Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Լիբանանում Թուրքիայի ներգրավվածության աճը նոր մարտահրավեր է լիբանանահայության համար

Լիբանանում Թուրքիայի ներգրավվածության աճը նոր մարտահրավեր է 
լիբանանահայության համար

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Լիբանանում հունիսի կեսին թուրքամետ շրջանակների կողմից իրականացված հակակայկական գործողությունները վտանգավոր սադրանք են քաղաքական և տնտեսական լրջագույն ճգնաժամի մեջ գտնվող Լիբանանի բազմակոնֆեսիոնալ պետական համակարգի համար, որի մաս է կազմում հայ համայնքը։ Միևնույն ժամանակ, այս միջադեպը հարցեր է առաջացնում Լիբանանում Թուրքիայի քաղաքական և տնտեսական ներգրավվածության մասին։

Թուրքիան հետևողականորեն ամրապնդում է իր դիրքերը Լիբանանում՝ օգտագործելով «փափուկ ուժի» գործիքները:

Լիբանանում ազգությամբ թուրքերի քանակը ոչ պաշտոնական տվյալների համաձայն 50-80 հազար է, որոնց մեծ մասը կենտրոնացած է Լիբանանի մեծությամբ երկրորդ քաղաքում՝ Տրիպոլիում։ Թուրքական լրատվամիջոցների համաձայն՝ Լիբանանում նաև 120-150 հազար փախստական թուրքմեններ կան, որոնք վերջին տարիներին Լիբանան են գաղթել Սիրիայից։ Նրանց մեծ մասն ապրում է մայրաքաղաք Բեյրութում։

Ավանդաբար թուրքական համայնքը Լիբանանում քաղաքական ակտիվություն չի դրսևորել։ Իր հերթին, պաշտոնական Անկարան, օբյեկտիվ պատճառներից ելնելով (լիբանանյան քաղաքացիական պատերազմի (1975-1990) հետևանքով առաջացած տնտեսական ճգնաժամ, Լիբանանում Դամասկոսի ազդեցիկ ներկայություն, տարածաշրջանային և միջազգային խոշոր դերակատարների (Սաուդյան Արաբիա, Կատար, Իրան, Սիրիա, Ֆրանսիան, ԱՄՆ, Եգիպտոս) ներգրավվածություն, Լիբանանում շիական Հիզբոլլահ խմբավորման գործունեություն, Լիբանանում պատմականորեն ազդեցիկ և քաղաքականապես ակտիվ հայ համայնքի գոյություն և այլն), նախկինում երբեք ակտիվ քայլեր չի ձեռնարկել Լիբանանում իր դիրքերն ամրապնդելու ուղղությամբ։

Վերջին 15 տարիներին, սակայն, իրավիճակը կտրուկ փոխվել է։ Հաշվի առնելով վերոնշյալ խոչընդոտների առկայությունը՝ Թուրքիան Լիբանանում իր դիրքերն ամրապնդելու համար օգտագործում է «փափուկ ուժի» գործիքները՝ հենվելով գերազանցապես թուրքմենների և սուննի համայնքի վրա (մարոնիների, շիաների, դրուզների և այլ քրիստոնեական համայնքների շրջանում Թուրքիային դեռևս չի հաջողվում գործընկերներ գտնել)։ Ընդ որում, Անկարան հիմնական շեշտը դնում է սուննիներով և թուրքմեններով բնակեցված շրջաններում սոցիալական, տնտեսական և մշակութային օգնության ծրագրերի իրականացման և ՀԿ-ների, բարեգործական և հումանիտար կազմակերպությունների հետ ակտիվ համագործակցության և վերջիններիս նպատակային ուղղորդման վրա (ոչ պաշտոնական տվյալների համաձայն՝ Թուրքիան Լիբանանում 22 հազար սոցիալական, բարեգործական և այլ միություններ ունի)։

Հատկանշական է, որ լիբանանցի թուրքերը կամ թուրքմենները, օգտվելով  Անկարայի անթաքույց աջակցությունից, վերջին տարիներին նաև քաղաքական հավակնություններ են ներկայացնում՝ պահանջելով մասնակցություն Լիբանանի կառավարությունում։

Անկարան, որի արտաքին քաղաքականության համատեքստում Մերձավոր Արևելքը վերջին տասնամյակում առանձնահատուկ կարևորություն է ստացել, զգալի ջանքեր է գործադրում նաև ռազմավարական կարևորություն ունեցող մերձավորարևելյան այս երկրի հետ երկկողմ հարաբերությունների զարգացման ուղղությամբ։ Եվ չնայած առկա խոչընդոտներին՝ պետք է արձանագրել, որ Թուրքիա-Լիբանան հարաբերությունները վերջին 15 տարիների ընթացքում, այնուամենայնիվ,  էական առաջընթաց են գրանցել։

Լիբանանում Թուրքիայի ակտիվացումը նոր մարտահրավեր է լիբանանահայության համար:

Բնականաբար, Թուրքիայի այս քաղաքականությունն առանձնահատուկ վտանգ է  ներկայացնում ինչպես տեղի, այնպես էլ ողջ մերձավորարևելյան տարածաշրջանի հայ համայնքների համար, որոնք առանց այն էլ մեծապես տուժել են 2010 թվականից Մերձավոր Արևելքում շարունակվող հակամարտությունների և տնտեսական ճգնաժամերի հետևանքով։ Առավել քան կանխատեսելի է, որ Լիբանանում թուրքական գործոնի ակտիվացմանը զուգահեռ աճելու է հայ համայնքի թիրախավորումը թուրքամետ ուժերի կողմից։

Այս տեսանկյունից հատկանշական է, որ Լիբանանում հայ քաղաքական երեք կուսակցություններ՝ ՍԴՀԿ-ն, ՀՅԴ-ն և ՌԱԿ-ը, համատեղ հայտարարություն են տարածել միջադեպի վերաբերյալ՝ ընդգծելով, որ կրոնական, էթնիկ, ռասայական խտրականություն ու ատելություն պարունակող որևէ խոսք սպառնալիք է ներկայացնում Լիբանանի ներքին կայունության համար։ Եվ կարելի է ակնկալել, որ Լիբանանի կառավարությունը և հանրությունը, ոչ միայն լիբանանահայությունը, առաջիկայում խստորեն հակազդելու են նման ցանկացած դրսևորման։

 Միևնույն ժամանակ, հետագա զարգացումներին հետևելու և իրավիճակը վերահսկելու  նպատակով Լիբանանում ՀՀ դեսպանությունը մշտական կապի մեջ է ինչպես համայնքային կառույցների, այնպես էլ լիբանանյան իշխանությունների հետ։ ՀՀ իշխանությունների ուշադրության կենտրոնում է նաև լիբանանահայերի սոցիալ-տնտեսական իրավիճակը, որը բավական ճգնաժամային է։ Ներկայումս քննարկվում են գործիքներ, որոնք հնարավորություն կտան արձագանքել այս խնդիրներին։

 

Արփինե Հովսեփյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]