Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Պաղեստինյան տարածքների բռնակցման գործընթացի իրավիճակային և ժամանակային առանձնահատկությունները

Պաղեստինյան տարածքների բռնակցման գործընթացի իրավիճակային և ժամանակային 
առանձնահատկությունները

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Մերձավորարևելյան տարածաշրջանի բազմաբնույթ խնդիրները կարող են ավելանալ ևս մեկով, որը սպառնում է էականորեն վնասել և վտանգել ինչպես միջազգային իրավունքի, այնպես էլ տարածաշրջանի՝ առանց այն էլ խիստ երերուն անվտանգային համակարգերը: Իսրայել պետության կողմից պաղեստինյան տարածքների հնարավոր բռնակցման գործընթացը և դրանից բխող մարտահրավերներն այս օրերին տարածաշրջանին առնչվող թիվ մեկ թեման է:

Զուգահեռաբար, ավելի քան 500-օրյա ներքաղաքական ճգնաժամից հետո մեծ դժվարությամբ Իսրայելում ձևավորված կոալիցիոն կառավարությունը, որի գործունեության 1 ամիսն է հազիվ լրացել, կանգնած է նոր հանգուցային խնդրի առջև։ Մեծ ջանքերի արդյունքում կառավարման ղեկը պահպանած այդ երկրի պատմության «ամենաերկարակյաց» վարչապետ Բենյամին Նեթանյահուն, համաձայն նախընտրական խոստման, հայտարարել է հուլիսի սկզբին դե-յուրե Պաղեստինյան ինքնավարության իրավասության ներքո գտնվող Հորդանան գետի հովիտը և Արևմտյան ափի հրեական բնակավայրերն Իսրայել պետությանը բռնակցելու մասին։ Նաև COVID-19-ի համավարակով պայմանավորված համաշխարհային բազմաշերտ ճգնաժամի պայմաններում Նեթանյահուի կողմից նման գործընթացի նախաձեռնման ժամանակահատվածի ընտրությունը պատահական չէ։ Անկախ դրա արդյունքից, այն ներկայում և՛ ներքին, և՛ արտաքին մի շարք գործոններով պայմանավորված որոշում է, որով Իսրայելի վարչապետն ու նրա գլխավորած «Լիքուդ» կուսակցությունը միաժամանակ մի քանի խնդիր են փորձում լուծել։ Եվ չնայած նշված գործընթացը մասնակիորեն համապատասխանում է իսրայելա-պաղեստինյան հիմնախնդրի կարգավորմանը միտված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի ներկայացրած ծրագրին՝ «դարի գործարքին», այդուհանդերձ, հաշվի առնելով նաև ամերիկյան ծրագրի առնչությամբ համընդհանուր բացասական ընկալումները, կարող է հանգեցնել բավականաչափ պայթյունավտանգ զարգացումների ինչպես հենց Իսրայելի ներսում, այնպես էլ ամբողջ տարածաշրջանում:

  • Ներքաղաքական դրդապատճառները

Դեռևս ս․թ․ մարտի 2-ին Իսրայելում 1 տարվա ընթացքում տեղի ունեցած երրորդ արտահերթ խորհրդարանական ընտրություններում, չնայած արձանագրած հաղթանակին, «Լիքուդին» և աջ-կրոնական ուժերի ճամբարին այդպես էլ չհաջողվեց խորհրդարանում պարզ մեծամասնություն (ընդհանուր 120 մանդատից ստացան միայն 58-ը), հետևաբար նաև՝ կառավարություն ձևավորել։ Նորընտիր Քնեսեթի պատգամավորների մեծամասնությունը վարչապետի պաշտոնում երաշխավորեցին ընդդիմադիր ձախակենտրոն «Քահոլ Լավան» դաշինքի առաջնորդ Բենի Գանցի թեկնածությունը։ Մինչդեռ ինքնուրույն կառավառարություն ձևավորելու Գանցի շանսերը ևս խիստ երերուն էին, քանի որ նա չէր կարող հաջողել առանց «Միացյալ արաբական ցուցակի» աջակցության, որին կտրականապես դեմ էին ինչպես դաշնակից ձախակողմյան ուժերի որոշ ներկայացուցիչներ, այնպես էլ իսրայելական հասարակության մի ստվար զանգված։

