Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   30 Նոյեմբեր

Նոր մարտահրավերներ Ադրբեջանի իշխանությունների համար

Նոր մարտահրավերներ Ադրբեջանի իշխանությունների համար

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ադրբեջանի քաղաքական իշխանությունը թագավարակի հետ կապված բավականին խոցելի է դարձել ոչ միայն երկրի ներսում, այլեւ դրա սահմաններից դուրս։ Եվրոպական մի շարք երկրներում նախագահ Իլհամ Ալիեւի դեմ բողոքի ակցիաներ են սկսվել։ Երկրի ներսում նույնպես իրավիճակը հարթ չէ։ Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի հետ զրույցում նշեց, որ երկրի քաղաքական իշխանության հանդեպ թե ընդդիմադիր քաղաքական ուժերի, թե հասարակության շրջանում դժգոհությունն առավել ցայտուն է դարձել. «Թագավարակն իրականում առիթ էր, որպեսզի քաղաքական իշխանության նկատմամբ անվստահությունն առավել ակնառու դառնա։ Եթե մինչ այդ փորձ էր կատարվում այս կամ այն կերպ լռեցնել դժգոհության ալիքը, ապա այժմ փաստացի անհնար է դառնում»։

Ադրբեջանում լայն թափ են ստացել ձերբակալությունները։ Թեեւ որպես պատրվակ բերվում է կարանտինային ռեժիմի խախտումը, այդ թվում՝ դիմակ չկրելը, սակայն փորձագետն ընդգծում է, որ ձերբակալվում են հիմնականում ընդդիմադիր հայացքներ ունեցող եւ ակտիվ գործունեություն իրականացնող անձինք։ Տեղեկություններ կան, որ բերման ենթարկված անձանց ստիպում են ոստիկանական բաժանմունքներում իրականացնել շինարարական աշխատանքներ։ «Այս պահին ձերբակալվել է ավելի քան 20 մարդ։ Ոստիկանական հատուկ ուժերը Բաքվի Դադաշ Բնունադզադե փողոցի շենքերում իրականացրել են հատուկ գործողություններ, որի արդյունքում իրենց բնակարաններից բերման են ենթարկվել, այնուհետեւ ձերբակալվել ընդդիմադիր գործիչներ։ Նրանց պաշտոնապես մեղադրում են հունիսի 7-ին խստացված կարանտինի ժամանակ աղբի տոպրակները պատուհաններից ցած նետելու եւ հասարակական կարգը խախտելու մեջ»,–մանրամասնեց Կ. Հովհաննիսյանը։ Այդ անձինք, ի նշան խստացված կարանտինային ռեժիմի, հունիսի 7—ին կոչ էին արել բնակիչներին իրենց աղբը պատուհանից ցած նետել, քանի որ սահմանափակումների պատճառով զրկված են անգամ աղբ թափելու հնարավորությունից։

Փաստորեն, մարդիկ միտումնավոր դուրս են գալիս տներից, չեն ենթարկվում սահմանափակումներին եւ տարբեր տեսակի բախումներ են հրահրում ուժային կառույցների հետ։ Մյուս կողմից, այդ բախումները տեսանկարահանվում են եւ տեղադրվում համացանցում արդեն քաղաքական հակառակորդների կողմից, որոնք փորձում են այդ կերպ վարկաբեկել իշխանությանը։ Այդ գործընթացներին ներգրաված են նախկին իշխանական ուժերը, որոնք իշխանության ղեկին էին դեռեւս 90-ականներին։

Ադրբեջանը խնդիր ունի նաեւ իր այն քաղաքացիների հետ, որոնք ցանկանում են ՌԴ-ի տարածքից մուտք գործել երկիր։ Մոտ 9 հարյուր Ադրբեջանի քաղաքացիներ գտնվում են սահմանին։ Վերջիններս դիմել են ծայրահեղ քայլի՝ հացադուլ են հայտարարել՝ այդ կերպ փորձելով ազդել Ադրբեջանի իշխանության վրա։ Հացադուլավորներից շատերը ռուս-ադրբեջանական սահմանին են մեկ ամսից ավելի։ «Ադրբեջանը չի ցանկանում ընդունել այդ քաղաքացիներին՝ վախենալով, որ վերջիններս որոշակի գործողություններ կիրականացնեն։ Ընդհանրապես, Ադրբեջանի քաղաքական իշխանությունը ընդդիմադիրների ուրվականներ է տեսնում բոլոր նրանց մեջ, որոնք փորձում են որեւէ խոսք ասել»,–ասաց Կ. Հովհաննիսյանը։

Անդրադառնալով Նախիջեւանում տիրող իրավիճակին, ռազմական փորձագետը նշեց, որ այդ տարածաշրջանում ռազմական ակտիվությունը՝ զորավարժությունները, ուսումնական վարժանքները, սկսվել են դեռեւս 2019 թվականի սեպտեմբերից, երբ Նախիջեւանում երկու զորավարժություն տեղի ունեցան Թուրքիայի եւ Ադրբեջանի մասնակցությամբ։ Այդ զորավարժություններին Թուրքիայի կողմից ներգրավված էր մեծ քանակությամբ զինտեխնիկա, որն այդպես էլ մինչ օրս չի հեռացվել Նախիջեւանի տարածքից։ «Զորավարժությունները պատրվակ դարձան, որպեսզի Նախիջեւանի տարածքում Թուրքիան զինտեխնիկա բերի։ Մեծ հաշվով Նախիջեւանի կայազորն այնքան էլ չի փայլել ռազմական գործողություններով, իր առջեւ դրված խնդիրների լուծմամբ։ Չնայած դրան, այսօր տեսնում ենք, որ այնտեղ ներգրավված են ոչ միայն Նախիջեւանի ռազմական կայազորը, այլեւ Ադրբեջանի զինված ուժերի այն ստորաբաժանումները, որոնք երբեք ներգրաված չեն եղել Նախիջեւանում։ Դրանք հիմնականում հրթիռահրետանային ստորաբաժանումներն են եւ այն ուժերը, որոնք իրականացնում են հատուկ գործողություններ։ Այս առումով, մենք բավականին ուշադիր պետք է լինենք»,–շեշտեց զրուցակիցս։

Ինչ վերաբերում է Նախիջեւանում մայիսի 19-22-ը նախատեսված թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություններին, ապա Կ. Հովհաննիսյանի գնահատմամբ, զորավարժություններ որպես այդպիսին տեղի չունեցան. ընդամենը զորքերը դուրս են բերվել մշտական տեղակայման վայրերից, տեղափոխվել ժամանակավոր տեղակայման վայրեր եւ նորից վերադարձել։ «Մարտական կրակ կամ մարտական տակտիկական զորավարժություններ տեղի չունեցան։ Դա պարզապես տեղաշարժի ցուցադրում էր։ Ադրբեջանն այդ զորավարժություններն այդպես էլ չանցկացրեց առաջնագծի մոտ, չնայած որ նախապես հայտարարել էր այդ մասին»,–ասաց նա՝ կարեւորելով այն, որ Հայաստանի կողմից բավականին կոշտ արձագանք եղավ։

 

Լուսինե Մխիթարյան

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]