Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Առաջին անգամ ունենք հնարավորություն կարգ ստեղծել քաղաքացու կամքով, ոչ թե բռնությամբ․ ՀՀ վարչապետ

Առաջին անգամ ունենք հնարավորություն կարգ ստեղծել քաղաքացու կամքով, ոչ թե 
բռնությամբ․ ՀՀ վարչապետ

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը COVID-19-ի տարածումը կանխելու նպատակով հակահամաճարակային միջոցառումների չպահպանումը և հանրային նման վարքագծի հոգեբանական շերտերից մեկը համարում է պետական կարգի նկատմամբ վերաբերմունքը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի ուղիղ եթերում ասաց ՀՀ վարաչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Սահմանված կարգը համատարած չպահպանելու խնդիրը դուրս է եկել կորոնավիրուսի շրջանակից։ Այս խնդիրն արդեն պետք է հասկանանք հանրային, գուցե ազգային հոգեբանական շերտերի մեջ: Եկել եմ հետևյալ եզրահանգմանը. իմ վարկածը հետևյալն է, այս ամենը մեր հավաքական վերաբերմունքն է մեր պետական կարգի նկատմամբ, և պետք է արձանագրեմ, որ 500 տարի և ավելի պետականություն չենք ունեցել և պետական կարգը միշտ եղել է օտար: Մեզ համար պետությունն ու կարգը հարյուրամյակներ շարունակ եղել է օտարածին, օտարի կողմից պարտադրված ինչ-որ մի բան: Հետևաբար, պետական կարգը մեր ենթագիտակցության մեջ ասոցացվել է բռնության հետ, այսինքն՝ մի բան, որ բռնությամբ, մեր արժանապատվությունը ոտնահարելով հաստատվել է ուրիշի կողմից: Շատ հաճախ այդպես եղել է նաև 3-րդ հանրապետության պատմության մեջ: Կարգը հակադրված է եղել մեր կամքին»,- նշեց Փաշինյանը:

Նրա խոսքով՝ 2018 թվականի ոչ բռնի, թավշյա հեղափոխությունը հայ ազգին բերել է ազատություն, ու քանի որ պետական կարգը ենթագիտակցաբար միշտ հակոտնյա է եղել մեր ազատության հետ, հիմա այս ճգնաժամային իրավիճակում ասոցացվում է որպես ժողովրդին ազատությունից զրկելու հերթական փորձ:

«Հեղափոխությունն ազատագրել է մեզ, հետևաբար մեր ազատությունն ասոցացվում է կարգի բացակայության հետ: Սա շրջադարձային պահ է մեզ համար, մեր պետականության համար։ Մենք մեր կամքով պետք է ստեղծենք կարգ: Դա նշանակում է, որ մենք կջնջենք մեր ենթագիտակցության միջից պետականազրկության ամբողջ ինֆորմացիան: Մենք առաջին անգամ ունենք հնարավորություն կարգ ստեղծել մեր կամքով, քաղաքացու կամքով, և ոչ թե բռնությամբ»,-ասաց վարչապետը:

Փաշինյանը կոչ արեց, որպեսզի հայերը, որպես քաղաքացի իրենց կամքով կարգ հաստատեն, ինչը նշանակում է, որ ամեն մեկն ինքը կկատարի կարգից բխող պայմանները, ինքը կարգ կստեղծի իր վարքագծով և նույնը կպահանջի մյուսներից։

Նա ընդգծեց, որ պետք է ստեղծել այնպիսի միջավայր, որպեսզի ստեղծած այդ կարգը չկատարելը դառնա ամոթալի, կարգը չկատարողն իրեն զգա օտարված, ինչը մոտիվացիա կլինի նրանց համար, որպեսզի վերադառնան հանրային համակեցության մեջ:

Հայաստանում հունիսի 13-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 16 004 է, արձանագրվել է մահվան 264 դեպք: Ընդհանուր առմամբ իրականացվել է 80 130 թեստ: Կորոնավիրուսից ապաքինվել 6081 պացիենտ։Այս պահին փաստացի բուժում է ստանում 9568 պացիենտ:Արձանագրվելնաև մահվան 91 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։

Կառավարությունը հունիսի 12-ին որոշում է կայացրել ՀՀ-ում մարտի 16-ին հայտարարված և մինչև հունիսի 13-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը 2020 թվականի հունիսի 13-ից՝ ժամը 17:00-ից երկարաձգել ևս 30 օրով՝ մինչև հուլիսի 13-ը՝ ժամը 17:00-ն ներառյալ:

 

Լիլիթ Դեմուրյան

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]