Հետևաբար, երկու առաջատար դաշինքներին մնում էր գործողության 3 ճանապարհ՝ կա՛մ ազգային համաձայնության կառավարություն ձևավորել, կա՛մ աշխատել հակառակորդ ճամբարի տրոհման ուղղությամբ, կա՛մ էլ գնալ հերթական՝ չորրորդ արտահերթ ընտրությունների։ Հետընտրական շրջանի առաջին փուլում նշված առաջին տարբերակն անիրատեսական էր, քանի որ մրցակից առաջնորդներից յուրաքանչյուրը ձգտում էր ինքը գլխավորել կոալիցիոն կառավարություն, ինչպես նաև նրանց մեջ առկա էր խորն անձնական թշնամանք։

Վերոնշյալի համատեքստում փակուղային ներքաղաքական ճգնաժամի հանգուցալուծմանը նպաստեց COVID-19-ով պայմանավորված առողջապահական ճգնաժամը․ ըստ էության, կորոնավիրուսն արեց անհնարինը։ «Կորոնակրատիա»՝ հետընտրական շրջանում այդպես էր բնորոշվում Իսրայելում իրականացվող պետական կառավարումը։ Շատ ավելի փորձառու և թրծված Նեթանյահուն կարողացավ հմտորեն օգտագործել կորոնավիրուսի համավարակի հետևանքով երկրում ստեղծված իրավիճակը՝ արհեստականորեն հնարավորինս ուռճացնելով առողջապահական մարտահրավերները և հասարակության շրջանում «դավաճանի» որակում կարգելով այն գործչի վրա, որի անզիջում վարքի պատճառով երկիրը կգնա նոր արտահերթ ընտրությունների։

Նման բարդագույն պայմաններում աշխատեց վերոնշյալ հնարավոր գործողությունների երկրորդ սցենարը․ ընկրկեց կառավարության ձևավորման մանդատը ստացած Բ․ Գանցը՝ գաղտնի բանակցություններում համաձայնության գալով Նեթանյահուի հետ։ Ինչպես և սպասվում էր, երկկողմ պայմանավորվածությունը ճակատագրական դարձավ Գանցի համար՝ պատճառ դառնալով նրա գլխավորած բավականաչափ ազդեցիկ քաղաքական դաշինքի տրոհման և ձախակենտրոն ուժերի վարկանիշի կտրուկ անկման։ Զարգացումների անձնային հարթությունում էլ առավել կայուն թիմ և սկզբունքներ ունեցող Նեթանյահուն հերթական անգամ կարողացավ փառահեղ հաղթանակ արձանագրել։ Իսկ Գանցը, ըստ էության, վերածվում է «քաղաքական դիակի»՝ գուցե նաև հանուն պետության ու ժողովրդի զոհաբերելով դաշնակիցներից ու գաղափարակիցներից շատերին, իր սկզբունքներն ու նախկին դիրքորոշումը, որոնց անմիջական արդյունքն էր նրա քաղաքական վերելքը։

Մայիսի 17-ին Իսրայելում տևական սակարկություններից և ինտրիգներից հետո վերջապես ռոտացիոն սկզբունքով նոր կոալիցիոն կառավարություն ձևավորվեց՝ Բ․ Նեթանյահուի գլխավորությամբ։ Ըստ կոալիցիոն համաձայնագրի՝ վարչապետի պաշտոնը ռոտացիոն է, 18 ամսից այն անցնելու է Նեթանյահուի գլխավոր կոալիցիոն գործընկեր Բ․ Գանցին, ով ներկայում զբաղեցնում է ՊՆ-ի և փոխվարչապետի կամ «այլընտրանքային վարչապետի» պաշտոնները։

Միաժամանակ հարկ է նշել, որ 35-րդ կառավարության գլխավոր առանձնահատկությունը նրա բավականաչափ ուռճացված կազմն է՝ 34-36 նախարարական պաշտոն՝ դարձյալ աննախադեպ Իսրայելի պատմության ողջ ընթացքում նաև կորոնավիրուսային բազմաշերտ ճգնաժամի պայմաններում։

