Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ամերիկահայերի անվտանգությունն ապահովված է

Ամերիկահայերի անվտանգությունն ապահովված է

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԱՄՆ-ի Մինեապոլիս քաղաքում մայիսի 25-ին ոստիկանի կողմից Ջորջ Ֆլոյդի սպանության հետեւանքով բողոքի ալիք տարածվեց երկրով մեկ։ Ցույցերը վերածվեցին անկարգությունների, որի պատճառով ԱՄՆ մի շարք քաղաքներում հայտարարվեց պարետային ժամ։ Միացյալ Նահանգներում տիրող իրավիճակի եւ հայ համայնքի խնդիրների մասին «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի թղթակիցը զրուցել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանի հետ։

–Երեք շաբաթից ավելի ԱՄՆ-ի մի շարք քաղաքներում տեղի են ունենում բողոքի ցույցեր եւ բախումներ։ Որքանո՞վ է ամերիկահայ համայնքը ներգրավված այս գործընթացներում։

–Ինչպես ԱՄՆ այլ քաղաքացիների, այնպես էլ Միացյալ Նահանգների հայ համայնքի ներկայացուցիչների մասնակցությունը խաղաղ ցույցերին հիմնականում պայմանավորված է ռասայական խտրականության դեմ պայքարով, ինչը ընդհանրական առումով բոլոր մասնակիցների շարժառիթն է։ Հայերը չեն մասնակցել անկարգություններին։

–Բողոքի ցույցերի ժամանակ վնասվել են խանութներ, այդ թվում՝ հայերին պատկանող։ Ի՞նչ տեղեկություններ ունեք հայ համայնքին հասցված վնասների մասին։

–Հայ համայնքին անկարգություններից հիմնականում վնաս չի հասցվել։ Արեւմտյան ափի հայկական հոծ բնակչությամբ քաղաքները դուրս են մնացել անկարգությունների կենտրոնացման շրջաններից։ Տուժել են մոտ մեկ տասնյակ հայերի պատկանող խանութներ, որոնք թալանվել են։

–Որքանո՞վ է ապահովված հայերի անվտանգությունը։ Ինչպիսի՞ն է դրությունը ներկայումս։

–Դրությունն այժմ խաղաղ է եւ ամբողջությամբ վերահսկվում է իշխանությունների կողմից։ Հայերի անվտանգությունն ապահովված է։

–Այս օրերին բազմաթիվ քաղաքացիներ են դիմում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություններ տարբեր խնդիրներով, այդ թվում՝ Հայաստան վերադառնալու ցանկությամբ։ Որքա՞ն ՀՀ քաղաքացի է վերադարձել, եւ քանիսի՞ վերադարձը դեռ պետք է ապահովվի։

–Համավարակի բռնկումից ի վեր ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը եւ Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունն աջակցել են ՀՀ քաղաքացիներին տվյալ իրավիճակով պայմանավորված բազմաթիվ խնդիրների շուրջ, այդ թվում՝ նրանց վերադարձի կազմակերպման։ Մայիսի 2-ից ցայսօր Լոս Անջելեսից հայրենիք է վերադարձել մոտ 370 ՀՀ քաղաքացի։ ԱՄՆ արեւելյան ափից Հայաստան է վերադարձել 150—ից ավելի ՀՀ քաղաքացի, այդ թվում՝ 37 ուսանող եւ 35 աշակերտ։

–ԱՄՆ Դենվեր քաղաքում բողոքի ակցիայի մասնակիցների կողմից վանդալիզմի էր ենթարկվել Հայոց ցեղասպանության ու մարդկության դեմ կատարված բոլոր հանցագործությունների զոհերի հիշատակին նվիրված խաչքար-հուշարձանը։ Վերականգնվա՞ծ է այսօր այն։

–Ցավով պետք է նշենք, որ ընթացող ցույցերի արդյունքում պղծվել-վնասվել է Կոլորադո նահանգի Դենվեր քաղաքում տեղադրված եւ Հայոց ցեղասպանությանը, եւ մարդկության դեմ կատարված բոլոր հանցագործությունների զոհերին նվիրված խաչքարը։ Իրադրության հանդարտեցումից հետո ամերիկահայ համայնքի մասնակցությամբ քայլեր կձեռնարկվեն խաչքարի նախնական տեսքի վերականգնման ուղղությամբ։ ԱՄՆ-ում մեր դիվանագիտական եւ հյուպատոսական ներկայացուցչությունների միջոցով մշտական կապ ենք պահպանում Ամերիկայի հայկական համայնքային կառույցների եւ անհատների հետ։

 

Զրուցեց Լուսինե Մխիթարյանը

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]