Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   14 Օգոստոս

«Թատրոնի պատմություն», «Մեր մեծերը». Արտաշատի թատրոնը ներկայանում է առցանց նոր ծրագրերով

«Թատրոնի պատմություն», «Մեր մեծերը». Արտաշատի թատրոնը ներկայանում է 
առցանց նոր ծրագրերով

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Արտաշատի Ամո Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոնը հունիսի 28-ից «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջում #ԹԱՏՐՈՆԻ_ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ և #ՄԵՐ_ՄԵԾԵՐԸ խորագրերով ներկայացնում է Արտաշատի թատրոնի պատմությունը, թատրոնում իրենց ստեղծագործական ուղին անցած բեմադրիչների, արտիստների կենսագրական տվյալները, ինչպես նաև տեղեկություններ այս տարիների ընթացքում թատրոնը ղեկավարած գործիչների մասին:

Թատրոնը հրապարակում է արխիվային լուսանկարներ հանդիսատեսից սիրված ներկայացումներից և հետաքրքիր ու հիշարժան փաստեր թատրոնի պատմությունից։

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում թատրոնի տնօրեն Կամո Նաղդալյանը պատմեց, որ #ՄԵՐ_ՄԵԾԵՐԸ շարքով ներկայացնում են թատրոնի այն դերասաններին, որոնք մեծ դեր են ունեցել ոլորտի զարգացման գործում: «Մեր թատրոնում աշխատել են այնպիսի ռեժիսորներ, ինչպիսիք են Ռաֆայել Ջրբաշյանը, Մայիս Ռաֆայելյանը և այլք: Արտաշատի թատրոնում հրաշալի արվեստագետներ են եղել: Մտածեցինք, որ ճիշտ կլինի այս ժամանակն օգտագործել նրանց ներկայացնելու համար: Մեր հետևորդները շատ են հետաքրքրված այս նախաձեռնությամբ և հաճախ են նշում, որ մեր շնորհիվ վերհիշել են իրենց սիրած արտիստներին»,- նշեց տնօրենը:

Անդրադառնալով մինչ այդ կատարած աշխատանքին՝ Նաղդալյանն ասաց, որ հունիսի սկզբից, երբ ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանի աջակցությամբ հնարավորություն է ստեղծվել տասը հոգիանոց խմբերով վերսկսել աշխատանքը թատրոնում՝ պահպանելով հակահամաճարակային բոլոր կանոնները, որոշել են անդրադառնալ պոեզիայի ժանրին: «Կգամ» ներկայացմամբ  մատուցելու են Համո Սահյանի պոեզիան: «Մենք  ունենք բակ, որը բարեկարգել ենք, կառուցել ենք շարժական բեմահարթակ և մեր փորձերն իրականացնում ենք այնտեղ: Ներկայացումը գրեթե  պատրաստ է, և երբ պարետատունը թույլ տա, մենք սիրով կներկայանանք հանդիսատեսին: Անգամ արտակարգ դրությունից հետո անպայման որոշ ներդրումներ ենք անելու և շարունակաբար ներկայացումներ ենք պատրաստելու բացօթյա բեմում: Այս ճգնաժամային իրավիճակը մեզ հնարավորություն տվեց նոր գաղափարներով հանդես գալ ու կարևորել այն, ինչ ունենք»,- շեշտեց Կամո Նաղդալյանն ու հավելեց, որ ապրիլ ամսին համագործակցել են նաև դպրոցների հետ: Թատրոնի դերասանները «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջում ընթերցել են այն ստեղծագործությունները, որոնք դասավանդվում են դպրոցում: Այդպես թատրոնը յուրովի նպաստել է հեռավար կրթության արդյունավետությանը:

Անժելա Համբարձումյան





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