1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Ճապոնիան բժշկական սարքավորումների ձեռք բերման համար Հայաստանին կտրամադրի 3.7 մլն դոլար դրամաշնորհ

Ճապոնիան բժշկական սարքավորումների ձեռք բերման համար Հայաստանին 
կտրամադրի 3.7 մլն դոլար դրամաշնորհ

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում Ճապոնիայի դեսպան Ջուն Յամադան և ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը հունիսի 30-ին ստորագրել են հայտագրերի փոխանակում՝ «Տնտեսական և սոցիալական զարգացման ծրագիր» Ճապոնիայի դրամաշնորհային աջակցության համար: Հայտագրերի փոխանակումը Հայաստանի Հանրապետությանը ճապոնական բժշկական սարքավորումների տրամադրման համար է: Այս ծրագրի միջոցով Ճապոնիայի կառավարությունը չորս հարյուր միլիոն ճապոնական իեն (մոտ 3.7 միլիոն ԱՄՆ դոլար) կտրամադրի ճապոնական բժշկական սարքավորումների ձեռքբերման համար: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանում Ճապոնիայի դեսպանությունից։

«Սույն նախագիծը նպատակ ունի աջակցել Հայաստանին COVID-19 համաճարակի դեմ պայքարում՝ խթանելով միջինից երկարաժամկետ առողջապահական և բժշկական համակարգը: ՄՌՏ համակարգի վերջին սերունդը և այլ բժշկական սարքավորումները զգալիորեն կբարելավեն երկրում բժշկական սպասարկման ներկայիս մակարդակը՝ մեղմելով առողջության հետ կապված բազմաթիվ խնդիրներ և փրկելով մարդկանց կյանքերը:

Ինչպես բոլորս տեղյակ ենք, ներկայումս ամբողջ աշխարհը՝ ներառյալ Հայաստանը, պայքարում են COVID-19-ի լուրջ համաճարակի դեմ: Ճապոնիան, որպես Հայաստանի համար սերտ և բարեկամական գործընկեր, պատրաստ է աջակցել երկրին՝ հավասարակշռված և կայուն տնտեսական աճի հասնելու համար: Դա պետք է իրականացվի տարբեր հաստատությունների, ենթակառուցվածքների կատարելագործման և մարդկային ռեսուրսների զարգացման միջոցով, մասնավորապես բժշկական ոլորտում: Այս տեսակետից Ճապոնիան աջակցում է Հայաստանի առողջապահական և բժշկական հաստատություններին ինչպես Երևանում, այնպես էլ մարզերում: Բացի կառավարությունից-կառավարությանը ուղղված նման տեխնիկական օժանդակությունից և դրամաշնորհային օգնությունից, Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանի  աշխարհահռչակ ճապոնացի բժիշկ և պրոֆեսոր դոկտոր Աքիրա Իշիյաման շարունակում է իր ամենամյա այցը այս երկիր՝ հայ երեխաների համար կոխլեար իմպլանտացիայի իր անգնահատելի հմտությունները առաջարկելու համար:

Այս նոր նախագիծը մարմնավորում է Ճապոնիայի կայուն պատրաստակամությունը Հայաստանին սատարելու հարցում: Մեր եզակի և ուժեղ կապերը, որոնք երկու տարուց կտոնեն 30-ամյակը Հայաստանի անկախության վերականգնումից հետո, կրկին վկայելու են մեր համընդհանուր արժեքների, ինչպես նաև ավելի սերտ համագործակցելու մեր վճռականության մասին՝ այս աշխարհը բոլորի համար ավելի լավը դարձնելու համար:

Դեսպան Յամադան ասաց. «Ճապոնիայի կառավարության անունից ես կցանկանայի ընդգծել այս ծրագրի խիստ կարևորությունն ու արդիականությունը, մասնավորապես հաշվի առնելով Հայաստանում և աշխարհում COVID-19 համաճարակի ներկա իրավիճակը: Ես անկեղծորեն հույս ունեմ, որ ճապոնական նոր սարքավորումները կնպաստեն երկրում առողջապահական և բժշկական հաստատությունների կարողությունների զգալի բարելավմանը՝ այդպիսով ավելի շատ կյանքեր փրկելով և բարձրացնելով հայ ժողովրդի կենսամակարդակը»:

ՀՀ առողջապահության նախարար պարոն Արսեն Թորոսյանը նշեց. «Առողջապահության ոլորտում Հայաստանի և Ճապոնիայի միջև համագործակցությունը ներառում է լավագույն ավանդույթները: Մենք բարձր ենք գնահատում այն շարունակական օժանդակությունը, որը Ճապոնիայի կառավարությունը երկար տարիներ սիրով ցուցաբերել է Հայաստանին՝ առողջապահական կարողությունները բարձրացնելու համար: Վերջին 25 տարվա ընթացքում Ճապոնիայի կառավարության ֆինանսավորմամբ իրականացվել են մի շարք կարևոր ծրագրեր: Ճապոնական բարձր տեխնոլոգիական բժշկական սարքավորումները, մեքենաները և այլ բժշկական ապրանքներ վաղուց հայտնի են մեր երկրում:

Ներկայումս, երբ աշխարհը կանգնած է կորոնավիրուսի համաճարակի առջև, և մեր երկրում նույնպես դժվարին պայքար է ընթանում, մենք ևս մեկ անգամ երախտապարտ ենք Ճապոնիայի կառավարությանը՝ Հայաստանին 400 միլիոն ճապոնական իեն արժողությամբ թանկարժեք բժշկական սարքավորումների ձեռքբերման հնարավորություն ընձեռելու համար:

Համոզված լինելով, որ Ճապոնիայի կողմից տրամադրված ցանկացած սարքավորում կգտնի մեր ոլորտում ամենալավ և օգտակար կիրառումը՝ ես իմ անկեղծ երախտագիտությունն եմ հայտնում Ճապոնիայի ժողովրդին, կառավարությանը, մեր բոլոր ճապոնական գործընկերներին և ընկերներին` իրենց բոլոր ջանքերի համար, որոնք ուղղված են Հայաստանին առատաձեռն աջակցությանը համաճարակի դեմ պայքարում և դրանից դուրս»,- նշված է հաղորդագրության մեջ:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]