Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Թուրքական ճեղքումը Լիբիայում ահազանգ է

Թուրքական ճեղքումը Լիբիայում ահազանգ է

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Լիբիա նետելով ջիհադիստների, որոնց կարիքն այլեւս չունի, Թուրքիան սպառնալիքը մոտեցնում է եվրոպական երկրների սահմաններին։ Լիբիական տարածքի նկատմամբ վերահսկողությունը նրան կարող է թույլատրել՝ վերսկսելու միգրացիոն շանտաժը ԵՄ-ի նկատմամբ։ Այս կարծիքին է ֆրանսիական «Le Figaro»-ի աշխատակից Ռենո Ժիրարը։

Հիշեցնելով այն մասին, որ Լիբիայում բոլոր դժբախտություններն սկսվել են քաղաքացիական պատերազմից ու 2011 թ. ՆԱՏՕ-ի ուժերի ներխուժումից՝ նա Քադաֆիի դեմ պայքարող ծայրահեղականների օգտին Ֆրանսիայի միջամտությունը համարում է Հինգերորդ հանրապետության ամենամեծ արտաքին քաղաքական սխալը։

Շարունակելով ժամանակակից Թուրքիայի հիմնադիր Մուստաֆա Քեմալի ազգայնական կուրսը՝ թուրքական այժմյան ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանն առայժմ հաջողությամբ շարժում է ֆիգուրները շախմատային տախտակի վրա՝ նեոօսմանյան նվաճումների իր պլանի իրականացմանը մոտենալու համար։ Խոսքն առաջվա պես 1920 թ. օգոստոսի Սեւրի նվաստացուցիչ խաղաղությունից ազատումն է, դաշնագիր, որը Թուրքիային ստիպեց վերջնականապես լքել արաբական ու մաղրիբյան նահանգները։ Սակայն Թուրքիան, իհարկե, զիջեց ուժին, որովհետեւ Հայաստանի պարագայում Սեւրի դաշնագրի պայմանները այդպես էլ չկատարվեցին…

Ռեջեփ Թայիփ Էրդողանը վերադառնում է Լիբիա, որտեղ ժամանակին Քեմալն իր հաշվին է գրանցել ռազմական առաջին հաջողությունը։ 1911 թ. դեկտեմբերին ապագա Աթաթյուրքն իտալացիներին դուրս մղեց Թոբրուկից ու հաստատվեց Դեռնում։ Բայց այդ հաղթանակը ոչինչ չտվեց, քանզի թուրքական էքսպեդիցիոն կորպուսը շտապ կարգով հետ կանչվեց Լիբիայից՝ առաջին բալկանյան պատերազմին մասնակցելու համար։

Էրդողանը սպասեց հարմար պահի՝ քայլ կատարելու համար։ 2019 թ. նոյեմբերի 28-ին նա Ստամբուլում ռազմական ու պաշտպանական համագործակցության վերաբերյալ պայմանագիր ստորագրեց Ֆաիզ Սարաջի ազգային միասնության կառավարության (ԱՄԿ) հետ։ Եվ չնայած ԱՄԿ-ն պաշտոնապես ՄԱԿ-ի կողմից ճանաչված լիբիական իշխանությունն է, այդ պահին նրա վիճակը շատ ծանր էր, քանզի նստած էր Տրիպոլիում՝ գեներալ Հաֆթարի լիբիական ազգային բանակի հարվածների տակ։ Վերջինիս պաշտպանում են Եգիպտոսը, Ռուսաստանն ու ԱՄԷ-ն։

Միջամտելով լիբիական քաղաքացիական պատերազմին որպես Սարաջի դաշնակից՝ Էրդողանը, անկասկած, անվճար չի փրկարար ռազմական օգնություն տրամադրել։ Թուրքիան պետք է ստանա լավագույն պայմանագրերը, երբ Սիրտում գտնվող նավթային հանքավայրերը խլվեն Հաֆթարից։ Անկարան եւ Տրիպոլին նույնիսկ համաձայնագիր են ստորագրել Միջերկրական ծովում բացառիկ տնտեսական գոտիների բաժանման վերաբերյալ, որը չի համապատասխանում միջազգային ծովային իրավունքին։ Բացի այդ, Թուրքիայի նպատակը Լիբիայի տարածքում չորս ռազմավարական բազա ձեռք բերելն է՝ Վաթիյայի օդանավակայանները (Թունիսի սահմանի մոտ) եւ Ջուֆրան, ինչպես նաեւ Միսրատ եւ Սիրտ նավահանգիստները՝ միջերկրածովյան հարավը վերահսկելու համար։

