Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

«Երևանյան բեսթսելեր». Քրիստիի գործերն ամենապահանջվածներից են. թարգմանական, մայիս, 2020

«Երևանյան բեսթսելեր». Քրիստիի գործերն ամենապահանջվածներից են. 
թարգմանական, մայիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագիծն այս շաբաթ ներկայացնում է թարգմանական գեղարվեստական ստեղծագործությունների լավագույն տասնյակը: Տասնյակը ներկայացվում է մայիսի վաճառքների հիման վրա:

Առաջին հորիզոնականն է զբաղեցնում Աբբա Պրևոյի «Մանոն Լեսկոն»: Պրևոն իր հանրահայտ վեպում ֆրանսիական 18-րդ դարի առաջին կեսի կյանքի ֆոնի վրա նկարագրում է Մանոն Լեսկոյի և ասպետ դե Գրիյոյի սիրո պատմությունը, որը երիտասարդ անհատի սիրո ուժի, նրա բորբոքուն կրքերի, մարդկային խորը զգացմունքների պատմություն է: Թարգմանությունը՝ Վ. Գիլանյանի:

Երկրորդ տեղում է Ագաթա Քրիստիի «Եվ ոչ ոք չմնաց...» վեպը: Այն հեղինակը բնորոշել է որպես իր ստեղծագործություններից ամենադժվարը: Մոտ 100 միլիոն տպաքանակով համարվում է աշխարհի ամենավաճառված դետեկտիվ վեպը և ամենաշատ վաճառված գրքերից մեկն առհասարակ: Հրատարակվել է Մեծ Բրիտանիայում 1939թ.՝ «Տասը փոքրիկ սևամորթներ» վերնագրով: Մեկ տարի անց հրատարակվել է ԱՄՆ-ում՝ «Եվ ոչ ոք չմնաց...» վերնագրով, որով էլ հետագայում հայտնի դարձավ ամբողջ աշխարհում: Տասը հոգի՝ միմյանց անծանոթ և առաջին հայացքից իրար հետ ոչ մի կապ չունեցող մարդիկ, հայտնվում են Սոլջըր Այլենդում՝ Զինվորի կղզում, որտեղ նրանց սպասում են տասը զինվորների ճենապակե արձանիկներով լի սկուտեղն ու անլուծելի առեղծվածը, թե ինչու են իրենց հրավիրել այդտեղ: Թարգմանությունը՝ Էլիզա Սարգսյանի:

Երրորդ հորիզոնականում է գերմանացի գրող Ռիչարդ Բախի  «Ջոնաթան Լիվինգսթոն ճայը» ամենահայտնի ստեղծագործությունը: Գրողը ներկայացնում է, թե ինչպես են հասարակ ճայերն ուզում իմանալ ծովափից սննդի աղբյուր գտնելու ճանապարհը: Նրանց համար կյանքի իմաստը ոչ թե թռչելու, այլ սնվելու մեջ է: Սակայն Ջոնաթան Լիվինգսթոնը հասարակ ճայ չէ, նա անվերապահորեն չի հետևում մյուս ճայերին, այլ համառորեն սովորում է ինքնուրույն թռչել: Հասարակ ճայերը չեն կիսում նրա հետաքրքրությունը թռչելու նկատմամբ, ծնողներն էլ փորձում են սիրելի զավակին ճիշտ ուղու վրա դնել, բայց ոչինչ չի կարող կանգնեցնել Ջոնաթանին: Թարգմանել է Նաիրա Հարությունյանը:

Չորրորդ տեղում Ուիլյամ Սարոյանի  «Հայրիկ, դու խենթ ես»  վիպակն է: Այն Սարոյանի գրական ժառանգության մարգարիտներից մեկն է: Տասնամյա տղայի պատումը, միահյուսվելով գրող հոր հետ ծավալվող խորունկ զրույցներին, այս լուսավոր ու իմաստուն գործը դարձնում է կյանքի և աշխարհի տիպիկ սարոյանական մանրակերտ, ըստ էության՝ սեղանի գիրք ամեն տարիքի ընթերցողի համար: Թարգմանիչ՝ Զավեն Բոյաջյան:

Հինգերորդ հորիզոնականն է զբաղեցնում Մարկ Արենի «Սուրբծննդյան հրեշտակը» վիպակը: Ամեն տարի Սուրբ Ծնունդին հրեշտակները երկնքից իջնում են երկիր՝ մարդկանց երազանքներն իրականացնելու: Բայց օգնել կարողանում են միայն նրանց, ում տեսնում են: Հրեշտակն օգնության է հասնում Քրիստինեին, նրանք սիրահարվում են իրար: Հրեշտակը կանգնում է երկընտրանքի առաջ. կա՛մ թողնել իր մեծ սերը և վերադառնալ երկինք, կա՛մ մնալ երկրի վրա և դառնալ սովորական մահկանացու... Թարգմանիչ՝ Հովհաննես Այվազյան:

Վեցերորդ հորիզոնականում է Նարինե Աբգարյանի «Մանյունյա» գիրքը, որի թարգմանությունն իրականացրել է Նարինե Գիժլարյանը: Այն լուսավոր, արևով ու հայկական բերքուբարիքի համուհոտով ներծծված արտասովոր պատմություն է մանկության, երկու ընկերուհիների՝ Նարինեի ու Մանյունյայի, խիստ ու բարի Տայի՝ Մանյունյայի տատիկի, ինչպես նաև շարունակ շիլաշփոթ իրավիճակներում հայտնվող բազմաթիվ ազգականների մասին: Քնքուշ ու ծիծաղաշարժ դիպվածներով լի մանկություն, որ մարդուն երջանկացնում է ողջ կյանքում: Գիրքն արժանացել է Ռուսաստանի ազգային գրական՝ «Տարվա ձեռագիր» մրցանակին:

Յոթերորդ հորիզոնականում է հայտնվել Գի դը Մոպասանի «Ընտիր նովելներ» գիրքը, որում ներառվել են նրա լավագույն գործերը: Մոպասանը Ֆրանսիայի առօրյա կյանքը նկարագրող բազմաթիվ պատմվածքների, վիպակների և վեպերի հեղինակ է։ Հայերեն են թարգմանվել և հրատարակվել նրա բազմաթիվ ստեղծագործություններ: Ժողովածուի գործերի թարգմանությունները՝ Վ. Միքայելյանի, Ա. Կոթիկյանի, Ս. Պայազատի, Ալ. Ծատուրյանի, Հովհ. Ղուկասյանի, Դ. Դեմիրճյանի, Ստ. Զորյանի:

Ութերորդ հորիզոնականում է թուրք ժամանակակից գրող Էլիֆ Շաֆաքի «Ստամբուլի բիճը» ստեղծագործությունը: Այս վեպում հեղինակը վեր է հանում թուրք հասարակության բազմաթիվ ներքին խնդիրներ, որոնց թվում կարևորագույն տեղ է զբաղեցնում Հայոց մեծ եղեռնը` որպես թուրքի հոգեբանության չհաղթահարվող բարդույթ: Ինչպես բնորոշ է Թուրքիային, գրքի հրապարակումից հետո երկրում դատավարություն է սկսվում հեղինակի դեմ` հայտնի 301 հոդվածի համաձայն` թրքությունը վիրավորելու համար: Ողջ դատավարության ընթացքում Թուրքիայում վեպն արգելված է եղել, իսկ երբ հեղինակը շահել է դատը, դրանից հետո միայն այն վաճառքի հնարավորություն է ստացել: Թարգմանիչ՝ Արփի Աթաբեկյան:

Ագաթա Քրիստիի ամենահակասական գործը՝ «Ռոջեր Էքրոյդի սպանությունը» իններորդ տեղում է: Այն իր նորարարական վերջաբանով նոր էջ բացեց դետեկտիվ ժանրի պատմության մեջ: 1926թ. լույս տեսած վեպը համարվում է բոլոր ժամանակների լավագույն դետեկտիվ ստեղծագործություններից մեկը: Անգլիայի խաղաղ գյուղակներից մեկը՝ Քինգզ Էբոթը, ցնցվում է տեղի մեծահարուստ ու հարգարժան մարդկանցից մեկի՝ Ռոջեր Էքրոյդի սպանության լուրից: Առաջին հայացքից պարզ թվացող գործը աստիճանաբար ավելի ու ավելի խճճված ընթացք է ստանում: Եվ միայն Էրքյուլ Պուարոն, որ երջանիկ պատահականությամբ անցել է հանգստի ու ինկոգնիտո բնակություն հաստատել Քինգզ Էբոթում, կարող է բացել կծիկը: Այս հարցում նրան օգնում է բժիշկ Շեփարդը, որի անունից էլ ներկայացվում է պատումը: Թարգմանիչ՝ Քրիստինե Չիլինգարյան:

 Տասներորդ հորիզոնականում Հերման Հեսսեի «Սիդհարթա» այլաբանական վեպն է, որն առաջին անգամ հրատարակվել է 1922 թվականին։ Այն պատմում է Գաութամա Բուդդայի ժամանակակից բրահման Սիդհարթայի հոգևոր ինքնաճանաչման ճանապարհի մասին։  Հեսսեի 9-րդ վեպն է, որը նա գրել է քնարական ոճով։ Գիրքն Ամերիկայում տպագրվել է 1951 թվականին և մեծ տարածում գտել 1960-ականներին։ Հեսսեն վեպը նվիրել է ֆրանսիացի դրամատուրգ, վիպագիր Ռոմեն Ռոլանին: Թարգմանիչն է Աշոտ Ալեքսանյանը:

 «Երևանյան բեսթսելերը» ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը

Աստղանիշով նշված գրքերը ցանկ վերադարձածներն են:

Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (011-53-74-13), «Դարան- Հայ գիրք» (56-80-38), «Զանգակ» (011-22-33-66), գրախանութների և գրատների ցանցերը:

Տեղ Փոփ. Գիրք Հրատ. Քանակ
1 0

Աբբա Պրևո

«Մանոն Լեսկո»

Դարակ 57
2 *

Ագաթա Քրիստի

«Եվ ոչ ոք չմնաց...»

Էդիթ Պրինտ 45
3 *

Ռիչարդ Բախ

«Ջոնաթան Լիվինգսթոն ճայը»

Անտարես 34
4 *

Ուիլյամ Սարոյան

«Հայրիկ, դու խենթ ես»

Անտարես 34
5 *

Մարկ Արեն

«Սուրբծննդյան հրեշտակը»

Բուկինիստ 26
6 *

Նարինե Աբգարյան

«Մանյունյա»

Դար 25
7 *

Գի դը Մոպասան

«Ընտիր նովելներ»

Բուկինիստ 25
8 -6

Էլիֆ Շաֆաք

«Ստամբուլի բիճը»

Անտարես 26
9 նոր

Ագաթա Քրիստի

«Ռոջեր Էքրոյդի սպանությունը»

Էդիթ Պրինտ 21
10 +1

Հերման Հեսսե

«Սիդհարթա»

Քյուրքչյան 19

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]