Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   9 Հուլիս

Մեր պետության քայլերը խուճապ են առաջացնում Ադրբեջանի նախագահի մոտ. Մակունցն արձագանքել է Ալիևին

Մեր պետության քայլերը խուճապ են առաջացնում Ադրբեջանի նախագահի մոտ. 
Մակունցն արձագանքել է Ալիևին

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությանը` նշելով, որ բռնապետ Ալիևն իր վերջին ելույթում ՀՀ լեգիտիմ ձևավորված իշխանության մասին խոսելիս իրեն թույլ է տվել հնչեցնել որակումներ և գնահատականներ, որոնք հարիր են բացառապես իր իշխանությանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Մակունցը գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում:

«Նախ, Ալիևը մոռացության է տալիս, որ ինքը հաղթանակած և Արցախում սեփական հայրենակիցների ազատ ապրելու իրավունքը միասնաբար պաշտպանած պետության մասին է խոսում։ Երկրորդ, մեր պետության ներսում ժողովրդավարությունն ամրապնդելու և բյուրեղացնելու ճանապարհին մենք կարող ենք ունենալ տարբեր մոտեցումներ քաղաքական տարբեր ուժերի հետ, ընդհուպ մինչև ամբողջությամբ չհամընկնող և հակասող մոտեցումներ, սակայն մի անգամ չէ, որ ապացուցել ենք, որ մեր ժողովրդի և հայրենիքի անվտանգությունը և ապրելու իրավունքը պաշտպանելու ճանապարհին չունենք արգելակներ և հանդես ենք գալիս միասնական ճակատով»,- գրել է Լիլիթ Մակունցը:

Մակունցը նշել է, որ սեփական ժողովրդի հետ ուղղակի հաղորդակցումից խուսափող Ալիևը փորձում է իր բռնապետությունը արդարացնելու նպատակով ապատեղեկատվության հիման վրա նսեմացնել իրական ժողովրդավարության դերն ու նշանակությունը, ինչը, վստահաբար, չի վրիպում Ադրբեջանում Ալիևին քննադատող հասարակության որոշակի շրջանի, ինչպես նաև միջազգային հանրության ուշադրությունից։

«Այս քայլով Ալիևը ի ցույց է դնում ժողովրդավարական պրոցեսների նկատմամբ իր բոլոր վախերը։ Փաստացի, Ալիևի ելույթից կարելի է հանգել այն եզրակացության, որ անվտանգությանը, բանակի հզորացմանը և ժողովրդավարության ամրապնդմանը միտված մեր պետության քայլերը խորը անհանգստություն և խուճապ են առաջացնում Ադրբեջանի նախագահի մոտ, որից նա պետք է հստակ գիտակցի, որ խաղաղությանն այլընտրանք չկա, իսկ Ադրբեջանի կողմից ցանկացած ոտնձգություն և սադրանք արժանանալու է ավելի քան համարժեք հակահարվածի»,- նշել է խմբակցության ղեկավարը:

 





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