Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Սնանկացման շեմին հայտնված Լիբանանին սպառնում է նաեւ քաղաքական ճգնաժամ

Սնանկացման շեմին հայտնված Լիբանանին սպառնում է նաեւ քաղաքական ճգնաժամ

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Լիբանանում տնտեսական ու քաղաքական ճգնաժամը շարունակում է մնալ անհաղթահարելի։ Թեեւ կորոնավիրուսի համավարակի դեմ նման պայմաններում Լիբանանը համարվում է արդյունավետ պայքարող երկրներից (հունիսի 8-ի դրությամբ այդ երկրում առկա է 1331 վարակակիր, 30 մահվան դեպք եւ 768 առողջացած), սակայն երկրի տնտեսական իրավիճակի վատթարագույն պայմաններից դժգոհ զանգվածները նույնիսկ արտակագ դրության պայմաններում էին բողոքի ցույցի դուրս գալիս։

Նշենք, որ սոցիալ-տնտեսական ծանր իրավիճակի դեմ բողոքի ցույցերը սկսվել են դեռեւս 2019 թ. հոկտեմբերից, ինչը հանգեցրեց վարչապետ Սաադ Հարիրիի հրաժարականին։ Մայիսի 6-ից երկրում վերացվել է կարանտինը, եւ մեղմվել են սահմանափակումները, ինչը ցուցարարների համար կրկին բողոքի դուրս գալու համեմատաբար ավելի լայն հնարավորություն է ստեղծել։ Եվ, ահա, նույն օրը Բեյրութում շուրջ 3 ամիս ընդմիջումից հետո վերսկսվել են զանգվածային ցույցերը։ Ցուցարարների եւ անվտանգության ուժերի միջեւ բախումների հետեւանքով, ըստ այդ երկրի Կարմիր խաչի տվյալների, 48 մարդ վիրավորվել է, որոնցից 11-ը հոսպիտալացվել են։ Բախումները վերածվել են միջկրոնական տարաձայնությունների ու հակամարտությունների, ավելին՝ Բեյրութի սունիաբնակ ու շիաբնակ թաղամասերում տեւական ժամանակ լսվել են կրակոցների ձայներ։

Ինչպես Իրաքում, Լիբիայում, Սիրիայում ու Աֆղանստանում, այստեղ եւս անկայունությունն ու ճգնաժամի շարունակվելը պայմանավորված են նաեւ օտարերկրյա շահերի բախումներով։ Ահավասիկ, հունիսի 6-ի ցույցերին, որոնք շարունակվել են հաջորդ օրը, ցուցարարները կրկին առաջ են քաշել նաեւ քաղաքական պահանջներ՝ կառավարության հրաժարական, խորհրդարանի լուծարում, նոր ընտրություններ եւ «Հեզբոլահի» զինաթափում։ Լիբանանի խորհրդարանի խոսնակ Նաբիհ Բերին, ստեղծված իրավիճակի առնչությամբ հանդես գալով հայտարարությամբ, ցույցերի նոր ալիքի ու մասնավորապես քաղաքական նման պահանջների հարցում մեղադրել է Իսրայելին։ Նա խիստ քննադատել է միջկրոնական տարաձայնություններ բորբոքելու ջանքերը։ Բացի այդ, հունիսի 7-ին երկրի նախագահ Միշել Աունը նախազգուշացրել է երկրում կրոնական եւ միջցեղային կրքեր բորբոքելու առնչությամբ, ընդգծել, որ ցանկացած սադրանք, ոչ հարգալից վերաբերմունք կրոնական խորհրդանիշների նկատմամբ սադրանք են ողջ երկրի դեմ, եւ միաժամանակ հավելել, որ հունիսի 6-ի դեպքերն ահազանգ են, որոնց պետք է ականջալուր լինել՝ զսպվածություն դրսեւորելով։

