Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   10 Օգոստոս

Արվեստի ներկայացուցիչները լուսանկարներով կոչ են անում կրել դիմակ և փրկել մշակույթը

Արվեստի ներկայացուցիչները լուսանկարներով կոչ են անում կրել դիմակ և փրկել 
մշակույթը

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Մշակույթի ոլորտի տարբեր ներկայացուցիչներ՝ դերասաններ, ռեժիսորներ, բեմանկարիչներ, կոմպոզիտորներ և պարզապես թատերասերներ համացանցում հրապարակել են լուսանկարների բազմաժանր ու հետաքրքիր շարք, որով կոչ են անում հասարակությանը կորոնավիրուսի դեմ պայքարում միանալ իրենց և պահպանել անվտանգության բոլոր կանոնները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  լուսանկարներն ունեն  #կրիր_դիմակ_փրկիր_մշակույթը, #ներկայացում_եմ_ուզում, #մենք_մի_ընտանիք_ենք հեշթեգերը:

Մեզ հետ զրույցում Տիկնիկային թատրոնի ռեժիսոր Սամսոն Մովսեսյանն ասաց, որ մշակույթի գործիչները պետք է փորձեն չհուսահատվել և տրամադրության անկում չունենալ: «Պետք է փորձել բարձր պահել նաև ժողովրդի տրամադրությունը, իսկ դրա համար մենք չպետք է վհատվենք: Այս նախաձեռնությամբ փորձեցինք ոլորտի ներկայացուցիչներին հիշեցնել, թե ինչու են ընտրել այս կամ այն մասնագիտությունը և միասին փորձել աշխատելու որևէ ելք գտնել»,- նշեց Մովսեսյանն ու հավելեց, որ եթե պահպանենք հակահամաճարակային կանոնները, մեծ կլինի շուտով աշխատանքի վերադառնալու  հույսը:

Նրա խոսքով՝ անհրաժեշտ է կրել դիմակ նաև մշակույթը փրկելու համար, որովհետև որքան երկար ենք խախտում անվտանգության կանոնները, այնքան շատ ենք վնասում նաև մշակութային ոլորտին:

Անդրադառնալով նոր ներկայացումներին՝ ռեժիսորը տեղեկացրեց, որ պարետատան թույլտվությամբ սկսել են Չեխովի «Երեք քույր» ներկայացման փորձերը: «Մեկուսացման սկզբնական շրջանում օնլայն մի քանի նախագիծ իրականացրինք, բայց դրանք արդյունավետ էին, երբ բոլորը տանն էին, իսկ հիմա չեմ կարծում, որ առցանց ծրագրերն ակտուալ եn, քանի որ մարդիկ դրսում են:

Հիմա  լուրջ մշակութային իրադարձությունների պակաս կա, և պետք է անենք հնարավորը աշխատանքի բնականոն ընթացքին վերադառնալու համար»,-նշեց Մովսեսյանը:

Անժելա Համբարձումյան





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