Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   27 Հունիս 2022

Ավելի շատ գործ անել, ավելի քիչ խոսել. OnPlay խումբը թարմ շունչ կբերի հայկական շոու բիզնես

Ավելի շատ գործ անել, ավելի քիչ խոսել. OnPlay խումբը թարմ շունչ կբերի հայկական 
շոու բիզնես

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  OnPlay փոփ խումբը երկար տարիներ այլ անվանումով ակումբային գործունեություն է ծավալել՝ ներկայացնելով համաշխարհային հիթերի քավր տարբերակները: Երաժշտասերների ավելի լայն շրջանակին հայտնի դառնալու նպատակով խումբը որոշել է ինքնագործունեությամբ զբաղվել՝ նոր շունչ բերելով հայկական շոու բիզնես:

ՕnPlay-ի մենակատարներից Արտյոմ Հակոբյանը՝ նույն ինքը՝ Տյոմը, որին շատերը ճանաչում են «X ֆակտոր», «Դեպի Եվրատեսիլ», «Նոր ալիք» երաժշտական նախագծերից, «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ փոփ ժանրում են երգում, բայց պատրաստ են նաև փորձարարության ու կարող են անակնկալներ մատուցել հանդիսատեսին:

«Խումբը գործում է արդեն մի քանի տարի, բայց  OnPlay անունով նոր է ներկայանում հանրությանը: Նախատեսում ենք համերգային ծրագրերով հանդես գալ, տեսահոլովակներ նկարահանել, երգում ենք հիմնականում քավր, բայց կունենանք նաև հեղինակային գործեր: Փակագծերը դեռ չեմ կարող բացել, քանի որ առաջնորդվում ենք «Ավելի շատ գործ անել, ավելի քիչ խոսել» կարգախոսով»,-նշեց Տյոմը:

Հակոբյանից բացի, որպես մենակատարներ, խմբում հանդես են գալիս  Էմմա Հովհաննիսյանը, Արևիկ Գրիգորյանը, Ջուլիետտա Գրիգորյանը, իսկ երաժիշտներն են Նարեկ Խեչումյանը, որը հարվածային գործիքներ է նվագում, սոլո կիթառահար Արեգ Օրդյանը, բաս կիթառահար Դավիթ Պարոնիկյանը, ստեղնաշարային գործիքներ է նվագում Ջանիկ Ջանոյանը, սաքսոֆոնահարն է Դմիտրի Արզումանյանը, շեփորահարը՝ Դանիել Մելքոնյանը, խմբի անդամներից է DJ Beatmen-ը:

Չնայած խումբը բավականին մեծ է, աշխատելիս խոչընդոտների չեն բախվում: Համագործակցում են համերաշխ մթնոլորտում. այս կամ այն երգի ընտրությունը կատարում են քննարկումների, զրույցների արդյունքում:

«Ասես մեծ ընտանիք լինենք, և մեզանից յուրաքանչյուրն իր խոսքն ունի: Կարողանում ենք տարբեր հարցերի շուրջ ընդհանուր հայտարարի  գալ և աշխատում ենք փոխհամաձայնությամբ»,-շեշտեց Տյոմը:

Խոսելով սպասվող հնարավոր մրցակցությունից՝ երգիչը խոստովանեց, որ այլ խմբերի կամ երգիչների հետ մրցակցելու ցանկություն բնավ չունեն: «Մենք գլուխներս կախ մեր գործն ենք անում: Շուկան փոքր է, բայց ստեղծագործողները տարբեր են, և մենք էլ մեր տեղը կարող ենք ունենալ, քանի որ խմբի անդամներից յուրաքանչյուրը որոշակի ուղի է  անցել ու իր լսարանը ձևավորել: Պարզապես միայն սիրված երգերի քավր տարբերակներ չենք ներկայացնելու. ունենք բազմաթիվ մտահղացումներ, նորություններ, որոնք շուտով կբացահայտենք»,-ասաց Տյոմը:

Նրա կարծիքով՝ OnPlay-ը պետք է նոր խոսք ասի, քանի որ անիմաստ է կրկնել այն բոլոր խոսքերը, որոնք արդեն ասվել են:

Խումբն օրեր առաջ մենահամերգով ելույթ է ունեցել Հանրային հեռուստատեսության «Արտակարգ համերգ» ծրագրի շրջանակում:

OnPlay-ի համերգը մեծ լսարան է ունեցել, դրական արձագանք է գտել ոչ միայն երաժշտասերների, այլև ոլորտի ներկայացուցիչների շրջանում: «Մինչ օրս մեզ գրում են, շնորհակալություն են հայտնում: Այդ աջակցությունը շատ կարևոր է և ոգևորող»,-նշեց  Հակոբյանն ու տեղեկացրեց, որ OnPlay-ի գործունեությանը ծանոթանալու համար երաժշտասերները կարող են հետևել խմբի «Ինստագրամ»-ին:

Անժելա Համբարձումյան

Լուսանկարները տրամադրել է Արտյոմ Հակոբյանը








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]