Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Գնել Սանոսյանը բուժհաստատությունների տնօրեններին հրահանգեց մեկտեղել ուժերը համավարակի դեմ պայքարում

Գնել Սանոսյանը բուժհաստատությունների տնօրեններին հրահանգեց մեկտեղել ուժերը 
համավարակի դեմ պայքարում

ԳԱՎԱՌ, 2 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը մարզպետարանում  մարզի բուժհաստատությունների տնօրենների հետ  քննարկեց  համավարակի կանխարգելման միջոցառումների, Պարետատան ընդունած որոշումների կատարման եւ արտակարգ դրության պայմաններում աշխատանքային ռեժիմի պահպանման հետ կապված խնդիրներ:  

«Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝  Գնել Սանոսյանը միաժամանակ իր շնորհակալությունը հայտնեց բուժհիմնարկների ղեկավարներին՝ համավարակի կանխարգելման միջոցառումների ընթացքում գործադրած ջանքերի համար:

«Օրեր առաջ, Բուժաշխատողի օրվա կապակցությամբ, մենք խրախուսեցինք 23 բուժաշխատողների եւ շտապօգնության վարորդների: Կարծում եմ, որ այդ խրախուսանքը նաեւ ձեզ է վերաբերում, քանի որ պարգեւատրվածները աշխատել են ձեր ղեկավարությամբ ու ցուցումներով: Կգա հարմար ժամանակ, եւ մենք հավուր պատշաճի կգնահատենք համավարակի կանխարգելմանն ուղղված ձեր ջանքերը: Այժմ հորդորում եմ բոլորիդ՝ գործել որպես մեկ միասնական թիմ, ավելի լարել ու մեկտեղել բոլոր ուժերը, որպեսզի կարողանանք նվազագույն արդյունքներով դուրս գալ այս իրավիճակից: Միաժամանակ առաջարկում եմ՝ մեկ անգամ եւս ուշադիր հետեւել Պարետատան ընդունած որոշումներին ու ցուցումներին եւ ի հայտ եկած խնդիրները ներկայացնել մեր քննարկմանը: Շուտով Մարտունու հիվանդանոցում բացվելու է կորոնավիրուսով հիվանդների բուժման առանձնացված բաժանմունք, որտեղ կբուժվեն մեր մարզի խնդիր ունեցող քաղաքացիները: Բաժանմունքի բժիշկ մասնագետների ընտրության խնդիրը մնում է մեզ վրա, եւ այս հարցում էլ պետք է աշխատենք համատեղ»,-խորհրդակցության մասնակիցներին դիմեց Գնել Սանոսյանը:

Մարզպետը կանգ առավ նաեւ կարգապահական խախտումների վրա, որոնք նկատվել են որոշ բուժհիմնարկներում: «Բուժաշխատողները, ճիշտ է, հիմնականում պահպանում են համավարակի դեմ պայքարի միջոցառումներից բխող բոլոր կանոնները, բայց, ցավոք, որոշ դեպքերում դա անում են միայն բուժհաստատությունների տարածքում ու աշխատանքային ժամերին: Մինչդեռ մենք ունենք արձանագրված դեպքեր, երբ նրանցից ոմանք աշխատանքային ժամերից դուրս մասսայական միջոցառումների են մասնակցել, ապա վարակված վիճակում ներկայացել աշխատանքի: Պետք է ուշադիր լինել բուժանձնակազմի ցանկացած անդամի նկատմամբ, սահմանափակել մասնակցությունը տարբեր միջոցառումներին, որպեսզի նրանց շրջանում մենք չունենանք վարակվածության դեպքեր ու համատեղ ուժերով հասցնենք հաղթահարել ստեղծված իրավիճակը »,-շեշտեց մարզպետը:

Գնել Սանոսյանը կոչ արեց՝ չանտեսել առողջապահական մյուս խնդիրներն ու միջոցառումները, որոնք եւս կարեւոր են: «Հատկապես ուզում եմ առանձնացնել պատվաստումների ուշացումը սահմանված ժամկետներից: Հասկանալի է, որ բոլորդ աշխատում եք ծանրաբեռնված գրաֆիկով, սակայն մյուս միջոցառումներն իրականացնելու ժամանակ եւս պետք է գտնեք: Կարծում եմ, որ մեզ մոտ իրավիճակը վերահսկելի է, եւ մենք մեր ջանքերն ավելացնելու դեպքում հետեւում կթողնենք բոլոր դժվարությունները»,-ամփոփեց մարզպետը՝ վերջում անդրադառնալով տնօրենների կողմից առաջ քաշված մի շարք հրատապ լուծում պահանջող հարցերի:

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]