Մինչդեռ աննախադեպ երևույթներն այդքանով չեն սահմանափակվում։ Մայիսի 24-ին Իսրայելի պատմության ընթացքում առաջին անգամ Երուսաղեմի շրջանային դատարանում սկսվեց երկրի գործող վարչապետի դեմ դատավարությունը՝ միաժամանակ 3 քրեական գործով՝ կաշառակերության, խարդախության և հանրային վստահության չարաշահման մեղադրանքներով։ Ի դեպ, նաև այս՝ նեղ անձնային իրողությունն էր Իսրայելի տևական ներքաղաքական ճգնաժամի հիմքում։
Իսկ վարչապետի պաշտոնը, ըստ էության, տևական ժամանակ ապահովագրել էր Նեթանյահուին՝ քրեական հետապնդումից խուսափելու համար։

Վերոնշյալ իրավիճակային բավականաչափ երերուն պայմաններում և երկրում ստեղծված բազմաշերտ ճգնաժամի դեպքում, երբ էականորեն սահմանափակվել են նաև Նեթանյահուի մանևրելու հնարավորությունները, Իսրայելի վարչապետին անհրաժեշտ է ազատվել «կոալիցիոն շղթաներից»՝ անգամ նոր ընտրությունների գնով: Եվ քանի որ կոալիցիոն հուշագիրը, ըստ էության, չեզոքացնում է բոլոր խութերը, որոնք կարող է օգտագործել Նեթանյահուն վարչապետի պաշտոնը Գանցին չզիջելու համար, միակ իրական եղանակը հենց պաղեստինյան տարածքների անեքսիայի հիմքով քաղաքական ճգնաժամի հրահրումն ու նոր արտահերթ ընտրությունների գնալն է: Իսկ նման սցենարը կարող է աշխատել բացառապես կոալիցիայի ձևավորմանը հաջորդած 6 ամիսների ընթացում, երբ կառավարությունը գործում է «ազգային միասնության արտակարգ» իրավական ռեժիմում։ Ցանկացած այլ պարագայում կառավարության հրաժարականի դեպքում վարչապետի պաշտոնը կանցնի Գանցին։ Ի դեպ, ձախակենտրոն ճամբարի տրոհումից հետո անցկացված բոլոր սոցհարցումները կանխատեսում են Նեթանյահուի գլխավորությամբ աջ-կրոնական ուժերի վստահ հաղթանակ: Եվ բացի նշվածից, անկախ հետագա քաղաքական զարգացումներից, նման քայլով Նեթանյահուն նաև առնվազն իր համար անձնական խնդիր է փորձում լուծել՝ պաղեստինյան տարածքների բռնակցմամբ մնալ երկրի պատմության մեջ որպես Իսրայել պետության սահմաններն ընդլայնած առաջնորդ:

Բայց և այնպես, հարկ է նշել, որ փոխվարչապետ Գանցը և նրա գլխավորած թիմը ևս պատկերացնում են Նեթանյահուի նախաձեռնած «խաղի» իրական նպատակները: Եվ, եթե նախկինում խուսափում էր պաղեստինյան տարածքների բռնակցմանը հրապարակային կողմ դիրքորոշում հայտնելուց, ապա վերջին օրերին զգուշավոր կերպով բարձրաձայնում է գործընթացին իր համաձայնության մասին:

  • Արտաքին քաղաքական դրդապատճառները

Վերը նկարագրված իրավիճակի գլխավոր նրբությունն այն է, որ պաղեստինյան տարածքների բռնակցման գործընթացի իրականացման հիմքում, ինչպես արդեն նշվել է, իսրայելա-պաղեստինյան հակամարտության կարգավորման ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի հրապարակած «դարի գործարքի» առանձին դրույթներն են։ Այսինքն՝ իսրայելական իշխանությունների նախաձեռնած գործընթացը միակողմանի է, այն չի ենթադրում տարածքների փոխանակում և անկախ Պաղեստին պետության ստեղծում։

Ամերիկյան ծրագրի վերաբերյալ ինչպես հիմնական շահառու պաղեստինյան և արաբական դերակատարների, այնպես էլ միջազգային հանրության գերակշիռ մեծամասնության դիրքորոշումը խիստ բացասական է: Ավելին, դրանից հրաժարվելու մասին էին հայտարարել նաև ԱՄՆ-ում նախագահական մրցապայքարում Թրամփի հիմնական մրցակից դեմոկրատ թեկնածուները: Հետևաբար, բացարձակ իսրայելամետ «դարի գործարքի» իրացումը հնարավոր է բացառապես ԱՄՆ-ում Թրամփի թիմի հետագա պաշտոնավարման պայմաններում, քանի որ այս ողջ գործընացի ճարտարապետը ԱՄՆ նախագահի փեսա և ավագ խորհրդական ազգությամբ հրեա Ջարեդ Քուշներն է։

