Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   13 Օգոստոս

Արմեն Սարգսյանը հյուրընկալել է Հայաստանում ԱՄՆ դեսպանին

Արմեն Սարգսյանը հյուրընկալել է Հայաստանում ԱՄՆ դեսպանին

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ամերիկայի Միացյալ Նահանգների Անկախության տարեդարձի նախօրեին Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Նախագահ Սարգսյանը պետական տոնի առթիվ շնորհավորել ու հաջողություններ է մաղթել դեսպանին և, ի դեմս նրա, Միացյալ Նահանգների բարեկամ ժողովրդին:

Հայաստանի նախագահն իր երախտագիտությունն է հայտնել ԱՄՆ կառավարության կողմից Հայաստանին ցուցաբերվող շարունակական օժանդակության և հատկապես կորոնավիրուսի համավարակով պայմանավորված այս բարդ շրջանում աջակցության համար` միաժամանակ, նշելով, որ իսկական բարեկամությունը երևում է դժվարին ժամանակներում:

Դեսպան Թրեյսին նշել է, որ Միացյալ Նահանգները շարունակում է օգնել Հայաստանին՝ ժողովրդավարության զարգացման, կոռուպցիայի դեմ պայքարի, տարբեր ոլորտներում բարեփոխումների, ներդրողների համար գրավիչ գործարար միջավայրի ձևավորման հարցերում:

Դեսպանի խնդրանքով Հանրապետության նախագահն անդրադարձել է Սահմանադրության փոփոխություններին և սահմանադրական բարեփոխումներին առնչվող գործընթացին: Այդ համատեքստում, խոսելով սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի մասին, նախագահ Սարգսյանը կարևորել է Հիմնական օրենքի մշակման գործընթացի շուրջ հանրային քննարկումները և հասարակության հնարավորինս լայն շերտերի մասնակցությունը:

Զրուցակիցները խոսել են նաև ներդրումների մասին: Նրանք համաձայնել են, որ ցանկացած ներդրում պետք է պաշտպանված լինի ոչ միայն օրենքով, այլև բարենպաստ և գրավիչ միջավայրի առկայությամբ՝ կարևորելով այդ ուղղությամբ աշխատանքը և համատեղ ջանքերը:

ԱՄՆ դեսպանն անդրադարձել է Հայաստանի տնտեսական զարգացմանը միտված ամերիկյան ծրագրերին և ներդրումային հնարավորություններին:

Նախագահ Սարգսյանը նշել է, որ COVID-19-ի համավարակը և դրա ազդեցությունը տնտեսության վրա պահանջում են արագ արձագանք և ճկուն մեխանիզմներ ներդրումների խթանման համար: Այդ առումով նա կարևոր գործիք է համարել ներդրողի արագ արձագանքման աշխատանքային խմբի ստեղծումը՝ նշելով, որ այս և մի շարք այլ առաջարկություններ տեղ են գտել Հանրապետության նախագահի աշխատակազմի և ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման համաժողովի պատրաստած՝ «Ներդրումների խթանման ռազմավարությունը համաշխարհային ճգնաժամի պայմաններում և դրանից հետո» զեկույցում:

Ընդգծելով նորագույն տեխնոլոգիաների կարևոր դերը Հայաստանի ապագայի համար՝ նախագահ Սարգսյանն այդ համատեքստում խոսել է մեր երկրում տեխնոլոգիաների և գիտության զարգացմանն ուղղված՝ ATOM նախագահական նախաձեռնության և դրա շրջանակում հնարավոր գործակցության մասին:

 





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