1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Իրանի և Հայաստանի միջև ծագած ամեն կնճիռ պետք է հարթվի երկկողմ բարեկամությանը հարիր միջոցներով

Իրանի և Հայաստանի միջև ծագած ամեն կնճիռ պետք է հարթվի երկկողմ 
բարեկամությանը հարիր միջոցներով

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անցած 3 ամիսների ընթացքում բարեկամական Իրանում տարբեր մակարդակներում պարբերաբար անհարկի շահարկվել է Թել Ավիվում Հայաստանի դեսպանատան բացման թեման՝ քաղաքական հայտարարությունների, մամուլի հրապարակումների, տարաբնույթ բողոքի գործողությունների տեսքով։ Հատկապես վերջին օրերին նշված հարցի առնչությամբ Իրանում տեղ գտած առանձին դրսևորումներ որոշակի արձագանք են ստացել նաև Հայաստանում։

Այսպես, հունիսի 9-ին շուրջ 2 տասնյակ իրանցի ուսանողներ բողոքի գործողություն են իրականացրել ԻԻՀ-ում ՀՀ դեսպանատան առջև։ Ցուցարարները պահանաջել են, որ Հայաստանը վերանայի Իսրայելում դեսպանատուն բացելու որոշումը։ Նրանք այրել են Իսրայելի դրոշը,  հնչեցրել  «մահ Իսրայելին»,  «մահ ԱՄՆ-ին» և նմանատիպ այլ կարգախոսներ։ Ակցիայի ընթացքում ցուցարարները հայտարարել են՝  «ցանկացած փորձ, որը Իրանի հարևանությամբ սիոնիստական ռեժիմի ազդեցության և ներկայության աճի համար հիմք կստեղծի, կհամարվի թշնամական քայլ»։ Ցուցարարներն ընդգծել են, որ Հայաստանի որոշմանը դեմ են Իրանի պետական գերատեսչությունները,  ժողովուրդը, այդ թվում՝ իրանահայերը։

Բացի այդ, Թավրիզում «Սիոնիստական ռեժիմի ազդեցության պատճառներն ու հիմքերը Հարավային Կովկասում՝ Հայաստանի շեշտադրմամբ» խորագրով գիտական կոնֆերանս է անցկացվել։ Դրա ընթացքում հնչած կարծիքներում հատկապես կարմիր թելի պես անցել են «Հոգևոր առաջնորդի կողմից կանխատեսելի ապագայում Իսրայելի գոյություն չունենալու շուրջ հավաստիացման պարագայում այդ երկրում դեսպանատուն բացելու վերաբերյալ ՀՀ պաշտոնյաների որոշումն անհեռատես քայլ է» տրամաբանությամբ ձևակերպումները։

Այս թեմայի շուրջ տեղ գտած այլ հրապարակումներում հերթական անգամ մտահոգություն է հնչեցվել «տարածաշրջանում սիոնիստների ազդեցության տարածումը հնարավորինս թույլ չտալու» հետ կապված։

Բարեկամական երկրից հնչող անհարկի անհանգստության, անհեռատես ուղերձների և խնդրո առարկա՝ Թել Ավիվում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություն բացելու համակողմանի հիմնավորման թեմային առիթ եղել է անդրադառնալու ավելի վաղ, որը ընդհանրացնող ձևակերպմամբ կարելի է շարադրել հետևյալ կերպ. «Հայաստանը աշխարհի եզակի երկրներից է, որ բացառիկ համազգային նշանակության շահեր ունի պատմական Պաղեստինի տարածքում, Երուսաղեմում, որոնց պաշտպանության համար օրակարգային անհրաժեշտություն է Իսրայելում դեսպանատան հիմնումը (https://armenpress.am/arm/news/1009437.html)։

