Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Նախարարը Մարտունիում ծանոթացավ կորոնավիրուսով հիվանդների բուժման բաժանմունքի ստեղծման աշխատանքներին

Նախարարը Մարտունիում ծանոթացավ կորոնավիրուսով հիվանդների բուժման 
բաժանմունքի ստեղծման աշխատանքներին

ԳԱՎԱՌ, 3 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, աշխատանքային այցով գտնվելով Գեղարքունիքի մարզում, Մարտունու բժշկական կենտրոնում ծանոթացավ կորոնավիրուսով հիվանդների բուժման համար նախատեսված բաժանմունքի հիմնման աշխատանքներին: 

«Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ նախարարին ուղեկցում էր Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը: Նախարարը եւ մարզպետը շրջեցին բաժանմունքի տարածքում, որտեղ ՀՀ առողջապահության նախարարության եւ Գեղարքունիքի մարզպետարանի համագործակցությամբ ընթանում են շինարարական եւ կահավորման ակտիվ աշխատանքներ, զրուցեցին բժշկական կենտրոնի տնօրինության եւ շինարարների հետ, քննարկեցին ի հայտ եկած խնդիրների կարգավորման տարբերակները:

Ինչպես նշեց Մարտունու ԲԿ տնօրեն Անդրանիկ Հարությունյանը,  շինարարական եւ տեխնիկայան վերազինման ու կահավորման  աշխատանքները մոտենում են ավարտին, եւ առաջիկա օրերին կորոնավիրուսով հիվանդների բուժման համար նախատեսված առանձին մուտքով  50­մահճակալանոց բաժանմունքը կընդունի առաջին բուժառուներին: Ապա Արսեն Թորոսյանը եւ Գնել Սանոսյանը  ծանոթացան ժամանակակից  դիահերձարանի շենքի կառուցման համար նախատեսված տարածքին: Այցի ավարտին նախարարը եւ մարզպետը կիսեցին իրենց տպավորությունները: «Արդեն գրեթե պատրաստ է 50­մահճակալանոց բաժանմունքը, որը կընդունի կորոնավիրուսով հիվանդ առաջին բուժառուներին: Այն հագեցած կլինի գերժամանակակից պայմաններով ու տեխնիկական միջոցներով: Կարծում եմ, բաժանմունքի ստեղծման հարցը շատ տեղին առաջ քաշվեց Գեղարքունիքի մարզպետարանի կողմից եւ հիմնովին կծառայի իր նպատակներին: Այստեղ բուժում կստանան ոչ միայն Գեղարքունիքի մարզի, այլ նաեւ հարակից մարզերի բուժառուները: Օգտվելով առիթից՝ ուզում եմ կոչ ուղել մեր հայրենակիցներին, որ չշարունակեն թերահավատորեն մոտենալ համավարակի տարածմանն ու առաջացրած վտանգին եւ իրենց կյանքի ու առողջության պահպանման համար ուշադիր  հետեւեն կառավարության ցուցումներին, պահպանեն պատշաճ զգուշավորություն: Ինչ վերաբերում է Մարտունու ԲԿ տարածքում ժամանակակից դիահերձարանի շենք ունենալուն, որը կծառայի նաեւ մարզի այլ տարածաշրջանների կարիքներին,  ապա այն կկառուցվի պետական միջոցների հաշվին: Այս պահին շինարարություն սկսելու կոնկրետ ժամկետներ չեմ կարող նշել, քանի դեռ ֆինանսական միջոցներ առայժմ հատկացված չեն: Սակայն այդ ծրագիրն անպայմանորեն կյանքի է կոչվելու»,- հավաստիացրեց Արսեն Թորոսյանը:   

 «Այսօրվա դրությամբ մենք Գեղարքունիքի մարզից ունենք կորոնավիրուսով հիվանդացած ու հիվանդանոցային բուժման կարիք ունեցող 51 քաղաքացի, ովքեր բուժում են ստանում մայրաքաղաքի բուժհաստատություններում: Արդեն քսան օր է, ինչ մեզ մոտ այդ թիվը հաստատուն է մնում, ու կարելի է կարծել, որ ստեղծված բաժանմունքը լիովին կծառայի համավարակի դեմ պայքարի կարիքներին եւ կարդարացնի մեր սպասելիքները: Մեր բնակիչներն այսուհետ բուժումը կստանան տեղում եւ կազատվեն դրա հետ շաղկապված բազմապիսի խնդիրներից:  Համավարակի սպառնալիքի վերացումից հետո բաժանմունքի տարածքը կմնա Մարտունու բժշկական կենտրոնի հաշվեկշռում ու կօգտագործվի բուժում իրականացնելու այլ կարեւոր նպատակներով: Այնպես որ, այն շատ կարեւոր ու պահանջված քայլ եմ համարում»,- նշեց մարզպետ Գնել Սանոսյանը:

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]