2020 թ. հունվարի 2-ին Էրդողանը թուրքական խորհրդարանից թույլտվություն ստացավ Լիբիա զինված ուժեր ուղարկելու վերաբերյալ։ Որպես համալրում՝ նրանք իրենց հետ տարան մի քանի հազար ջիհադիստների, որոնք անելիք չունեին Թուրքիայի սահմանի մոտ գտնվող սիրիական Իդլիբիում։ Տեղում նրանք միանգամից անցան աշխատանքի եւ ԱՄԿ-ի ջոկատներին հնարավորություն տվեցին Հաֆթարի զորքերին աստիճանաբար դուրս մղել Տրիպոլիտանիայից, չնայած վերջիններիս աջակցում էին ռուսական «Վագների» վարձկանները։ Թուրքական անօդաչուներին, որոնք ունակ են թռչել մեծ բարձրության վրա, հաջողվեց ոչնչացնել նաեւ հակաօդային պաշտպանության ռուսական կարճ հեռահարության «Պանցիր-Ց1» համակարգերը։ Արդյունքում մայիսի վերջին Ռուսաստանը շտապ էվակուացրեց Լիբիա ուղարկած մոտ 1000 զինվորականի ու 8 ինքնաթիռ։

2016 թ. հուլիսից Պուտինն ու Էրդողանը դարձել են ընկերներ, որովհետեւ ՌԴ նախագահը թուրք գործընկերոջը հասցրեց զգուշացնել, որ նրա նկատմամբ պետական հեղաշրջում է պլանավորվել։ Եվ նրանք միասին պայմանավորվեցին ռազմավարական նպատակի շուրջ՝ Արեւմուտքին արաբա-մուսուլմանական աշխարհից դուրս մղելու վերաբերյալ։ Այդուհանդերձ, Սիրիայում ու Լիբիայում շահերի բաժանումը միշտ չէ, որ հարթ է ընթանում։

Միջերկրական ծովում Թուրքիայի նեոօսմանյան ամբարտավանությունը արտահայտվել է հատկապես օրեր առաջ՝ հունիսի 11-ին։ ՄԱԿ-ի՝ Լիբիա զենքի առաքման էմբարգոյի վերահսկողության ՆԱՏՕ-ի «Sea Guardian» առաքելության շրջանակներում ֆրանսիական ռազմական «Courbet» նավը մոտեցավ Միսրատ ուղեւորվող թուրքական բեռնանավին, որպեսզի ստուգում կատարի։ Այդ պահին նրան «լուսավորեց» ուղեկցող թուրքական ֆրեգատը։ Ժամանակակից պատերազմի պայմաններում նման քայլը նույնն է, ինչ նախազգուշական կրակոցը՝ անցյալում։ Այսինքն՝ խոսքը ծայրահեղ ագրեսիվ պահվածքի մասին է, որը բացարձակապես անընդունելի է ՆԱՏՕ-ի անդամ երկրների համար։ Ամերիկացիները դրան պատասխանեցին մահացու լռությամբ։ 2019 թ. նոյեմբերին Էմանուել Մակրոնին քննադատեցին Հյուսիսատլանտյան դաշինքի «ուղեղի մահվան» վերաբերյալ հայտարարության համար։ Հավանաբար, Ֆրանսիայի նախագահը ճիշտ էր ասում…

Ջիհադիստներին նետելով Լիբիա, որոնց կարիքը հիմա այլեւս չունի, Թուրքիան սպառնալիքը մոտեցնում է եվրոպական երկրներին։ Բացի այդ, լիբիական տարածքի վերահսկողությունը նրան կարող է թույլատրել՝ վերսկսելու ԵՄ-ին միգրացիոն շանտաժի ենթարկելու քաղաքականությունը։ Եվ ոչ ոք չի կարող խանգարել ջիհադիստներին՝ անհետանալու միգրանտների մեջ։

Ըստ ֆրանսիական «Le Figaro»-ի՝ 2011 թ. ֆրանս-բրիտանական միջամտությունը Լիբիայում արտաքին քաղաքական ամենալուրջ սխալն է 5-րդ հանրապետության ողջ պատմության մեջ, եւ հենց այդ սխալն է Միջերկրական ծովում Ֆրանսիայի հակառակորդ Թուրքիայի համար ոսկե հնարավորություններ ստեղծել։

 

Պատրաստեց Իշխան Քիշմիրյանը

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]