Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Հայաստանն ընտրվել է ՄԱԿ-ի հովանու ներքո կանանց իրավունքների նախաձեռնության թեմատիկ դաշինքի առաջնորդ

Հայաստանն ընտրվել է ՄԱԿ-ի հովանու ներքո կանանց իրավունքների 
նախաձեռնության թեմատիկ դաշինքի առաջնորդ

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը հուլիսի 1-ին ընտրվել է  «Հավասարության սերունդ» ֆորումի շրջանակներում ձևավորված «Տեխնոլոգիաներ և նորարարություն» կոալիցիայի առաջնորդ երկիր։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից։

««Հավասարության սերունդ» ֆորումը գործում է ՄԱԿ-ի հովանու ներքո Գենդերային հավասարության և կանանց առաջխաղացման մարմնի (UN-Women), ինչպես նաև Ֆրանսիայի և Մեքսիկայի կառավարությունների նախաձեռնությամբ՝ քաղաքացիական հասարակության հետ սերտ համագործակցությամբ։ Նախաձեռնությունը միտված է պետությունների, միջազգային կազմակերպությունների և քաղաքացիական հասարակության համագործակցության խթանմանը՝ Կանանց հարցերով համաշխարհային չորրորդ համաժողովի և դրա շրջանակներում ընդունված Պեկինի հռչակագրի 25-րդ տարելիցի համատեքստում։ Ֆորումը կառուցված է 6 թեմատիկ դաշինքների շուրջ, որոնք միտված են գենդերային հավասարության և կանանց իրավունքների  կենսագործմանը և խթանմանը տնտեսական հզորացման, առողջապահության, կլիմայի, ինչպես նաև գենդերային բռնության կանխարգելման, ֆեմինիստական շարժումների և առաջնորդության ոլորտներում։

Դաշինքների առաջնորդների կազմում ընդգրկված են թվով 20 երկրներ, ՄԱԿ համակարգի մաս կազմող և միջազգային այլ կառույցներ, բարեգործական կառույցներ, ինչպես նաև ոլորտում հայտնի հասարակական կազմակերպություններ։

Առաջնորդների ընտրությունը կայացվել է համապատասխան թեմատիկ ոլորտում թեկնածուների հանձնառության դրսևորման, ոլորտում արձանագրած առաջընթացի և այլ չափանիշների հիման վրա։ Տեխնոլոգիաների և նորարարության ուղղությամբ թեմատիկ դաշինքի համար առաջնորդության իր թեկնածությունն առաջադրելիս՝ Հայաստանը ներկայացրել է ՀՀ կառավարության առաջնայնությունները` ուղղված կանանց իրավունքների պաշտպանության, քաղաքական և տնտեսական ոլորտներում կանանց դերի բարձրացմանը, ինչպես նաև տեխնոլոգիաների ու նորարարության ոլորտներում ՀՀ արձանագրած առաջընթացն ու հանձնառությունները։

Տեխնոլոգիաների և նորարարության թեմատիկ դաշինքի աշխատանքներն ուղղորդվելու են առաջնորդ ընտրված 3 երկրների՝ Հայաստանի, Ֆինլանդիայի և Թունիսի կողմից, ՄԱԿ մանկական հիմնադրամի /UNICEF/ և Հեռահաղորդակցության միջազգային միության /ITU/ հետ համագործակցությամբ։

Սերունդների հավասարություն ֆորումի շրջանակներում նախաձեռնվում է նաև Կանանց, խաղաղության, անվտանգության և մարդասիրական գործողության վերաբերյալ նորարարական համաձայնագրի մշակումը, որը միտված է ռեսուրսների ներդրմանը` խաղաղության, անվտանգության և մարդասիրական գործողությունների ապահովման նպատակով։ Համաձայնագիրը կամրապնդի արդեն իսկ առկա նախաձեռնությունների և համագործակցությունների համակարգումը՝ վերահաստատելով կանանց և երիտասարդների խաղաղության, անվտանգության և մարդասիրական գործողության հիմքում լինելու հանգամանքը՝ նույնիսկ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի Կանանց, խաղաղության և անվտանգության վերաբերյալ 1325 բանաձևի ընդունումից 20 տարի անց։

Նախաձեռնության վերաբերյալ հավելյալ տեղեկատվությունը հասանելի է կայքում»,- նշված է հաղորդագրության մեջ։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]