Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Եվրախորհրդարանի 3 պատգամավորի համատեղ հայտարարության իրական արժեքը և ազդեցությունը

Եվրախորհրդարանի 3 պատգամավորի համատեղ հայտարարության իրական արժեքը և 
ազդեցությունը

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Եվրամիություն-Հայաստան գործընկերության հանձնաժողովի համանախագահ Մարինա Կալյուրանդին, Հայաստանի հարցով զեկուցող Տրայան Բեսեսկուն և Ադրբեջանի հարցով զեկուցող Ժելենա Զովկոն հունիսի 10-ին համատեղ հայտարարություն են տարածել «Հայաստանի և ԼՂ միջև նոր ճանապարհի կառուցման վերաբերյալ»: Այն փաստացի դատապարտում է Հայաստանն Արցախին կապող Կապան-Հադրութ մայրուղու կառուցումը և պարունակում է մի շարք բացահայտ հակահայկական ձևակերպումներ, այդ թվում` «Լեռնային Ղարաբաղի ապօրինի օկուպացիայի և հակամարտությունն Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված սահմաններում կարգավորելու» վերաբերյալ:

Եվրախորհրդարանի 3 պատգամավորի այս հայտարարությունը Հայաստանում դարձել է տարաբնույթ (հիմնականում պարտվողական) մեկնաբանությունների առարկա, իսկ ադրբեջանական քարոզչամեքենան փորձում է այն մատուցել որպես «դիվանագիտական փայլուն հաղթանակ»: Բաքվի տեղեկատվական-քարոզչական լայնածավալ արշավի և հայաստանյան ներքաղաքական շահարկումների ֆոնին այս հայտարարության իրական դերն ու ազդեցությունը լիարժեքորեն չի դիտարկվում, ուստի անհրաժեշտություն կա այն ենթարկել համակողմանի վերլուծության:

Եվրախորհրդարանի 3 պատգամավորի հայտարարությունը դիտարկենք իրավական հարթության մեջ: Այս առումով կարիք կա հստակ արձանագրել, որ հայտարարությունը չունի որևէ իրավական ուժ, ավելին` այն չունի նաև քաղաքական բավարար կշիռ, քանի որ ոչ թե Եվրախորհրդարանի կողմից քվեարկությամբ ընդունված բանաձև կամ հայտարարություն է, այլ պարզապես 3 անհատ պատգամավորի նախաձեռնությամբ տարածված հայտարարություն:

Հաշվի առնելով, որ տվյալ անձինք զբաղեցնում են հստակ իրավասություններ ենթադրող պաշտոններ (ԵՄ-Հայաստան գործընկերության հանձնաժողովի համանախագահ, Հայաստանի հարցով զեկուցող, Ադրբեջանի հարցով զեկուցող) ոչ միանշանակ է, թե արդյոք հայտարարության հեղինակները գործել են իրենց իրավասությունների շրջանակում` հայտարարություն տարածելով Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ, առավել ևս` նման միակողմանի բովանդակությամբ: Չենք կարող բացառել, որ նրանց գործողությունները կարող են անգամ որակվել որպես պաշտոնական դիրքի չարաշահում և ոչ կոմպետենտության արտահայտություն:  

Եթե հայտարարությունը դիտարկենք քաղաքական հարթության մեջ, պետք է ընդգծել, որ տեքստում տեղ գտած ձևակերպումներն ու շեշտադրումները չեն համապատասխանում ո´չ Եվրամիության պաշտոնական դիրքորոշմանը, ո´չ Եվրախորհրդարանի կողմից ավելի վաղ ընդունված բանաձևերին և հայտարարություններին: Հատկանշական է, որ Ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ պաշտոնական Բրյուսելի դիրքորոշումն արտահայտող  միակ իրավական ուժ ունեցող փաստաթուղթը ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրն է, որն, ի դեպ, վավերացվել է նաև Եվրախորհրդարանի կողմից: Համաձայնագրում նշված է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը պետք է հիմնված լինի ՄԱԿ-ի կանոնադրությունում և ԵԱՀԿ Հելսինկյան եզրափակիչ ակտում ամրագրված նպատակների և սկզբունքների վրա, մասնավորապես, ուժի սպառնալիքից կամ գործադրումից զերծ մնալու, պետությունների տարածքային ամբողջականության և ժողովուրդների հավասար իրավունքների և ինքնորոշման սկզբունքների վրա` հաշվի առնելով նաև կարգավորման գործընթացին աջակցելու Եվրամիության հանձնառությունը:

