Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Հայաստանում բանկային համակարգը կայացած ու կայուն է․ Փաշինյանը ներկայացրեց ԿԲ նոր նախագահին

Հայաստանում բանկային համակարգը կայացած ու կայուն է․ Փաշինյանը 
ներկայացրեց ԿԲ նոր նախագահին

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կենտրոնական բանկի աշխատակազմին ներկայացրեց ԿԲ նոր նախագահ Մարտին Գալստյանին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Փաշինյանը շնորհակալություն հայտնեց Արթուր Ջավադյանին` կատարած աշխատանքի և ներդրման համար։

«Հաջողություն եմ մաղթում  Մարտին Գալստյանին ԿԲ նախագահի պաշտոնում իր գործունեության մեջ։ Պարոն Գալստյանը բանկային համակարգում նոր մարդ չէ և բավականին երկար ժամանակ աշխատում է։ Վերջին երկու տարում ավելի սերտ եմ առնչվել Կենտրոնական բանկի հետ և կարող եմ արձանագրել, որ այստեղ բավականին լավ թիմ և կորիզ է ձևավորվել, որն աշխատատում է բանկային համակարգի կայունության ուղղությամբ»,- նշեց ՀՀ վարչապետը։

Նրա խոսքով` Կենրտոնական բանկը ՀՀ երրորդ հանրապետության կարևորագույն ձեռքբերումներից է։ Փաշինյանն ընդգծեց, որ Հայաստանում բանկային համակարգը կայացած ու կայուն է։

«Այս ամենը երևում է նրանից, թե ինչպես ֆինանսական համակարգը դրսևորեց իրեն մի շարք ճգնաժամային իրավիճակներում կամ քաղաքական վայրիվերումների ժամանակ, այդ թվում` թավշյա ոչ բռնի ժողովրդական հեղափոխության շրջանում, ինչպես նաև կորոնավիրուսի ճգնաժամային իրավիճակում։ Այս փոփոխությունը, որ տեղի է ունենում, իհարկե, կարևոր է նրանով, որ ապահովում է որոշակի ժառանգականություն Կենտրոնական բանկի գործունեության համար։ Մյուս կողմից նաև խորհրդանշում է առանց կայունության խաթարման փոփոխությունների բարեփոխումների հետագա զարգացման կուրսը և անհրաժեշտությունը»,- ասաց վարչապետը։

Նա ընդգծեց, որ ընթացիկ ժամանակշրջանում բանկային համակարգի կարևորագույն մարտահրավերներից մեկը ֆինանսական գրագիտության բարձրացումն է ՀՀ քաղաքացիների շրջանում։ Նաև կարևորեց այն հանգամանքը, որ պետք է ավելի մանրամասն աշխատանք տարվի, որպեսզի հայերը կարողանան տեսնել և հասկանալ բնակային համակարգի նրբությունները։

«Մեր մեծագույն խնդիրներից, մարտահրավերներից է լինելու Կենտրոնական բանկն ավելի մարդակենտրոն դարձնելը։ Պետք է այնպես անել, որպեսզի բանկային համակարգի և քաղաքացիների հարաբերությունների կոնտեքստը դառնա ավելի կառուցողական, որպեսզի թույլ չտանք այս համակարգի շուրջ նեգատիվ ընկալումներ ձևավորվեն։ Այս ամենը մեր տնտեսական համակարգի կայունության և կայուն զարգացման կարևորագույն նախադրյալներից է»,- ասաց Փաշինյանը։ 

Նա նշեց, որ Ջավադյանի հետ իրենք ունեն որոշակի պայմանավորվածություններ՝ հետագա գործունեության առումով։ Վարչապետի խոսքով՝ Արթուր Ջավադյանը ներգրավված է լինելու տնտեսական քաղաքականության մշակման, տնտեսական հարցերի վերլուծության, ինչպես նաև միջազգային տնտեսական ոլորտի մասնագետների ներգրավման գործում։ 

«Ունենք հստակ նախագծեր, որոնց իրագործումը մեծ հաջողություն կլինի Հայաստանի Հանրապետության տնտեսական մտքի զարգացման առումով»,- ասաց Փաշինյանը։

Արթուր Ջավադյանը շնորհակալություն հայտնեց ԿԲ անձնակազմին և վստահություն հայտնեց, որ կայուն աշխատանքի շարունակականությունն ապահովելու է Մարտին Գալստյանը։

«Մենք ունենք բանիմաց, պրոֆեսիոնալ թիմ, որն ունակ կլինի պահել ֆինանսական կայունությունը, ինչպես նաև այս կորոնավիրուսային ճգնաժամի արդյունքում ստեղծված իրավիճակում ունենալ մակրոտնտեսական կայուն միջավայր»,- նշեց Ջավադյանը։

Մարտին Գալստանն էլ շնորհակալություն հայտնեց իր հասցեին հնչեցված գնահատականների համար։

«Իրապես, տարիների ընթացքում Կենտրոնական բանկում ձևավորվել է մի թիմ, որը բազում փորձություններ է անցել և ունակ է եղել իր առջև դրված խնդիրները լուծել։ Հավաստիացնում եմ, որ այն աշխատանքը, որը կատարվել է, կլինի շարունակական, խորացնելու ենք Կառավարության մեր գործընկերների հետ համագործակցությունը՝ ի բարօրություն մեր ազգի և հասարակության։ Մենք կներդնենք բոլոր ջանքերը, որպեսզի անկախ ամեն ինչից երկրում ապահովենք մակրոկայունությունը»,- ասաց ԿԲ նորընտիր նախագահը։

2020 թվականի ապրիլի 17-ին ՀՀ Ազգային ժողովում կայացած փակ և գաղտնի քվեարկության արդյունքում Մարտին Գալստյանն ընտրվել է Կենտրոնական բանկի նախագահի պաշտոնում։  

Ջավադյանն այդ պաշտոնը զբաղեցնում էր 2008 թվականից։


Լիլիթ Դեմուրյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]