Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Գունազարդ ավտոբուսը վերածել փեթակի. Գորիսեցի մեղվաբույծի հնարամատությունը

Գունազարդ ավտոբուսը վերածել փեթակի. Գորիսեցի մեղվաբույծի հնարամատությունը

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գորիսի բնակիչ 72-ամյա Կարլեն Ճաղարյանը մեղաբուծությամբ է զբաղվում 30 տարուց ավելի: Ընտանեկան գործը ժառանգել է հորից, որը ևս երկար տարիներ մեղվապահ է եղել: Վերջերս Կարլեն Ճաղարյանը որոշեց նորույթ մտցնել իր աշխատանքում՝ գործընթացը դարձնելով առավել արդյունավետ: Ունեցած ավտոբուսը գունազարդեց ու այն դարձրեց փեթակ: 

«Իրականում այս գաղափարը նրա համար է, որ աշխատանքս ավելի հեշտացվի ու արդյունավետությունը բարձրանա: Առաջին ավտոբուսը որպես փեթակ գործարկելուց հետո հասկացա, թե որքան արդյունավետ է: Նախկինում երբ մեղվի փեթակները տեղավորում էի դաշտում, որոշ ժամանակ անց, այն այլ վայր տեղափոխելու համար ես պետք է մարդկանց վարձեի, մեծ գումար ծախսեի, մեքենաներ բերեի: Հիմա այդ խնդիրն ու դժվարությունները չկան: Մոտ 15-20 օր անց, ես փեթակները, որոնք արդեն ավտոբուսում են տեղակայված, հեշտությամբ տանում եմ այլ վայր: Լավ մեղր ստանալու գործում ժամանակ առ ժամանակ մեղվափեթակները տեղաշարժելը շատ կարևոր է»,-  «Արմենպրես»-ի հետ զրույցում պատմեց Կարլեն Ճաղարյանն՝ ավելացնելով, որ արդեն փեթակի վերածած երկրորդ ավտոբուսն ունի:  

Գորիսում Կարլեն Ճաղարյանը, թերևս ամենամեծ մեղվափեթակ ունեցողներից է: Այս պահին ունի 120 մեղվափեթակ, որի մի մասն է տեղավորել ավտոբուսներում: Տեսնելով, որ իր առաջ քաշած գաղափարը բավական հեշտացնում է գործը, որոշել է ավելացնել ավտոբուս-փեթակների թիվը: Երրորդ ավտոբուսն արդեն ձեռք է բերել, փեթակի վերածելու փուլում է: Գործը մի քիչ դանդաղում է, աշատանքը շատ է, ժամանակը քիչ: 

«Ավտոբուս-փեթակ ունենալու առավելությունն ակնհայտ է: Ավտոբուսի մեջ ջերմաստիճանը կայուն է, այն իզոլացված է, կահավորված է, պայմանները ստեղծվել են: Մեղվի հետ աշխատանքը հեշտացվել է, դրա վրա քամին, օդի ջերմաստիճանը, անձրևը չի ազդում: Նախկինում 200-300 հազար գումար պետք է ծախսեի, 15-20 բանվոր ներգրավեի, որ փեթակները տեղաշարժեի, այժմ մեկ ժամվա մեջ, առանց հավելյալ ծախսի, շարժիչը գործի գցելով, ավտոբուս-փեթակը տանում եմ այնտեղ, որտեղ ցանկանում եմ: Ստացվում է բարենպաստ պայման, թե ինձ համար, թե մեղուների»,-ասաց Կարլեն Ճաղարյանը: Հարցին, թե որքանով մեղուները հեշտությամբ հարմարվեցին նոր պայմաններին, Կարլեն Ճաղարյանը նշեց, որ այստեղ ևս փոքրիկ հնարամտություն էր պետք: Փեթակներն ավոտբուսում տեղավորելուց հետո անմիջապես այն տեղափոխում է այլ վայր՝ 15 կմ հեռու, որպեսզի նախկինում եղած տարածքին ծանոթ լինելը խնդիր չառաջացնի: Արդյունքում, հեշտությամբ հարմարվեցին նոր պայմաններին: 

Նրա խոսքով, նման գաղափար Գորիսում դեռ չէր իրագործվել: Կարլեն Ճաղարյանը մեծ ոգևությամբ ու սիրով է պատմում իր գործի մասին: Նշում է, որ մեղվաբուծության ամբողջ գործընթացն ինքն է ղեկավարում, յուրաքանչյուր մանրուք պահելով անձնական ուշադրության կենտրնում: Խնդիր է դրված ունենալ որակյալ մեղր, որի գնահատողների պակաս չունի: Չի դժգոհում սպառումից, քանի որ ունի կոնկերտ սպառողներ, որոնք մշտապես իրենից են մեղր ձեռքբերում: 

«Ամեն դեպքում մեղվաբուծությամբ զբաղվողների համար շատ կարևոր է շուկան, մեղրի իրացումը: Այսօր շուկան փոքր է, իսկ շուկայում շատ է նաև ոչ որակյալ մեղրը, մեր քաղաքացիներն էլ հիմնականում չեն տարբերում որակյալը: Այն որակյալ է, թե ոչ, կարելի է փորձել բազմաթիվ միջոցներով, դրանցից մեկը մուգ թեյի օգնությամբ: Մեկ գդալ մեղրը լցնում եք մուգ թեյի մեջ: Եթե այն լավն է, ուրեմն պետք է մուգ թեյը գունաթափվի»,-ասաց Կարլեն Ճաղարյանն՝ հորդորելով գնել որակյալը, մանավանդ, որ գնային տարբերությունը քիչ է:

Աննա Գզիրյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]