Փաստորեն, ցուցարարների շարքերում լարվածություն է առաջացրել «Հեզբոլահին» զինաթափելու պահանջը, ինչը վերածվել է անկարգությունների։ «Հեզբոլահը» իրանամետ շիա խիստ ազդեցիկ կազմակերպություն է, որն ունի քաղաքական ու ռազմական թեւեր։ Վերջինս Լիբանանի հարավում շատ հաճախ բախումներ է ունենում Իսրայելի զինված ուժերի հետ։ Որոշ երկրներ, այդ թվում՝ ԱՄՆ-ն, «Հեզբոլահն» ամբողջությամբ ներառել են ահաբեկչական կազմակերպությունների ցանկում, մինչդեռ եվրոպական որոշ երկրներ միայն դրա ռազմական թեւն են այդպիսին համարում։ «Հեզբոլահը» խորհրդարանում կաեւոր խմբակցություններից է եւ մշտապես ներգրավված է եղել նաեւ կառավարության կազմում։ Այլ կերպ ասած, եթե նման զարգացումներն ընթանան այդ սցենարով, բացառված չէ, որ հանգեցնեն քաղաքացիական պատերազմի, որի միջով Լիբանանն արդեն անցել է, ինչը մեծ հարված էր նաեւ ծաղկուն հայ համայնքին։

Լիբանանում դեռեւս 1943-ից իշխանությունը բաժանված է շիաների, սունիների ու քրիստոնյաների միջեւ, այլ խոսքով, երկրի նախագահը քրիստոնյա է, խորհրդարանի խոսնակը՝ շիա, իսկ վարչապետը՝ սունի։ Վարչապետ Հասան Դիաբի կառավարությունը, որը ձեւավորվել է ընթացիկ տարվա հունվարին, ջանքեր է գործադրում սնանկացման եզրին հայտնված երկիրը դուրս բերելու տնտեսական ճգնաժամից։ Ներկա դրությամբ նա բանակցություններ է վարում միջազգային բանկերի ու ֆինանսական կառույցների հետ՝ վարկեր ու աջակցություն ստանալու նպատակով։ Դիաբն իր կառավարության առաջնահերթություններից է համարում ճգնաժամային վիճակում գտնվող երկրի էլեկտրաէներգիայի հարցի լուծումը, որը տարիներ շարունակ ծառացած է այդ երկրի առջեւ։ Ուստի խնդրի լուծման նպատակով նախատեսվել է երկրում կառուցել 3 էլեկտրակայան։ Այս առնչությամբ կառավարությունը միջազգային կառույցների հետ բանակցություններում խնդիրը ներկայացնում է որպես խիստ կենսական հարց, ինչը, ինչպես նշում են փորձագետները, լիովին համապատասխանում է իրականությանը։

Հետեւաբար, եթե Դիաբին հաջողվի այս հիմնախնդիրը լուծել, ապա շատ լուրջ ձեռքբերում կլինի կառավարության համար, քանի որ այստեղ աղքատությունը հասել է 45 տոկոսի։ Երկրի պետական պարտքը ներկայումս 87 միլիարդ դոլար է կազմում, ինչը երկրի ՀՆԱ-ից 50 տոկոսով ավելի է։ Բացի այդ, ընթացիկ տարվա փետրվարին կառավարությունն առաջին անգամ հայտարարել է, թե ի զորու չէ ժամկետին վճարել 1,2 միլիարդ դոլար արտաքին պարտքը, ինչի համար քննադատները մեղադրում են կառավարությանը։ Մինչդեռ Դիաբը նախազգուշացրել է երկրում վերահաս սովի վտանգի մասին։ Լիբանանի ազգային արժույթը դեռեւս 2019 թ. հոկտեմբերին շուկայում 50 տոկոսով արժեզրկվել էր՝ դառնալով ցույցերի գլխավոր դրդապատճառներից։ Իսկ Արժույթի միջազգային հիմնադրամի կանխատեսումերով, եթե 2019 թ. սղաճն այդ երկրում կազմում էր շուրջ 3 տոկոս, ապա ընթացիկ տարում այն հասնելու է 17-ի։ Ինչպես նշում են ոլորտի փորձագետները, նախորդ տարի այդ երկրի տնտեսության ծավալը կրճատվել է 6 տոկոսով, իսկ ընթացիկ տարում արձանագրվելու է 12 տոկոս բացասական աճ։

 

Էմմա Բեգիջանյան

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]