2019-2022թթ. միջոցառումների ծրագրի շրջանակում կատարված աշխատանքները: Նա նշել է, որ կատարելագործվել է գույքի, եկամուտների և շահերի հայտարարագրման համակարգը՝ հաստատվել է հայտարարագրի նոր ձևանմուշը, հաստատվել են հայտարարագրերի ուսումնասիրության և վերլուծության  մեթոդաբանությունը, ընտրանքի չափանիշները, ընդլայնվել է հայտարարատու հանդիսացող անձանց շրջանակը, հայտարարագիր է ներկայացրել 3568 պաշտոնատար անձ և այլն: Մշակվել են՝ պետական պաշտոններում նշանակման ենթակա  անձանց, դատավորների և դատավորների թեկնածուների, դատախազների և դատախազների թեկնածուների, քննիչների բարեվարքության ստուգման մեթոդաբանությունը, «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով նախատեսված՝ հանրային ծառայողի և քաղաքացիական ծառայողի վարքագծի կանոնները, պետական կառավարման համակարգում կոռուպցիոն ռիսկերի գնահատման համապարփակ մեթոդաբանությունը։ Իրականացվել են Հանձնաժողովի ինստիտուցիոնալ կայացման աշխատանքներ՝ գործունեության քառամյա ծրագրի մշակում, աշխատակազմի  ձևավորում և այլն:

Օրակարգի շրջանակում «Իրազեկ քաղաքացիների միավորում» (ԻՔՄ) ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանն անդրադարձել է քաղաքական կոռուպցիայի կանխարգելման, այդ թվում՝ քաղաքական և լրատվական գործունեության ֆինանսավորման թափանցիկության հարցերին: Նա ներկայացրել է այս նպատակով ԻՔՄ իրականացրած ուսումնասիրության արդյունքները՝ զանգվածային լրատվության, կուսակցությունների, ընտրական մեխանիզմների ոլորտներում իրավիճակի, առաջարկվող կարգավորումների և գործիքակազմի վերաբերյալ:

Թեմայի առնչությամբ ծավալվել է շահագրգիռ քննարկում: Ֆինանսական թափանցիկության և հաշվետվողականության համատեքստում կարևորվել է իրական սեփականատերերի բացահայտման մեխանիզմների ներդրումը: Կառավարության և ԱԺ ներկայացուցիչներն անդրադարձել են վերոնշյալ ոլորտների բարեփոխումների շրջանակում տարվող աշխատանքներին: Վարչապետը հորդորել է Դ. Իոաննիսյանին առաջարկները ձևակերպել և ներկայացնել Արդարադատության նախարարություն՝ հետագա քննարկման համար:

Նիստում ներկայացվել են նաև առաջիկա նիստերում հանրային կառավարման բարեփոխումներին, ներդրումային քաղաքականության հակակոռուպցիոն մեխանիզմներին և այլ թեմաների անդրադառնալու առաջարկներ:





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