1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

«Երևանյան բեսթսելեր». Լևոն Նեսի գրքերն ամենապահանջվածն են. հայ գրականություն, մայիս, 2020

«Երևանյան բեսթսելեր». Լևոն Նեսի գրքերն ամենապահանջվածն են. հայ 
գրականություն, մայիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագիծն այս շաբաթ ներկայացնում է հայ գրողների գեղարվեստական ստեղծագործությունների լավագույն տասնյակը՝ ըստ մայիսի վաճառքի տվյալների:

Առաջին հորիզոնականն է զբաղեցնում Սյունե Սևադայի «Կախվածություն» գիրքը: «Կախվածություն» պատմվածքների ժողովածուն ներառում է գրողի վերջին երեք տարվա գործերը։ Ներկայացված են hամացանցում հրապարակված, ամսագրերում տպագրված և այլ լեզուներով թարգմանված պատմվածքներ և անտիպ գործեր։ Պատմվածքների թեմաները չունեն ուղղվածություն, որոշները սոցիալական են, որոշները՝ ավելի զգայական, որոշ պատմվածքներ հղում ունեն Արցախյան ազատամարտին։

Լևոն Նեսի (Հովհաննիսյան) «Ստախոսը» երկրորդ տեղում է։ Հաջողակ գործարար, տաղանդավոր նկարիչ, խուզարկու. վեպի «ստախոս» հերոսը տարբեր դիմակներով ճանապարհորդում է Գերմանիայից Ավստրիա, փորձում այս ճանապարհով փախչել ներկայից ու իր ճակատագրից, մոռանալ անցյալն ու երջանիկ լինել։ Արկածային ու գերբնական տարրերով, հոգեբանական նուրբ պատկերներով, հետաքրքիր զարգացմամբ ու անակնկալ ավարտով այս վեպը կլանում է առաջին էջերից ու բաց չի թողնում ընթերցողին մինչև անսպասելի ավարտը։

Երրորդ տեղում է դարձյալ Լևոն Նեսի (Հովհաննիսյան) «Բալզակ. մի շան պատմություն» գիրքը: Բալզակը խոհեմ և իմաստուն շուն է: Անսովոր անուն է շան համար, բայց վերջինս օժտված է անժխտելի գրական ձիրքով, իսկ փաստերին դեմ գնալն անպտուղ գործ է: Հեղինակը փորձել է մարդուն նայել շան աչքերով: Հարցերն ու ոչ այնքան սփոփիչ հետևություններն անխուսափելի են. արդյո՞ք կենդանին երբեմն ավելի բանական չէ, քան մարդը: Գուցե վերջինս պարզապես յուրացրե՞լ է բանական արարածի իր բարձր տիտղոսը: Իսկ բանականությունը, որ մեր տեսակի կայացման նախապայմանն է, արդյոք թույլ տալի՞ս է անվերապահորեն արժանանալ մեր չորքոտանի բարեկամների անսահման նվիրվածությանն ու հավատարմությանը:

Չորրորդ տեղում է Վարդգես Պետրոսյանի «Վերջին ուսուցիչը»: Ոմանք նրան տեսել են Եվայի մերկությամբ, ոմանք՝ ծովափնյա. ինչ կա որ: Ոչինչ չէր լինի, եթե այդ պահին դուռը չբացվեր, և անակնկալ ներս չնայեր քիմիայի ուսուցչուհի Սոնա Միքայելյանը: Տեսածը տեսած էր, որ նշանակում է հաջորդ պահին այդ մասին պետք է իմանար տնօրենը, հետո ուսուցչանոցը, հետո ամբողջ դպրոցը…

Հինգերորդ տեղում է Նիկոլ Փաշինյանի «Երկրի հակառակ կողմը» վեպը: Գործը գրվել է 2008-2009 թթ. ընթացքում, երբ հեղինակը քաղաքական հետապնդումներից խուսափելու նպատակով գտնվում էր ընդհատակում: Վեպի է վերածվել հոդվածաշարը, որը տպագրվել է 2008 թվականի մայիս-դեկտեմբեր ամիսներին «Հայկական ժամանակ» օրաթերթում: «2018 թվականի հունվարին ինձ մոտեցավ մի սկսնակ հրատարակիչ և առաջարկեց կազմակերպել «Երկրի հակառակ կողմը» վեպի տպագրությունը՝ առանձին գրքով։ Ես թերահավատությամբ վերաբերվեցի այդ գործը կազմակերպելու նրա հմտությանը, այնուամենայնիվ, ժամանակ խնդրեցի վեպը կարդալ-խմբագրելու համար։ Վեպի ընթերցումը 10 տարի անց ինձ տակնուվրա արեց պարզապես։ Իմ ներսում մի իսկական փոթորիկ սկսվեց, մի իսկական հեղափոխություն։ Ես հասկացա, որ ժողովրդի հաղթանակի ժամը եկել է…»,- գրում է Նիկոլ Փաշինյանը:

