Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Նոր կտավներ և ցուցահանդես. Կարեն Աղամյանը ձգտում է ճգնաժամային օրերն օգտագործել hօգուտ արվեստի

Նոր կտավներ և ցուցահանդես. Կարեն Աղամյանը ձգտում է ճգնաժամային օրերն 
օգտագործել hօգուտ արվեստի

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ նկարիչ Կարեն Աղամյանը մեկուսացման օրերից ի վեր ժամանակն օգտագործել է նոր կտավներ ստեղծելու, նոր գաղափարներ իրականացնելու, ինչպես նաև միջազգային առցանց ցուցահանդեսի մասնակցելու համար: Արվեստագետը կարծում է, որ ժամանակները ճգնաժամային են, բայց աշխատել է պետք:

«Ստեղծված իրավիճակը յուրաքանչյուրիս վրա կարող է տարբեր կերպ ազդել: Այս ընթացքում հաճախ եմ հաղորդակցվում իմ գործընկերների հետ և նկատում եմ, որ նրանցից շատերը հուսահատված են, ասես ոչինչ չեն կարողանում նախաձեռնել այս ընթացքում: Նկարիչների մի մասը ֆինանսական առումով է ծանր վիճակում հայտնվել, քանի որ չի կարողանում վաճառել կտավները, և ես ափսոսում եմ դրա համար: Ճգնաժամային իրավիճակը համեմատաբար թեթև են հաղթահարում  այն  նկարիչները, որոնք կայուն աշխատանք ունեն»,-«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասաց Աղամյանը:

Նրա խոսքով՝ կան նկարիչներ, որոնք վստահ են՝ այս ժամանակը կարելի է օգտագործել ի նպաստ արվեստի: Աղամյանն իրեն այդպիսի նկարիչների շարքն է դասում, սակայն խոստովանում է, որ հատկապես ակտիվ էր աշխատում մեկուսացման սկզբնական շրջանում: Վերջերս  աշխատանքային տեմպը մի քիչ թուլացել է, բայց հույս ունի, որ դա ժամանակավոր է:

Կարեն Աղամյանը կորոնավիրուսի տարածման ընթացքում նոր կտավներ է ստեղծել և ավարտել է մի քանի կիսատ թողած գործեր: «Այդ կտավների վրա աշխատելիս կարողացա դրանցում նոր խոսք գտնել: Ունեմ կտավներ, որոնք ազգային, պատմական թեմաներ են շոշափում, բայց այս օրերին վերացական գործեր են ծնվել, որոնք ներկայացնում են մեր կյանքի գեղեցիկ կողմը և այս օրերի ընկճվածությունը»,-նշեց նկարիչն ու հավելեց, որ այս օրերին մասնակցել է միջազգային առցանց ցուցահանդեսի (International Online Art Exhibition 2020)՝ ներկայացնելով երկու կտավ, որոնցից «Երկխոսություն առանց բառերի» ստեղծագործությունը տարածում է գտել վիրտուալ տիրույթում: Ցուցահանդեսին մասնակցելու առաջարկը ստացել է իր ծանոթ նկարիչներից մեկից՝ Հնդկաստանում ապրող հայտնի մի պրոֆեսորից,  որի հետ միջազգային պլեների է մասնակցել Շանհայում: Ցուցահանդեսին մասնակցում է 29 նկարիչ ԱՄՆ-ից, Հնդկաստանից, Վրաստանից, Լեհաստանից, Չեխիայից և մի շարք այլ երկրներից:

Անդրադառնալով պլեներներին՝ Աղամյանն ասաց, որ պլեներների ժամանակ նկարիչների համար շատ հետաքրքիր միջավայր է ստեղծվում. այն փորձի փոխանակման հրաշալի հարթակ է դառնում, և ստեղծագործողներին երբեմն զարմացնում են միմյանց գործերը, երբեմն՝ հիասթափեցնում: «Ես հաճախ չէ, որ մասնակցում եմ պլեներների, բայց մասնակցելիս նկատել եմ, որ որոշ նկարիչներ ասես նկարելը մոռացել են: Համացանցից ընտրում են ինչ-որ լուսանկար ու այն են պատկերում: Կան նկարիչներ, որոնք հրաշալի գաղափարներ ունեն և հիացնում են: Երբ տեսնում ես պատրաստի կտավը, այլ կերպ ես այն ընկալում, իսկ երբ տեսնում ես աշխատանքային գործընթացը՝ այլ»,- ընդգծեց Աղամյանն ու հույս հայտնեց շուտով հանդիպել կենդանի ցուցահանդեսների շրջանակում:

Անժելա Համբարձումյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]