Ինչ վերաբերում է Եվրախորհրդարանի 3 պատգամավորի հայտարարության բովանդակային կողմին, ապա այն խիստ միակողմանի է և հակասական: Հայտարարության հեղինակները վերահաստատում են իրենց «հաստատակամ աջակցությունը ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ջանքերին և 2009թ. հիմնարար սկզբունքներին», սակայն նույն տեքստում, փաստացի աղավաղում են այդ հիմնարար սկզբունքները: Բացի այդ, հայտարարությունում կիրառված «օկուպացված», «գրավյալ» եզրույթների կիրառումն անընդունել է, քանի որ դրանք կանխորոշում են Արցախի վերջնական կարգավիճակը և հակասում են հիմնարար սկզբունքների տրամաբանությանը: Ավելին, հայտարարության մեջ զուտ հումանիտար նշանակություն ունեցող մայրուղու կառուցումը պատգամավորների կողմից քաղաքականացվել է` անտեսելով, որ Ադրբեջանի կողմից շրջափակման մեջ և ագրեսիայի սպառնալիքի պայմաններում գտնվող Արցախի բնակչության համար նման մայրուղին կյանքի ճանապարհ է և իր հիմնարար իրավունքների իրացման ևս մեկ հնարավորություն:

Թե ինչու են Եվրախորհրդարանի 3 պատգամավոր որոշել «ադրբեջանական ձևակերպումներով» համեմված հայտարարությամբ հանդես գալ, կարելի է կռահել, առավել ևս եթե հաշվի առնենք եվրոպական միջխորհրդարանական համագործակցության ձևաչափերում Ադրբեջանի խավիարային դիվանագիտության պրակտիկան և հայտարարության որոշ հեղինակների (օրինակ` Տրայան Բեսեսկուի) ավելի վաղ արտահայտած բացահայտ ադրբեջանամետ հայտարարությունները:

Հայկական կողմն արդեն իսկ արձագանքել է Եվրախորհրդարանի 3 պատգամավորի հայտարարությանը: Հայաստան-Եվրամիություն (ԵՄ) խորհրդարանական գործընկերության կոմիտեի անդամները հայտարարություն են տարածել` խոր մտահոգություն հայտնելով հունիսի 10-ին արված հայտարարության վերաբերյալ, մանրամասն անդրադառնալով դրա բովանդակությանը և հեղինակների գործելաոճի անընդունելիությանը: Նշված է նաև, որ ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեում Հայաստանի պատվիրակությունն իրեն իրավունք է վերապահում վերագնահատել և վերանայել իր հետագա փոխգործակցությունը տիկին Մարինա Կալյուրանդիի, պարոն Տրայան Բեսեսկուի և տիկին Զելյանա Զովկոյի հետ` իրենց ներկա կարգավիճակում:

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի խմբակցությունները ևս համատեղ հայտարարություն են տարածել՝ ընդգծելով, որ «Եվրախորհրդարանի երեք պատգամավորների վերոհիշյալ հայտարարությունը խիստ սուբյեկտիվ և կողմնակալ է իր բնույթով, իսկ նման մոտեցումները, ինչպես ցույց է տվել փորձը, միշտ էլ բացասական ազդեցություն են թողել տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանմանն ուղղված ջանքերին, որոնց ուղղությամբ տարիներ շարունակ իրենց գործունեությունն են իրականացնում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները»:

Հայաստանի և Արցախի խորհրդարանների հայտարարությունները և դրանցում առկա մտահոգությունները հիմնավոր են և բավական կարևոր է այս հարցում դրսևորել հետևողականություն` հասնելով հունիսի 10-ի հակասական հայտարարության բոլոր կամ առնվազն որոշ հեղինակների հեռացման նրանց զբաղեցրած պաշտոններից:

Եթե ամփոփենք Եվրախորհրդարանի 3 պատգամավորի համատեղ հայտարարության վերլուծությունը, կարող ենք նշել, որ այն իրավական կամ քաղաքական առումով լուրջ հետևանքներ չի կարող ստեղծել Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի համար: Սակայն, միևնույն ժամանակ կարևոր է չթերագնահատել նաև այդ հայտարարությունը, քանզի այն հստակ ցուցիչ է, որ եվրոպական ուղղությամբ, հատկապես խորհրդարանական ձևաչափով, շատ անելիքներ ունենք: Անհրաժեշտ է հետևողական աշխատանք տանել եվրոպական և ընդհանրապես միջազգային գործընկերների հետ, որպեսզի բացառվեն նման միակողմանի նախաձեռնությունները, քանզի դրանք կարող են նպաստել Ադրբեջանի ռազմատենչ հռետորաբանությանն ու կեցվածքին` սպառնալիքներ ստեղծելով տարածաշրջանային անվտանգության համար:

 

Նարեկ Մինասյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]