Հայ ժամանակակից հեղինակ Ջեսահի «Անանկենդան»-ը վեցերորդ տեղում է: Մեծ քաղաք, նոր բարքեր, նոր ու այդպես էլ չհարազատացող մարդիկ: Մեծ քաղաքն ուրիշ ռիթմ ունի, մեծ քաղաքն իր տեմպն է թելադրում, և ինչքան դժվար է փոքր քաղաքում աննկատ մնալ, նույնքան դժվար է մեծ քաղաքում հայտնի լինել: Գլխավոր կերպարը անցնում է օտար քաղաքի պատրաստած փորձության միջով. մի վայրկյանում արձակած դատավճիռը խաչ է քաշում բոլոր երազանքների վրա: Պայքար, որ դառնում է գերագույն նպատակ, պայքար, որ փոխում է կերպարի էությունը, և պայքար, որ բացահայտված ստի արդյունքում վերածվում է դեպրեսիայի, ապագան դիմավորելու արդարացման փնտրտուքի: Կերպարն անցնում է այս ամենի միջով ու դառնում, ըստ էության, նոր մարդ`անանկենդան:

Յոթերորդ հորիզոնականում է Արմեն Նիազյանի «Բռնիր ձեռքս. ես վախենում եմ» գիրքը: Այն բաղկացած է երեք մասից՝ պատմվածքներից, մտորումներից, բանաստեղծություններից, որոնց ասելիքը հետևյալն է՝ ուշադիր լինել մարդու նկատմամբ, չանտեսել ու չարհամարհել նրանց, ովքեր մեր կարիքն ունեն, բռնել նրանց ձեռքը, ովքեր հայտնվել են անդունդում, և փոխանցել հույսի ու լույսի շողեր։ Համամարդկային արժեքների փունջ ներկայացնող այս գիրքը հեղինակի վերջին տարիների մտորումների, խոհերի ու հաճախ ցավալի իրականության հետ առնչվելու արգասիքն է:

Լիլի Մկրտչյանի «Թեյահոլիզմ»-ը ութերորդ հորիզոնականում է: Գրքում ներկայացված 11 պատմվածքից յուրաքանչյուրը ներկայացնում է մի հերոսի կյանքի պատմություն՝ միջանձնային հարաբերությունների, անձնական մտորումների և ընթերցողի հետ երկխոսության միջոցով։ Պատմվածքները, լինելով առանձին և անկախ պատմություններ, մի կետում մեկտեղվում են և դառնում մի մեծ, ամբողջական պատմության մաս։ Գրքի առանցքային ասելիքներից մեկը նկատելուն ուղղված հաղորդագրությունն է․ կյանքի սյուժետային գծերի միջև նկատել նաև լրացնող դետալները, ավելի լավ ճանաչել մարդուն, նրա շուրջ հյուսվող կյանքն ու աշխարհը։

Իններորդ հորիզոնականում է Էդգար Կոստանդյանի «Միլոշ» վեպը: Գրող, դրամատուրգ, միջազգային «Ինտերրայթ» և «Եվրոփեն» մրցույթների հաղթող, «Որբանոց» բեսթսելերի, «Ձմռան վերջին օրը», «Կուկու», «Սովորական երկիր» և այլ գրքերի հեղինակ Կոստանդյանի այս վեպը բավականին պարզ ծանոթագրություն ունի. «Վեպ անցած-գնացած ուրախությունների մասին»:

Տասներորդ հորիզոնականում է Հուսիկ Արայի «Եվ սերը ասաց» ժողովածուն: Ժողովածուն Հուսիկ Արայի սիրային բանաստեղծությունների մեկտեղումն է: Պարզ ու անմիջական, սրտի ճանապարհն ուղիղ գտնող բանաստեղծական տողն ամբողջանում է ավերված աշխարհում դեռ անաղարտ լույս ու մաքրությամբ, որ ուղղակի անդրադարձն է սիրած էակի, որ երբեմն հնչում է աղոթքի լեզվով: Սիրո գեղեցկությունն է՝ քաղաքի բացօթյա տարածության մեջ, Սիրո ազատությունը՝ մաքուր ու վայրի բնության մեջ:

 «Երևանյան բեսթսելերը» ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը

Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (011-53-74-13), «Հայ գիրք» (56-80-38), «Զանգակ» (011-22-33-66) գրախանութների և գրատների ցանցերը:

Տեղ Փոփ. Գիրք Հրատ. Քանակ
1 0

Սյունե Սևադա

«Կախվածություն»

Էջ 73
2 նոր

Լևոն Նես (Հովհաննիսյան)

«Ստախոսը»

Զանգակ 28
3 +2

Լևոն Նես (Հովհաննիսյան)

«Բալզակ. մի շան պատմություն»

Զանգակ 26
4 -2

Վարդգես Պետրոսյան

«Վերջին ուսուցիչը»

Դարակ 26
5 -1

Նիկոլ Փաշինյան

«Երկրի հակառակ կողմը»

Անտարես 16
6 0

Ջեսահ

«Անանկենդան» 

Անտարես 15
7 +3

Արմեն Նիազյան

«Բռնիր ձեռքս. ես վախենում եմ»

հեղ․հրատ 14
8 -5

Լիլի Մկրտչյան

«Թեյահոլիզմ»

հեղ․հրատ 14
9 *

Էդգար Կոստանդյան

«Միլոշ»

ԳրաՏուն 12
10 -2

Հուսիկ Արա

«Եվ սերը ասաց»

Անտարես 10

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]