Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Դավիթ Տոնոյանի տեսլականը զինված ուժերի զարգացման առաջնահերթությունների վերաբերյալ․ ՄԱՍ 2

Դավիթ Տոնոյանի տեսլականը զինված ուժերի զարգացման առաջնահերթությունների 
վերաբերյալ․ ՄԱՍ 2

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կայքում հրապարակվել է նախարար Դավիթ Տոնոյանի տեսլականը պաշտպանության ոլորտի և զինված ուժերի զարգացման առաջնահերթությունների վերաբերյալ։ «Արմենպրես»-ը ներկայացնում է ՀՀ պաշտպանության նախարարի տեսլականի երկրորդ մասը

ՄԱՍ 1

«Հարգելի´ գործընկերներ

Մենք կանգնած ենք պաշտպանության պլանավորման ամենակարևոր փուլի՝ պաշտպանության ռազմավարական վերանայման հերթական գործընթացի նախաշեմին:  Դա միջգերատեսչական գործընթաց է, որը պետք է հնարավորություն ընձեռի մի կողմից անվտանգության միջավայրի և սպառնալիքների, մյուս կողմից՝ մեզ համար մատչելի մարդկային ու նյութական ռեսուրսների ներդաշնակեցման և համակողմանի ու երկարաժամկետ գնահատման հիման վրա ապահովելու պաշտպանության համակարգի հեռանկարային զարգացումը` ներառյալ զինված ուժերի ռազմական կարողությունները, ուժերն ու միջոցները և դրանց գործադրման հայեցակարգերը:

Պաշտպանության ռազմավարական վերանայման ընթացքում՝

կբացահայտվեն, համակողմանիորեն կգնահատվեն և ըստ առաջնահերթության կդասակարգվեն անվտանգության, առաջին հերթին՝ ռազմական անվտանգության առջև ծառացած սպառնալիքները,

- դրանց հիման վրա կմշակվեն անվտանգության միջավայրի զարգացման սցենարներ, որոնք հնարավորություն կընձեռեն դիտարկելու իրավիճակի զարգացման այլընտրանքային տարբերակները և ձևավորելու ռազմավարական պլանավորման նկատառումներ,

- ռազմավարական պլանավորման նկատառումների հիման վրա կսահմանվեն այն ռազմական խնդիրներն ու կարողությունները, որոնք անհրաժեշտ են վերոնշյալ սցենարների դեպքում ռազմական սպառնալիքների չեզոքացման համար,

- ռազմական խնդիրների ու կարողությունների սահմանումը հնարավորություն կընձեռի բացահայտելու առկա և անհրաժեշտ ուժերի, ռեսուրսների և կարողությունների քանակական և որակական անհամապատասխանությունները` դրանք լրացնելու կամ շտկելու, իսկ անհնարինության դեպքում` այլընտրանքային լուծումներ գտնելու համար,

- առկա (հասանելի) և անհրաժեշտ ուժերի և կարողությունների (նկատառվում են ՀՀ ԶՈՒ կառուցվածքը, կառավարման և կիրառման, մարտական պատրաստության և պատրաստականության, սպառազինության, ռազմական կրթության համակարգերը, ենթակառուցվածքները, նյութատեխնիկական միջոցները, անձնակազմը, նրա առողջական ու բարոյահոգեբանական վիճակը, ռազմարդյունաբերական ու գիտական/տեխնոլոգիական ներուժը և այլն) վերլուծությունը կբացահայտի փոփոխությունների անհրաժեշտությունն ու դրանց ծավալները, որոնց հիման վրա կվերլուծվեն նոր կարողությունների ձևավորման առաջնահերթությունները (քանի որ պահանջները միշտ գերազանցում են ռեսուրսներին), դրանց արժեքային արդյունավետությունը, առկա կարողությունների օպտիմալացման փոխզիջումային տարբերակները, կգնահատվեն ռիսկերը,

-արդյունքում` կմշակվեն ՀՀ զինված ուժերի զարգացումը կանոնակարգող ռազմավարական նշանակության պլանավորման փաստաթղթերը, որոնց իրականացումը տարբեր սցենարների զարգացման դեպքում կերաշխավորի ՀՀ անվտանգության առջև ծառացած սպառնալիքների չեզոքացումը` դրա համար պլանավորելով անհրաժեշտ և ՀՀ ազգային ներուժին համապատասխանող ռեսուրսներ:

Պաշտպանության ռազմավարական վերանայումը կտա այն հարցերի հիմնա­վորված պատասխանները, թե՝ տեսանելի հեռանկարում Հայաստանի ռազմական անվտանգությունը երաշխավորելու համար ինչպիսի՞ն պետք է լինեն զինված ուժերի.

  • պլանավորման և կառավարման համակարգը,
  • կազմն ու կառուցվածքը՝ ստորաբաժանումները, դրանց տեղակայումը և այլն,
  • կարողությունները՝ ուժերն ու միջոցները,
  • կիրառման ռազմավարությունը՝ պատերազմի վարման ձևերն ու եղանակները,
  • ռազմակրթական և ուսումնավարժական համակարգը,
  • և ամենակարևորը՝ պահանջվող ռեսուրսները՝ մարդկային, նյութատեխնիկական և այլն:

Պաշտպանության ռազմավարական վերանայումը փակ ու երկարատև գործընթաց է, և դրա ամբողջական արդյունքները հրապարակման ենթակա չեն: Այնուամենայնիվ, գործընթացի ավարտից հետո՝ մոտավորապես երկու տարի անց, ընդհանրական ձևով և թույլատրելիության սահմաններում մենք դրանք կհրապարակենք՝ որպես հանրային իրազեկման փաստաթուղթ:

Սակայն մինչև պաշտպանության ռազմավարական վերանայման արդյունքների մշակումը, այսինքն՝ առաջիկա երկու տարիների համար մենք պետք է ունենանք պաշտպանության ոլորտի զարգացման որոշակի ուղենիշներ՝ հաշվի առնելով մեր անցած ճանապարհը և ապագային ուղղված մեր առաջնահերթությունները:

Այսպիսով` մեր պաշտպանունակության ամրապնդման և բանակի զարգացման առաջիկա երկամյա ժամանակահատվածի համար առնվազն մի քանի ուղղություններով կարող ենք յուրաքանչյուրիս և բոլորիս համար ուղենշել զինծառայողի անհատական մարտունակության հետևյալ գործոնները և պաշտպանական քաղաքականության հետևյալ հավաքական ջանքերը.

