1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Ադրբեջանը պետք է արժանիորեն դատապարտվի․ փախստականների հիմնախնդիրները չպետք է դուրս մնան տեսադաշտից

Ադրբեջանը պետք է արժանիորեն դատապարտվի․ փախստականների հիմնախնդիրները 
չպետք է դուրս մնան տեսադաշտից

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ադրբեջանի կողմից 1918-ից ի վեր իրականացվել է ցեղասպանական բնույթի հակահայկական հանցագործությունների մի ամբողջ շարք։ Դա Բաքուն կատարեց՝ աչքի առաջ ունենալով «հիանալի» ու անպատիժ մնացած օրինակ՝ ի դեմս օսմանյան Թուրքիայում իրականացված հայերի զանգվածային բնաջնջումների։ Ստիպված ենք փաստել, որ տասնամյակներ շարունակ համաշխարհային հանրությունը, ՄԱԿ-ը, ԵԱՀԿ-ն եւ այլ միջազգային կառույցներ պատշաճ ուշադրություն չեն դարձնում այդ հանցագործություններին, որոնք, ի թիվս այլ հիմնախնդիրների, հանգեցրեցին նաեւ հայ փախստականների մի քանի ալիքների։

Ճիշտ է, 2019 թ. մարտին ՄԱԿ-ը դիմել է Թուրքիայի իշխանություններին՝ 100 տարի առաջ գաղթական դարձած հայերի ճակատագրի վերաբերյալ պարզաբանումներ տալու պահանջով։ Սակայն դա, կարծում ենք, չափազանց ուշացած ու էպիզոդիկ ուշադրություն է։ Մինչդեռ հիմնահարցը համալիր է, այն սերտորեն կապված է միջազգային իրավական նորմերի եւ տարածաշրջանի ավտոխտոն (անդրենածին) ժողովուրդներից շատերի  իրավունքների բազմաթիվ կոպիտ խախտումների հետ։ Եվ այդ հիմնախնդիրն արմատապես այլ լուծում է պահանջում։

Սոցիոլոգիական եւ քաղաքագիտական նախաձեռնությունների «Խաչմերուկ» (Crossroad) հասարակական կազմակերպությունը մի շարք գործընկերների հետ համատեղ նախաձեռնել է Փախստականների հարցերով միջազգային համակարգող կոմիտեի (ICCR) ստեղծումը։ Կազմակերպության կազմկոմիտեում ընդգրկվել է 13 հասարակական կազմակերպություն, 23 հասարակական գործիչ ու փորձագետ աշխարհի 7 երկրից։ Մասնավորապես, վերոհիշյալ «Խաչմերուկի» հետ մեկտեղ, նորաստեղծ կազմակերպության կազմկոմիտեի անդամներից են՝ Ադրբեջանի ԽՍՀ-ից փախստականների համագումարը, «Քաղաքական հետազոտությունների ակադեմիա» ՀԿ-ն, իրավական աջակցության ռուս-հայկական ոչ պետական կենտրոնը, իրավաբան Աշոտ Շախսուվարյանը (բոլորը՝ Հայաստան), հասարակական հետազոտությունների երիտասարդական կենտրոնը, ԼՂՀ-ի փախստականների միությունը, պրոֆեսոր Գ. Գաբրիելյանցի անվան երկրաբանության պետական թանգարանի տնօրեն Սարո Սարյանը (բոլորը՝ Արցախ), «Ռուս-հայկական ռազմավարական եւ հասարակական կազմակերպությունների սատարման կենտրոն» տարածաշրջանային ՀԿ-ն, «ԱՌՄՌՈՍ» իրավաբանների ռուս-հայկական ասոցիացիան, «Արարատ» հայ մշակութային լուսավորչական միությունը, քաղաքագետ Գեւորգ Գաբրիելյանը (բոլորը՝ ՌԴ), «Կանադայի գլոբալ մարդասիրական նախաձեռնություններ» կազմակերպությունը (Կանադա), բանաստեղծ, ԱՄՆ-ի Հայ գրողների միության անդամ Նելլի Ավակովան (ԱՄՆ), լոբբիստ եւ բլոգեր Կարեն Արեւյանը (Մեծ Բրիտանիա)։

Ընթացիկ տարվա հունիսի 20-ին՝ Փախստականների համաշխարհային օրը, ICCR-ը դիմում է ուղարկել ՄԱԿ՝ առաջարկելով գործնական երկխոսություն սկսել։ Դիմումը հասցեագրվել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշին, ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն կոմիսար Ֆիլիպո Գրանդիին, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ցեղասպանության կանխարգելման հարցերով հատուկ խորհրդական Ադամա Դիենգին եւ ՄԱԿ-ի պաշտպանության հարցերով հատուկ խորհրդական Կարեն Սմիթին։

Դիմումում հատուկ կարեւորվում է Փախստականների հարցերով Նանսենյան միջազգային կազմակերպության նշանակությունը։ Այդ կազմակերպությունը տասնամյակներ առաջ ստեղծվել է ՄԱԿ-ի հովանու ներքո՝ ի շարունակումն 20-րդ դարի մեծ հումանիստ Ֆրիտյոֆ Նանսենի գործունեության։ Արժանին է մատուցվում Նանսենի ներդրած վիթխարի ջանքերին, ինչի շնորհիվ զգալիորեն բարելավվեց անդրենածին ժողովուրդների, այդ թվում՝ նաեւ հայերի վիճակը։

