Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   9 Հուլիս

Դժվարին պայմաններում էլ Հայաստանի տնտեսական որոշ ցուցանիշներում դրական արդյունքներ են գրանցվում

Դժվարին պայմաններում էլ Հայաստանի տնտեսական որոշ ցուցանիշներում դրական 
արդյունքներ են գրանցվում

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Համավարակի ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա անխուսափելի էր եւ արդեն իրեն զգացնել է տալիս, որն արձանագրված է Վիճակագրական պետական կոմիտեի հրապարակած տվյալներում։ Սակայն տնտեսության մեծ ակտիվությամբ տարվա մեկնարկը էականորեն կմեղմացնի ստեղծված անբարենպաստ պայմանների հետեւանքները։ Մյուս կողմից էլ գործադիրի ժամանակին կայացրած որոշումը՝ սահմանափակումից հանել տնտեսական գործունեության ոլորտները, իր դրական ազդեցությունը տնտեսության վրա արդեն ցույց կտա հուլիսին հրապարակվելիք ցուցանիշներում։ Այդ ժամանակ կամփոփվեն սահմանափակումներից հետո վերսկսված տնտեսական գործունեության արդյունքները։

Մյուս կողմից էլ միանշանակ է, որ տնտեսության որոշ ոլորտներ կշարունակեն կրել համավարակի բացասական ազդեցությունը։ Մասնավորապես, էական վնաս կրող տուրիզմի ոլորտը որոշակիորեն կկոմպենսացվի ներքին տուրիզմի ծավալների ավելացմամբ։ Վերջին միտումն արդեն իրեն զգացնել է տալիս ամառվա առաջին իսկ օրերից։

Հայաստանի համախառն ներքին արդյունքի կառուցվածքը ցույց է տալիս, թե համավարակի պայմաններում որքանով կարող են ռիսկային ոլորտներն ազդել տնտեսական ցուցանիշների վրա։ 2020 թ. առաջին եռամսյակի համախառն ներքին արդյունքների կառուցվածքից երեւում է, որ ամենամեծ չափաբաժինը՝ 12 տոկոսը, ապահովում է մեծածախ, մանրածախ առեւտուրը, ինչպես նաեւ ավտոմեքենաների եւ մոտոցիկլետների նորոգումը։ Այս ոլորտում առաջին երեք ամսում ապահովվել է 152 մլրդ դրամի արդյունք։ Մշակող արդյունաբերությունը երկրորդ տեղում է՝ 11.6 տոկոս արդյունքով, այստեղ ապահովվել է մոտ 146 մլրդ դրամի արդյունք։

Համավարակից ամենաշատ տուժած ոլորտները՝ կացության, հանրային սննդի կազմակերպման, ինչպես նաեւ սպասարկման եւ այլ ծառայությունների համատեղ մասնաբաժինը 2020 թ. համախառն ներքին արդյունքում մինչեւ ճգնաժամի հիմնական փուլը բավականին ցածր էր՝ գումարային 2.4 տոկոս։ Չնայած տարվա առաջին ամիսները զբոսաշրջության համար ակտիվ շրջան չէ, եւ հիմնական հոսքերն ապահովվում էին ամառվա ամիսներին, բայց միեւնույնն է՝ այն զգալի տոկոս չի կազմում համախառն ներքին արդյունքի մեջ։ Այդ մասնաբաժինը զգալի չէր եւ գրեթե նույնն է եղել նաեւ նախորդ տարի։ 2019 թ. ցուցանիշներով, առաջին եռամսյակի համեմատ երկրորդ եռամսյակում կացության եւ հանրային սննդի կազմակերպման ոլորտում գրանցվել էր ընդամենը 0.9 տոկոս աճ՝ ՀՆԱ-ի մեջ կազմելով 2.4 տոկոս, իսկ սպասարկման եւ այլ ծառայությունները մնացել են անփոփոխ՝ 1 տոկոս։ Նախորդ տարվա՝ նաեւ տուրիզմի համար բարենպաստ ժամանակահատվածի երեք եռամսյակի արդյունքում տնտեսական գործունեության այս ոլորտի մասնաբաժինը ՀՆԱ-ում բարձրացել էր մինչեւ 2.7 տոկոսի։

Վերոնշյալ ցուցանիշները ցույց են տալիս, որ համավարակից ամենազգալի վնաս կրող ոլորտի տոկոսային մասնաբաժինն ընդհանուր ՀՆԱ-ում փոքր է եւ էական ազդեցություն չի կարող ունենալ ընդհանուր տնտեսության վիճակի վրա, առավել եւս, որ ինչպես վերեւում նշվեց՝ մեծանալու են ներքին տուրիզմի ծավալները։

