Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Հոսպիտալացման կարիք ունեցող մարդկանց խնդիրն ամեն օրվա հետ ավելի փոքրանում է. Նիկոլ Փաշինյան

Հոսպիտալացման կարիք ունեցող մարդկանց խնդիրն ամեն օրվա հետ ավելի 
փոքրանում է. Նիկոլ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարետատան նիստից հետո առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանի և «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրենի բուժական գծով փոխտնօրեն Պետրոս Մանուկյանի հետ անցկացրել է ճեպազրույց։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, վարչապետը նշել է, որ կորոնավիրուսի համաճարակի ցուցանիշները կրկին կայունացման թույլ և նախնական նախանշաններ են ցույց տալիս և վերջնական հնարավոր չէ ասել, թե իրավիճակը կայունացել է:

««Բայց նախանշաններ կան: Կայունացումը տեղի է ունենում շատ բարձր նշաձողի վրա, երեկ 428 նոր դեպք ենք ունեցել, բայց նաև ուզում եմ ընդգծել, որ մեր ջանքերի շնորհիվ այս բարձր նշաձողով կայունացումը դառնում է տանելի մեր առողջապահական համակարգի համար: Ըստ էության, հոսպիտալացման կարիք ունեցող մարդկանց խնդիրն ամեն օրվա հետ ավելի փոքրանում է: Եթե կարողանանք պահպանել այս միտումը, կլուծենք հոսպիտալացման խնդիրն ամբողջ ծավալով ու կանցնենք կորոնավիրուսի համաճարակի հաղթահարման, ավելի ճիշտ՝ զրոյացման փուլին»,- ասել է վարչապետը:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ ակնհայտ է, որ այսօր բնակիչների մեծամասնությունը կրում է դիմակ, հետևում կանոններին, բայց դեռևս ցանկալի արդյունք չունենք: «Այսօր օրվա առաջին կեսին ոստիկանները 15:00-ի դրությամբ 1800 քաղաքացու տուգանել են դիմակ չկրելու համար: Այս թիվն ասում եմ ցավով, որովհետև մեր նպատակը տուգանելը չէ: Երեկ բացառիկ ցուցանիշ ենք ունեցել բուժվածների մասով՝ 775 բուժված: Ըստ էության, մենք ակտիվ դեպքերի որոշակի նվազում ենք արձանագրել»,-նշել է վարչապետը:

Առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանի խոսքով՝ կորոնավիրուսը նոր հիվանդություն է ու դեռևս շատ անորոշություններ կան դրա թե՛ տարածման, թե՛ կանխարգելման, թե՛ բուժման հետ:

«Այս ամիսներին առողջապահության նախարարությունը ոչ միայն կազմակերպել է կանխարգելիչ և բուժման աշխատանքները, այլև փորձել ենք սովորել հիվանդության մասին: Սովորել ենք մեր բուժաշխատողներից, միջազգային մեր այլ գործընկերներից, մեր փորձագետներից, թե  ինչպես կառավարել համաճարակը: Բավականին երկար ճանապարհ անցել ենք և դեռ անցնելու ենք: Քաղած դասերի հիման վրա փորձում ենք ընդունել որոշակի մարտավարություններ, ավելի արդյունավետ դարձնել հակազդումը»,-ասել է նա:

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ բուժական հարցերով փոխտնօրեն Պետրոս Մանուկյանը նշել է, որ կորոնավիրուսային հիվանդությունը ընթանում է անկառավարելի ընթացքով, անակնկալներ մատուցելով և անկառավարելի բարդություններով։ «Հիվանդներն ունեն բազմաթիվ ուղեկցող հիվանդություններ, որոնք առավելագույնս բարդացնում են հիվանդության ընթացքը։ Վերջին ժամանակներս ծանր ու ծայրահեղ հիվանդների աճի միտում նկատվեց, հիվանդանոցն առավել ծանրաբեռնված է աշխատում։ Հիվանդը, պատկերացրեք, ընդունվում է հիվանդանոց այնպիսի ցուցանիշներով, որ բնորոշ չեն առավել ծանր հիվանդին և կարճ ժամանակ անց նման կլինիկական ախտանիշներ, ինչպիսին է շնչահեղձությունը, մարդկանց մոտ տագնապի զգացողությունը, օդի պակասը, այդ գերլարվածությունն առաջացնում է այնպիսի վիճակ, որ զարգացման ընթացքը հիվանդների մոտ անկառավարելի ընթացքի է բերում։ Բառիս բուն իմաստով աչքիդ առաջ հիվանդները սկսում են շնչահեղձ լինել։ Այստեղ մեզ օգնության են հասնում շնչական ապարատները։ Ցավոք, հիվանդությունը ընթանում է անկառավարելի ընթացքով, անակնկալներ մատուցելով և իր բարդություններն այսօր նույնպես անկառավարելի են»,- ասել է նա՝ ավելացնելով, որ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ն այժմ զբաղվում է միայն ծանր և ծայրահեղ ծանր հիվանդների բուժմամբ: «Պատերազմ է ընթանում, բուժաշխատողները օր ու գիշեր պայքարում են կյանքեր փրկելու համար»,- ասել է Մանուկյանը՝ հորդորելով քաղաքացիներին հետևել պարետատան կանոններին»,- նշված է հաղորդագրության մեջ։

 

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]