«Ցավոք, ցեղասպանությունը որպես գաղափարախոսություն եւ ազգային հարցեր լուծելու միջոց չի վերացվել միջազգային պրակտիկայից,–փաստում են դիմումի հեղինակները։–Առճակատման գոտիներից փախստականների քանակն ավելի ու ավելի է աճում։ Նրանց ընդհանուր թիվն այսօր տասնյակ միլիոնների է հասնում, ուստի ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն կոմիսարի գրասենյակի գործունեությունն ամենայն գովասանքի է արժանի։ Այնուամենայնիվ, Ձեր ուշադրությունն ենք հրավիրում մի փաստի վրա, այն է՝ ոչ ՄԱԿ-ը, ոչ էլ հատկապես ՓՀԳԿԳ-ն չնկատեցին Ադրբեջանում հայ բնակչության ցեղասպանությունը։ Մինչդեռ 1988-1991 թթ. միջազգային մամուլը գրեթե ամեն օր անդրադառնում էր այդ խնդրին»։

Ընդգծվում է, որ Արեւելյան Անդրկովկասի հայերի ցեղասպանությունը ոչ թե միապատիկ քայլ էր, այլ այն հետեւողականորեն իրականացվեց անդրկովկասյան թուրքերի զորամիավորումների եւ 1918 թ. տարածաշրջան ներխուժած թուրք կանոնավոր զորքերի կողմից, ինչի հետեւանքով Անդրկովկասի արեւելքում հիմնվեց դրածոյաբնույթ պետականանման մի կազմավորում՝ Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետություն (ԱԴՀ)։ Ի դեպ, 1918-ի սեպտեմբերին Բաքվում իրականացված կոտորածի ժամանակ գազանաբար սպանվեց հայ ծագում ունեցող ավելի քան 30 հազար խաղաղ բնակիչ։

ԱԴՀ-ն Ազգերի լիգայի կողմից դե յուրե չի ճանաչվել, նշվում է ICCR–ի դիմումում։ Իսկ 1920 թ. տարածաշրջան մտավ Խորհրդային Ռուսաստանի 11-րդ Կարմիր բանակը, որի արդյունքում ԱԴՀ-ն լուծարվեց, եւ հռչակվեց Ադրբեջանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունը։ Այդ ինտերնացիոնալ (առանց տիտղոսային ազգության) հանրապետությունում բնակվող բոլոր բնիկ ժողովուրդներն էլ համարվում էին նման նոր տիպի հանրապետության համահիմնադիրներ։ Այդ թվում՝ նաեւ Ադ. ԽՍՀ–ի քանակությամբ երկրորդ բնիկ հայ ժողովուրդը, որն իրավունք ստացավ ունենալ ազգային ինքնավարություն՝ որպես խորհրդային պետականության ձեւ։ Այդպիսին էր Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Հանրապետությունը, որը դարձավ ԽՍՀՄ-ի ազգային-պետական կարգի սուբյեկտ։

«Սակայն պատմությունը ցույց տվեց, որ սոցիալ-տնտեսական եւ քաղաքական կարգի փոփոխությունը չփոխեց Ադրբեջանի ԽՍՀ-ում իշխանության ղեկին հայտնված տեղի թուրքերի վարքագիծը։ Հանրապետության ադրբեջանականացման ստալինյան ծրագիրը պետական ուղեցույց դարձավ իսլամ դավանող տեղաբնիկ ժողովուրդների (լեզգիների, թալիշների, քրդերի) բռնի ասիմիլյացիայի համար, ինչը շարունակվում է առ այսօր»,–ընդգծվում է դիմումի մեջ։ Ինչ վերաբերում է հայերին, ապա խորհրդային տարիներին նրանց թե մեղմ, թե կոշտ պրեսինգի միջոցով դուրս էին մղում Ադրբեջանից։ Իսկ 1988-ից հետո, երբ հայերի հանդեպ կիրառվող խտրականությունը վերածվեց արյունալի ջարդերի, հարյուր հազարավոր հայեր փախստականներ դարձան՝ անուշադրության մատնվելով ՄԱԿ-ի կողմից, ոչ մի աջակցություն կամ հատուցում չստանալով միջազգային հանրության կողմից։ Եվ միայն Խորհրդային Միության փլուզումը 1991 թ. Բաքվի վարչակարգին թույլ չտվեց վերջնականապես հայաթափել Լեռնային Ղարաբաղը։

Անցնում են տարիներ։ Աշխարհով մեկ սփռված հայ փախստականներն ու նրանց հետնորդները շարունակում են հուսալ, որ միջազգային հանրությունը, վերջապես, կդատապարտի Ադրբեջանի Հանրապետությանը, որը շարունակում է մնալ ժողովուրդների կյանքի եւ զարգացման հիմնարար իրավունքները ցինիկորեն ոտնահարող ցեղասպան մի պետություն։

«Եթե մեծ հումանիստ Ֆրիտյոֆ Նանսենը ողջ լիներ այսօր, ապա անպայման կդատապարտեր Ադրբեջանի ձեռնարկած հայերի ցեղասպանությունը՝ որպես 19-րդ դարի վերջից Օսմանյան կայսրության եւ հետո Թուրքիայի հանցագործությունների շարունակություն»,–ցավով նշում են ՄԱԿ-ին հղած դիմումի հեղինակները։

 

Աշոտ Գարեգինյան

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]