Իսկ կորոնավիուսային ճգնաժամի, ինչպեսնաև ռասայական խտրականության դեմ իրականացվող պայքարի հետևանքով ԱՄՆ-ում չդադարող բողոքի զանգվածային գործողությունները լրջորեն սրել են ներքաղաքական իրավիճակն այդ երկրում։ Նաև դրանց ազդեցությամբ էականորեն նվազել են նախագահի պաշտոնում Թրամփի վերընտրման հնարավորությունները։ Հետևաբար, նաև դրանով է պայմանավորված Նեթանյահուի հապճեպ քայլերը բռնակցման ուղղությամբ։ Այսինքն՝ չգնալ հավելյալ ռիսկի՝ խաղադրույք կատարելով Թրամփի հնարավոր պաշտոնավարման երկրորդ ժամկետի վրա, այլ գործընթացն ավարտին հասցնել մինչև այս տարեվերջ:

Մյուս կողմից Իսրայելի իշխանությունների նման քայլերը կարող են հանգեցնել նաև լուրջ միջազգային ճգնաժամի ինչպես տարածաշրջանում, այնպես էլ դրանից դուրս։ Մասնավորապես, արդեն իսկ հայտնի է, որ պաղեստինյան կողմը, ի պատասխան, հայտարարել է Իսրայելի հետ Օսլոյի գործընթացից և բոլոր համաձայնագրերից դուրս գալու և 1967 թ. սահմաններով անկախ պետություն ստեղծելու մասին։ Իսկ Գազայի հատվածը վերահսկող պաղեստինյան «Համաս» խմբավորումը խոստացել է երրորդ «ինթիֆադան»(ապստամբություն) սկսել։ Իսրայելի հետ հաշտության պայմանագրերի չեղարկման հնարավորություն կա նաև Հորդանանի և Եգիպտոսի կողմից, որոնք Թել Ավիվի հետ պաշտոնական հարաբերություններ ունեցող բացառիկ արաբական երկրներ են։ Իսրայելական իշխանությունների մտադրությունը խստագույնս քննադատել են ՄԱԿ-ի, ԱՊԼ-ի, ԵՄ-ի ղեկավարները։

Եվրոպական հիմնական դերակատարները քննարկում ենԻսրայելի հանդեպ պատժամիջոցների, ասոցացման համաձայնագրի սառեցման, որոշ հետազոտական ծրագրերի չեղարկման, ինչպես նաև՝Արևմտյան ափում ևԳազայի հատվածում Պաղեստին պետությանճանաչման հնարավորությունը։

Վերոնշյալի համատեքստումկրկին ակտիվացել են ամերիկա-իսրայելական ստվերային բանակցությունները՝ բռնակցման գործընթացի ժամկետների մասով առաջիկայում թեմայի առնչությամբ հայտարարությամբ հանդես կգա ԱՄՆ նախագահը։Կասկածից վեր է, որ պաղեստինյան տարածքների անեքսիային ԱՄՆ իշխանությունների բացարձակ աջակցությունը միանշանակորեն բարձրացնելու է հակաամերիկյան նոր ալիք ինչպես արաբական, մուսուլմանական երկրներում, այնպես էլ այլ տարածաշրջաններում: Իսկ դա նշանակում է նախընտրական շրջանում ներքին խնդիրներին զուգահեռ նաև արտաքին քաղաքականության մասով լուրջ քննադատություններ Դ.Թրամփի հասցեին: Հետևաբար, չի բացառվում, որ ստվերային բանակցություններում ամերիկյան կողմը կփորձի համոզել իսրայելական իշխանություններին՝ առժամանակ հետաձգել բռնակցման գործողությունը:

Ամփոփելով՝ կարելի է կանխատեսել, որ բավականաչափ ուշագրավ, նաև վտանգավոր զարգացումներ են ակնկալվում Մերձավոր Արևելքում, երբ մի քանի քաղաքական դերակատարներինաև անձնական ամբիցիաները կարող են անկանխատեսելի հետևանքներով նոր լարվածություն առաջացնել տարածաշրջանում և ոչ միայն:

Արմեն Պետրոսյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]