Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   13 Հուլիս

Վաշինգտոն-Թեհրան պայքարը լիբանանյան հողում․ Շահան Գանտահարյանի հոդվածը

Վաշինգտոն-Թեհրան պայքարը լիբանանյան հողում․ Շահան Գանտահարյանի հոդվածը

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Լիբանանում ԱՄՆ դեսպանը հերթական անգամ գնահատական է տվել ներլիբանանյան քաղաքական իրադարձություններին։ Իրավական դաշտ բերելու փորձ արվեց՝ միջազգային համաձայնագրերով եւ Վիեննայի պայմանագրությամբ ամրապնդված դիվանագիտական ընդունված կարգերի խախտման հերթական քայլը։ 

Զգացական հակազդեցություն կամ պատահականություն չպետք է համարել Լիբանանի քաղաքացու դատ հարուցելը եւ դատավորի կողմից այդ բողոքի ընթացակարգը որոշելը: Իրավաչափ է նման բողոքի դատական իրավակարգի որոշում կայացնելը: Խնդիրն ավելի կենտրոնանում է առավելաբար հարցի քաղաքական բնույթի եւ ընտրված ժամանակի վրա: 

Նուրբ ու դժվարին կացությունում էր հայտնվել գործող կառավարությունը: Մի կողմից դատական իշխանությունների անկախությունը երաշխավորելով, մյուս կողմից լրատվադաշտի վերաբերյալ դատավորի կայացրած որոշումը՝ երկրի սահմանադրական սկզբունքներին դեմ նկատելով, փորձում էր հավասարակշռված մոտեցում որդեգրել: 

Պարզ է ընկալվածը: Վաշինգտոնը Իրանի եւ իրանամետ կազմակերպության դեմ չեզոքացման համալիր գործողությունների պարունակում ճնշում է պաշտոնական Բեյրութի վրա` լիբանանյան հանրային կարծիքին  արդեն քանիերորդ անգամ հստակ ուղերձ հղելով։ Ուղերձն այն է, որ երկրի տնտեսական քաոսի պատասխանատուն Իրանի ազդեցության գոտի հանդիսացող կազմակերպությունն է: 

Տարածաշրջանում գլխավոր խաղացողների համար բեյրության թատերաբեմը ԱՄՆ-Իրան-Լիբանան եռանկյունով չի սահմանափակվում անշուշտ: Դիվանագիտական տեղեկատվական տագնապին անդրադառնալով` ՌԴ դեսպանը հանրային հնչեղություն էր տալիս Լիբանանի նկատմամբ Վաշինգտոնի կիրառած քաղաքականությունը բացահայտ սադրանք նկատելու իր երկրի դիրքորոշմանը։ 

Վաշինգտոն-Բեյրութ տեսքով, սակայն ըստ էության, Վաշինգտոն-Թեհրան դիվանագիտական- տեղեկատվական հակամարտությունում Մոսկվայի ներքաշվելը որոշ եզրագծեր չի հատում։ Ավելին քան դեսպանի հայտարարություն է, չի արձանագրվում: 

Տարածաշրջանային մակարդակով երանգային տարբերություններ են նախանշվում: Իրաքում Անկարան եւ Թեհրանը միաժամանակ հարվածում են քրդական զինյալ հենակետերին: Այն հենակետերին, որոնք իբրեւ ռազմակայան ստացել  են ամերիկյան զինական  օժանդակություն: Մինչդեռ, Անկարան հանկարծակիորեն հայտարարում է,  որ Իդլիբում պիտի վերաձեռնարկի ռազմական գործողություններ:

Ռազմական գործողությունների անմիջական հաջորդականությունը նկատի ունենալով` այստեղ նախանշվում է Թեհրան-Անկարա համաձայնությունը: Իրանի սահմանամերձ իրաքյան տարածքներում քրդական հենակետեր չեզոքացնել, ապա Թուրքիայի սահմանամերձ սիրիական տարածքներում դարձյալ քրդական զինյալ գործոնին հարվածել: Իհարկե քրդական գործոնը միակ հանգամանքը չէ, որտեղ չեն համատեղվում այլեւս ռուսական եւ թուրքական շահերը: Իսկ այստեղ արդեն քրդական զինյալ գործոնը արմատապես չեզոքացնելու առաջադրանք չունեն թե՛ Վաշինգտոնը եւ թե՛ Մոսկվան։

Վերադառնանք Բեյրութ եւ նկատենք, որ դիվանագիտական-տեղեկատվական մարտադաշտում երեւում են ամերիկացի դեսպանն ու դեսպանի  հայտարարությունների մասին լրատվություն թողարկելն արգելող դատավորը: Քաղաքական տրամաբանությունը հուշում է, որ լիբանանյան լրատվամիջոցները կշարունակեն լուսաբանել ներլիբանանյան գնահատականներ տվող ամերիկացի դեսպանի ասուլիսներն ու հարցազրույցները։ Իրողապես կչեղարկվի դատավորի որոշումը։ Մամուլի ազատության օրենքը այսպիսով կհարգվի։ Կխախտվի՝ միջազգային իրավաչափությունները օտարերկրյա դեսպաններին ներքաղաքական խնդիրներին չմիջամտելու առումով։ Գեթ բացահայտ։ Մինչ, լիբանանյան հողում կշարունակվի Վաշինգտոն-Թեհրան պայքարը, առայժմ դիւանագիտական, տեղեկատվական, բայց մանավանդ տնտեսական տեսքով։

Շահան Գանտահարյան





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