Այդուհանդերձ, լիովին ըմբռնելով Թեհրանի անհանգստությունը և Իսրայելի մեկուսացման ուղղությամբ որդեգրված քաղաքականության կարևորությունը Իսլամական Հանրապետության կառավարման գաղափարական համատեքստում, հերթական անգամ հարկ ենք համարում ընդգծել, որ Հայաստանի համար Իրանի հետ հազարամյակներով թվագրվող պատմական հարաբերություններն ունեն կենսական նշանակություն, և, անշու՛շտ, փոխադարձության սկզբունքով։ Դրանք բնական հիմքով ռազմավարական կարևորություն ունեն Երևանի համար՝ անկախ ՀՀ-ում կառավարող օրվա քաղաքական իշխանության բնույթից։ Երկու երկրների բարեկամությունը չի կարող ստորադասվել որևէ երրորդ երկրի հետ հարաբերություններից, դրանց հաշվին չի կարող կառուցվել կամ զարգացվել այլ համագործակցություն։ Ավելին, տարածաշրջանային բազմաթիվ խնդիրների հետ կապված Հայաստանն ու Իրանն ունեն ոչ միայն նման մոտեցումներ, այլ հաճախ նաև ընդհանուր շահեր ու մարտահրավերներ։ Հետևաբար, բարեկամական երկրների՝ նաև արտաքին քաղաքական օրակարգի ընդլայնման յուրաքանչյուր փորձ պետք է դիտարկվի հենց ընդհանուր հնարավորությունների համատեքստում։ Որպես նշվածի ամենավառ ապացույց՝ բավական է նշել, օրինակ, տարածաշրջանում ադրբեջանաթուրքական ռազմաքաղաքական դաշինքից բխող ընդհանուր մարտահրավերները, կամ ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությունից հետո նաև Իրանի համար ստեղծված նոր հնարավորությունները. դրանք, ի դեպ, իրավական ձևակերպում ստացան 2019թ. հոկտեմբերի 1-ին Երևանում տեղի ունեցած ԵԱՏՄ գագաթաժողովի շրջանակներում՝ նաև Իրանի նախագահի մասնակցությամբ: Բացի նշվածից, առավել լայն պատմական ընդգրկմամբ ավելորդ չէ հիշեցնել ընդամենը Իսլամական Հանրապետության միակ ոչ մուսուլմանական հարևանի՝ Հայաստանի անկախացմանը հետևած 3 տասնամյակների ընթացքում Երևան-Թեհրան հարաբերությունները, որոնք եղել են ամենակայունը, բնականոնը և նվազ խնդրահարույցը երկու դրկիցների համար էլ։ Այս թեզը, գուցե նաև ՀՀ համապատասխան գերատեսչությունների կողմից բարեկամական երկրի գործընկերներին հերթական անգամ հիշեցնելու, հավաստիացնելու անհրաժեշտություն կա, իհարկե բացառապես տասնամյակներ շարունակ հաջողված քաղաքական, դիվանագիտական խողովակների միջոցով, ինչպես հարիր է իսկական բարեկամներին։

Վերոնշյալից բացի, այնուամենայնիվ Իրանում հակաիսրայելական թեմայի նաև նման դրսևորմամբ հերթական շահարկումը, անշուշտ հետապնդում է ներքաղաքական և «համաիսլամակամ» սպառման նպատակ։ Անընդհատ խստացվող ամերիկյան պատժամիջոցներով, նոր կորոնավիրուսի համավարակով և մի շարք այլ հանգամանքներով պայմանավորված տարաբնույթ ներքին սոցիալ-տնտեսական մարտահրավերները, նաև դրանց ազդեցությամբ տարածաշրջանում Իրանի դիրքերի որոշակի ընկրկումը, այդուհանդերձ, հարևան երկրի իշխանություններին սեփական արտաքին և անվտանգային ուղեգծին հավատարիմ մնալու և գործնական քայլերի դիմելու վերաբերյալ արտաքին ու ներքին քարոզչական ուղերձեր հղելու խնդրի առջև է կանգնեցրել։ Նշվածի վառ ապացույցն է ամենաարդիական՝ հենց ՀՀ դեսպանատան առջև նման փոքրաքանակ, ոչ ընդգծված հակահայկական և առավելապես հակաիսրայելական ուղղվածության բողոքի գործողության կազմակերպումը, որն իր մասշտաբին հակառակ բավականաչափ լայն լուսաբանում ստացավ։

Ասել է թե՝ 2017-2018թթ․ ԱՄՆ-ի և նրա տարածաշրջանային դաշնակիցների կողմից Իրանի ազդեցության սահմանափակմանը միտված տարաբնույթ գործողությունները որոշակի արդյունքներ արդենիսկ արձանագրել են.