2020 թ. հունվար-ապրիլ ամիսների արտաքին եւ փոխադարձ առեւտրի ամփոփ ցուցանիշների համադրումը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ դրական գործընթացների մասին է խոսում։ Էականորեն նվազել են ներմուծման ծավալները. եթե 2019 թ. հունվար-ապրիլին ներմուծվել էր 443 մլն ԱՄՆ դոլարի ապրանք, ապա 2020 թ. այդ ցուցանիշը եղել է մոտ 297 մլն։ Բնականաբար, նվազել է նաեւ արտահանումը, բայց ոչ այդ չափով, որքան՝ ներմուծումը։ 2020 թ. իրականացվել է մոտ 146 մլն դոլարի արտահանում, իսկ 2019-ին այն 208 մլն դոլար էր։

Տնտեսական անկման որոշ ցուցանիշներին զուգահեռ մի շարք կարեւորագույն ոլորտներում արձանագրվել են աճի միտումներ։ Այսպես, արդյունաբերական ապրանքների ծավալները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 4,2 տոկոսով, իսկ էլեկտրաէներգիայի արտադրությունն աճել է 10,3 տոկոս։ Աճել է նաեւ միջին ամսական աշխատավարձը՝ 9.3 տոկոսով։ Ընդ որում, մարտ ամսվա համեմատ ապրիլին չեն հաշվարկվել 9 հազարից ավելի այն կազմակերպությունների տվյալները, որոնց բոլոր 31 հազար աշխատողներն ուղարկվել են չվարձատրվող հարկադիր պարապուրդի։ Վերջիններս հիմնականում մինչեւ 80 հազար դրամ միջին աշխատավարձով աշխատողներն են։ Այս տարվա առաջին չորս ամսում ամենամեծ անկումը գրանցվել է շինարարության ոլորտում՝ 22 տոկոս։

Հունվար եւ փետրվար ամիսներին ունենալով 9 տոկոսից ավելի տնտեսական աճ նախորդ տարվա համեմատ, արդեն ապրիլին համավարակի հետեւանքներն իրենց զգացնել են տվել՝ նախորդ տարվա համեմատ գրանցելով 1,7 տոկոս անկում։ Համավարակի պայմաններում գրանցվել են նաեւ այլ դրական տնտեսական ցուցանիշներ։ Գյուղատնտեսական արտադրանքի արտադրողների իրացման գների ինդեքսը նվազել է 6.6 տոկոս։ Վերջին ցուցանիշն ապահովվել է 7440 գյուղացիական տնտեսությունների կողմից 58 անվանում գյուղատնտեսական արտադրանքի քանակի եւ միջին գնի հաշվին։

Մյուս կողմից էլ 2020 թ. առաջին չորս ամսին բյուջեի մուտքերը գերազանցել են նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշները։ Այս տարի հավաքագրվել է 526 մլրդ դրամ նախորդ տարվա 494 մլրդ-ի փոխարեն։ Չնայած համավարակով պայմանավորված մարտ եւ ապրիլ ամիսներին նվազեցին բյուջեի ծախսերը, սակայն այն կրկին գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշները։ Այս տարի ծախսերը կազմել են 508 մլրդ՝ նախորդ տարվա 415 մլրդ–ի դիմաց։ Արդեն մայիսին միայն ՊԵԿ-ի գործառույթների շրջանակում հավաքագրվել է 583.6 մլրդ դրամ, նախորդ տարվա նույն ցուցանիշը եղել է 581 մլրդ դրամ։ Ստացվում է, որ ընթացիկ տարվա 5 ամսին, որից 2-ը լիարժեք ճգնաժամի ազդեցության ներքո է եղել, հավաքագրվել է 2.2 տոկոսով ավելի, քան նախորդ տարի։ Հատկանշական է, որ այս տարի առաջին եռամսյակում 1000 խոշոր հարկ վճարողները պետական բյուջե են մուծել 245.6 մլրդ դրամ, այսինքն՝ 24.6 մլրդ դրամով կամ 11 տոկոսով ավելի, քան նախորդ տարի։ Այստեղ դրականն այն է, որ բոլոր 1000 խոշոր հարկ վճարողներն են ապահովել այդ աճը, այլ ոչ թե առաջին 10 խոշորագույնները, ինչպես լինում էր սովորաբար։

Վերոնշյալ ցուցանիշները փաստում են, որ տարվա լավ մեկնարկը եւ հակաճգնաժամային միջոցառումները, որոնց հիմնական մասն ուղղված էր տնտեսության աշխատանքի խթանմանը, էականորեն կնվազեցնեն համավարակի տնտեսական բացասական հետեւանքները։ Սա է փաստում նաեւ այդ ծրագրերից օգտված գյուղատնտեսության եւ այլ ոլորտների տնտեսավարողների մեծ թիվը։

 

Արմեն Վարդանյան

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