Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   1 Նոյեմբեր

Աշնանը մեկնարկում է ուսուցիչների կամավոր ատեստավորումը. Կարևոր բաղադրիչ է վարձատրության բարձրացումը

Աշնանը մեկնարկում է ուսուցիչների կամավոր ատեստավորումը. Կարևոր բաղադրիչ է 
վարձատրության բարձրացումը

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում ուսումնական տարվա մեկնարկն առանձնանալու է նոր գործընթացով: Ներդրվում է ուսուցիչների ատեստավորման նոր համակարգ, որի արդյունքներով հնարավոր կլինի ավելացնել նրանց վարձատրությունը: «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը նշեց, որ կամավոր ատեստավորումը գործարկելու համար պետական բյուջեով նախատեսված միջոցներ կան, արդեն աշնան վերջին կունենանք առաջին փուլով նախատեսված ուսուցիչների ընդգրկումը: Ուսուցիչների վերապատրաստումը և նրանց խրախուսման գործիքների ներդրումը, ըստ Ժաննա Անդրեասյանի, հանրակրթության ոլորտի բարեփոխումների ամենակարևոր ուղղություններից է: 

«Որքան էլ ցանկանում ենք փոխել բովանդակությունը, սահմանել առարկայական ծրագրերի լավագույն չափորոշիչները, միևնույն է առանցքային գործընկերը, այն մարդն ումից կախված է կրթական գործընթացի արդյունավետությունը, ուսուցիչներն են: Պարզ է, որ բարեփոխումները պետք է ուղղված լինեն նաև ուսուցիչներին՝ ներդնելով խրախուսման նոր միջոցներ, ուսուցիչների կարողությունների զարգացման նոր հնարավորություններ: Դրա շրջանակում նախատեսված է, այսպես կոչված, կամավոր ատեստավորման գործընթացի ներդնումը: Այն ենթադրում է, որ ուսուցիչները հնարավորություն կունենան դիմել կամավոր ատեստավորման և դրա արդյունքներից ելնելով՝ ունենալ հնարավորություն բարձրացնելու իրենց վարձատրությունը 30-50 տոկոսի չափով»,-ասաց նախարարի տեղակալը: 

«Հանրակրթության մասին» օրենքով նախատեսված է ուսուցիչների պարտադիր ատեստավորումը, և, իհարկե, այս փուլում դա ընդունված գործընթաց է: Կամավոր ատեստավորման գործընթացն այս պահին նախատեսվում է ներդնել փուլային սկզբունքով, զուգահեռ պարտադիրին: Մի քանի տարվա ընթացքում նոր համակարգը կիրառելուց հետո արդեն ամբողջությամբ այն կգա փոխրինելու գործող պարտադիր ատեստավորմանը: 

Նախարարի տեղակալի խոսքով, այս փուլայնությունը նախատեսում են ըստ կրթական աստիճանի և ըստ առարկաների: Առաջին փուլում նախատեսում են ներդնել ավագ դպրոցի առարկայական ուսուցիչների համար: Ժաննա Անդրեասյանն ընդգծեց, որ ատեստավորման նոր համակարգով լինելու է ավելի բարդ ստուգման գործընթաց: Այն ստուգելու է ուսուցչի որակները, գիտելիքային տվյալները, այլ հմտություններ: Ատեստավորման արդյունքով ուսուցիչը ստանալու է հավելյալ վարձատրություն՝ որպես խրախուսանք: 

«Սա ամբողջությամբ փորձարկելու և ներդնելու համար պետք կլինի աստիճանական ընթացք: Մենք կարևորում ենք այս գործընթացը: Սա կապվելու է մասնագիտական զարգացման ստանդատրների հետ: Մենք վերաիմաստավորելու ենք ուսուցիչների փորձառությունը, հմտությունները՝ առանձնացնելով սկսնակներին, փորձառուներին, մենթոր ուսուցիչներին: Կարծում ենք, որ այս ստանդարտների ներդնումը լրացուցիչ խրախուսման միջոց կլինի ուսուցիչների համար՝ զարգացնելու սեփական հմտությունները, որակները»,-ասաց նա: 

Հանրակրթության բովանդակության փոփոխության հիմքում կարևորովում է ուսուցչի ստեղծագործականությունը, ազատությունը խրախուսելու սկզբունքը: Դա նշանակում է, որ չափորոշիչների վերանայման պրոցեսը գնում է այնպես, որ հնարավորություն ընձեռվի ուսուցչին լինել ավելի ճկուն, ավելի ստեղծագործ իր առարկայի դասընթացը պլանավորելու, ուսումնական նյութեր ընտրելու, մանկավարաժական մոտեցումներ առանձնացնելու հարցում: 

Ժաննա Անդրեասյանը նշեց, որ դրա համար պետք է լինեն պայմաններ, այստեղ կարևոր է ոչ միայն ուսուցիչների վերապատրաստումը, այլև ուսուցիչների պատրաստումը, այն բուն կրթությունը, որի արդյունքում ուսուցչի որակավորում է շնորհվում: Նրա խոսքով, այստեղ ունենք լուրջ անելիքներ: Պետք է մտածել մանկավարժական բուհերում ուսուցիչների պատրաստման, կրթության գործընթացը վերանայելու մասին, համաձայն այն պահանջների, որոնք հանրակրթությունը դնում է ուսուցչի առաջ:   

Աննա Գզիրյան





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