  1. Սիրիայում Իրանի դիրքերի ամրապնդման դեմ Իսրայելի գործողությունները սիրիա-իսրայելական սահմանից, Արաբական Հանրապետության առանցքային կենտրոնական շրջաններից տեղափոխվել են սիրիա-իրաքյան սահման, անգամ Իրաքի տարածք։
  2. Իրաքում շուրջ 8 ամիս շարունակվող ներքաղաքական ճգնաժամի ընթացքում կառավարության ձևավորման մի քանի անհաջող փորձից հետո վերջինի արդյունքում ընտրված գործիչները զգալիորեն դուրս են իրանական ազդեցությունից, ի տարբերություն նախկին դեպքերի:
  3. Լիբանանում ընթացող ներքաղաքական և տնտեսական ճգնաժամի համատեքստում ինչպես այդ երկրի պոտենցիալ հովանավոր արտաքին դերակատարների, այնպես էլ լիբանանյան հասարակության առանձին շերտերի կողմից առավել լայն թափ է ստացել Իրանի ազդեցության ներքո գտնվող «Հիզբալլահ» շիայական կազմակերպության թիրախավորման գործընթացը։ 
  4. Ս․թ․ հունվարին ԱՄՆ-ի հատուկ գործողության արդյունքում ԻՀՊԿ «Ղոդս» ստորաբաժանման լեգենդար հրամանատար գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանությանն ի պատասխան ԻԻՀ բարձրագույն իշխանության խոստացված վրեժը ցայժմ չի արձանագրել լիարժեք արդյունքներ և այլն։

Հետևաբար, նշվածի համատեքստում կանխատեսելի է ԻԻՀ իշխանության տարբեր շերտերի կողմից առնվազն սեփական հասարակության և արտաքին ազդեցության գոտի համարվող երկրներում հնարավոր բոլոր ուղղություններով «հակասիոնիստական և հակաիմպերիալիստական» պայքարի շարունակականություն ներկայացնելու քարոզչական գործողությունները։

Այդուհանդերձ, հատկապես Հայաստանի ուղղությամբ նման քայլերի արդյունավետությունը գրեթե զրոյական է։ Ավելին, հղի է հակառակ էֆեկտով, որը միանշանակորեն կարող է բացասական ազդեցություն ունենալ ինչպես Իրանի արտաքին իմիջի, այնպես էլ Երևան-Թեհրան բարեկամության վրա։

Որպես նշվածի օրինակ՝

  1. Կասկածից վեր է՝ որևէ երկրի կողմից Հայաստանի արտաքին քաղաքական ուղեգծի վրա ներազդելու նման հրապարակային գործողությունները զուրկ են արդյունավետությունից և չեն կարող ազդեցություն ունենալ Երևանի քաղաքականության վրա։ Հետևաբար, նման գործելաոճի ուղղակի հետևանքներ կարող է լինել երկու երկրների և հասարակությունների շրջանում անիմաստ և անտեղին թյուրըմբռնման առաջացումը:
  2. Առաջին դրույթի համատեքստում, Իրանի նման քայլերի անարդյունավետությունը ի վերջո հենց Իսրայելում գնահատվելու է որպես Թեհրանի հակաիսրայելական քաղաքականության հերթական օղակի ձախողում, որն էական հարված է Թեհրանի արտաքին իմիջին։
  3. Իրան-Հայաստան հարաբերություններում ծագող նման կնճիռները մեծագույն բավականություն են առաջացնում երկու երկրների համար ոչ բարեկամական դերակատարների շրջանում, օրինակ՝ Ադրբեջանում և Թուրքիայում, որոնք սեփական քարոզչամիջոցների, նաև հովանավորյալ տարաբնույթ շրջանակների կողմից ձգտում են ավելի ուռճացնել դրանք՝ հրահրելով ածանցյալ դրսևորումներ:

Ամփոփելով, հերթական անգամ պետք է ամրագրել, որ այնպիսի պատմական դրկիցների միջև, ինչպիսիք Հայաստանը և Իրանն են, փոխադարձ բնական բարեկամությունը ռազմավարական կարևորություն ունի: Այն տրամաբանորեն ենթադրում է, որ նրանց միջև ծագած որևէ խնդիր պետք է կարգավորվի բացառապես նման բնույթի հարաբերություններին հարիր փորձարկված գործիքակազմով՝ ապագայում որևէ նստվածք չթողնելու, նաև ոչ բարեկամ դերակատարների շրջանում անտեղի շահարկումների հնարավորություներ չընձեռելու նպատակով:

Արմեն Պետրոսյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]