Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ՀՀ-ն կորոնավիրուսի դեմ պայքարում ունի ճիշտ այնքան պրոբլեմներ, որքան ամբողջ մարդկությունը. վարչապետ

ՀՀ-ն կորոնավիրուսի դեմ պայքարում ունի ճիշտ այնքան պրոբլեմներ, որքան ամբողջ 
մարդկությունը. վարչապետ

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարետատան նիստից հետո տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի և Շտապ օգնության «Կենտրոն» ենթակայանի սրտային վերակենդանացման բրիգադի բժիշկ Տիգրան Գևորգյանի հետ անցկացրել է ճեպազրույց։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, վարչապետը նախ նշել է, որ կառավարությունը հունիսի 12-ին արտահերթ նիստում կքննարկի երկրում արտակարգ դրությունը երկարաձգելու հարցը, այնուհետև քննարկումները կշարունակվեն Ազգային ժողովի հատուկ նիստում:

Վարչապետը նշել է, որ Հայաստանում հունիսի 10-ին արձանագրված կորոնավիրուսի 566 նոր դեպքը արտահայտումն է նրա, թե 7-14 օր առաջ ինչպես են պահպանվել հակահամաճարակային կանոնները: «Այսինքն, մենք համոզված ենք, որ մեր կողմից սահմանված կանոնների պահպանումը բերելու է դեպքերի զրոյացման: Այսօր մեր կողմից կանոնների պահպանման մակարդակը արդյունքների է բերում 7-14 օր հետո, որովհետև հիվանդության ինկուբացիոն շրջանն այդքան է: Մենք 7-14 օր առաջ պատշաճ չենք պահպանել հակահամաճարակային կանոնները»,- ասել է  Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը նշել է, որ արտակարգ դրության ռեժիմի՝ Ազգային ժողովում քննարկման ժամանակ անդրադարձ կկատարվի այս ընթացքում կատարվածին և հետագա անելիքներին: 

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի խոսքով՝ կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակի պայմաններում շարունակում են մեծ խնդիր լինել հավաքույթները՝ ծննդյան արարողությունները, հարսանիքները, թաղումներն ու սգո արարողությունները: 

«Հանրության մի մեծ հատված խնդրին վերաբերվում է զգացմունքային հենքով դիրքորոշվելով: Վերջին շրջանում ՏԻՄ մարմիններին տրվել են հանձնարարություններ, որ իրենք հանդիսանան պատասխանատուն իրենց համայնքում հավաքույթները պարետի որոշմամբ սահմանվածից ավելի թույլ չտալու: Բայց, ցավոք, սա բավականին բարդ խնդիր է, որովհետև հաճախ, երբ մարդիկ կորցնում են հարազատներ, դժվար է լինում բացատրել խնդրի կարևորությունը: Հորդորում եմ լսել համայնքապետերի, մարզպետարանների, ոստիկանության աշխատակիցների հորդորը: Սա որևէ մեկի քմահաճույքը չէ»,- ասել է նախարարը: 

Պատասխանելով հարցին՝ վարչապետն ընդգծել է, որ Հայաստանը կորոնավիրուսի դեմ պայքարում պարտվել է այնքան, որքան պարտվել է աշխարհը, օրինակ՝ ԱՄՆ-ն, Ֆրանսիան, Բելգիան, Մեծ Բրիտանիան, ՌԴ-ն, Շվեդիան, Գերմանիան և շատ այլ զարգացած ու գերզարգացած երկրներ:  «Եթե ՀՀ կառավարությունը պարտվել է կորոնավիրուսի դեմ պայքարում, ուրեմն կորոնավիրուսի դեմ պայքարում պարտվել է մարդկությունն ընդհանրապես, քաղաքակրթությունն ընդհանրապես: Այո, ՀՀ կառավարությունն ունի պրոբլեմներ կորոնավիրուսի դեմ պայքարում, որքան ունեն պրոբլեմներ իմ նշած աշխարհի բազմաթիվ երկրներ, ճիշտ այնքան պրոբլեմներ, որքան ամբողջ մարդկությունը»,-ասել է Նիկոլ Փաշինյանը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am