  1. Կառավարման ուղղությամբ

Անհատական մարտունակության գործոնը. յուրաքանչյուր օղակում հրաման ստանալիս և կատարելիս զինծառայողը պետք է վստահ լինի, որ այն համակողմանիորեն գնահատված և հաշվարկված է, որ այն ստանում է ճիշտ պահին ու ժամանակին, և այն համապատասխանում է իր մարտական կարողություններին:

Հավաքական ջանքերըմենք զորավարժությունների միջոցով փորձարկել և գործարկել ենք խաղաղ և ռազմական դրության ժամանակ Վարչապետ - Կառավարություն - Պաշտպանության նախարար - ԶՈՒ գլխավոր շտաբի պետ ղեկավարման արդյունավետ ընթացակարգեր: Վերանայելով պաշտպանության նախարարության, զինված ուժերի գլխավոր շտաբի և զինված ուժերի կառուցվածքն ու կանոնադրությունները, մենք բավականաչափ հղկել ենք զինված ուժերի ռազմավարական կառավարման համակարգը՝ այն ավելի արձագանքող և հստակ դարձնելու համար: Միաժամանակ, մենք ներդնում ենք զորքերի կառավարման էլեկտրոնային համակարգեր, որոնք ունեն ժամանակակից պահանջները բավարարող տեխնոլոգիական հագեցվածություն, կենսունակություն ու վերականգնելիություն:

Կառավարման ուղղությամբ մեր վերջնանպատակը պետք է լինի հասնելու լիարժեք թվային կառավարման ավտոմատացված համակարգի ներդրմանը: Ընդ որում` մի կողմից` մենք պետք է մեր կառավարման համակարգը համապատասխանեցնենք թվային տեխնոլոգիաների արագ զարգացումներին, մյուս կողմից՝ ապահովենք դրանց կիբերպաշտպանության հուսալի մակարդակ: Մենք պետք է հաշվի առնենք այն հանգամանքը, որ այսօր արդեն քաղաքացիական առօրյա կյանքում, ինչպես նաև տեխնոլոգիապես հագեցած բանակներում էլեկտրոնային կառավարման բոլոր գործիքները դարձել են «խելացի», ավելին՝ արհեստական բանականության կիրառման շնորհիվ դրանք ձեռք են բերում «ինքնուրույն սովորելու» կարողություն: Չեմ բացառում, որ կգա այն ժամանակը, երբ ռազմական գործողությունների կառավարման գործում կվերանա կառավարման կետերի և թվային կապուղիների անհրաժեշտությունը, այլ հրամանատարության միասնական մտահղացման վրա կառուցված ալգորիթմները ռազմական գործողությունների տարբեր փուլերում և իրավիճակներում գործող ստորաբաժանումներին ինքնուրույն կտան այդ մտահղացումից բխող և իրավիճակի ամբողջական վերլուծության վրա հիմնված առավել օպտիմալ լուծումներ՝ բացառելով մարդկային գործոնից կախված այս կամ այն հավանական բացթողումները: Ուստի, թվային կառավարման ավտոմատացված համակարգի ներդրումն այլընտրանք չունի՝ լինի դա զորքերի ղեկավարման, ապահովման, թե պատրաստության ոլորտներում:

Զորքերի ղեկավարման ուղղությամբ այդ համակարգը պետք է ունակ լինի ապահովելու կառավարման «վերահսկելի ապակենտրոնացումը», հետևաբար՝ կառավարման կետերի շարժունակությունն ու տարաբաշխվածությունը: Զորքերում «Հրամանատրում առաջադրանքի միջոցով» սկզբունքի կիրառման և ըստ այդմ` որոշումների կայացման պատվիրակման պայմաններում կառավարման այդ մոդելը հնարավորություն կընձեռի ունենալու տարատեղված, ինքնաբավ և միասնական մտահղացման շրջանակներում ինքնուրույն մարտական գործողություններ վարելու ունակ ստորաբաժանումներ: Կարծում եմ՝ ավելորդ չի լինի նշել, որ ժամանակակից ռազմական գործողությունների, առավել ևս՝ ապակենտրոնացված և միասնական մտահղացման շրջանակներում ինքնուրույն մարտական գործողություններ վարելու ունակ ստորաբաժանումների կառավարման համար անհրաժեշտ է ունենալ իրավիճակի և դրա դինամիկ զարգացման ամբողջական պատկերը, և առավել կարևոր է, որ արագ և առաջանցիկ որոշումները հիմնված լինեն իրական ժամանակում ստացվող տվյալների վրա: Հետևաբար, արդյունավետ կառավարման համակարգը պետք է ապահովված լինի նույնքան արդյունավետ հետախուզական համակարգով:

Զորքերի ապահովման ուղղությամբ թվային կառավարման ավտոմատացված համակարգերի ներդրումը կմեծացնի ապահովման արդյունավետությունը, վերահսկելիությունը և այդպիսով կնվազեցնի կոռուպցիոն ռիսկերը: Ընդ որում, եթե մասնավոր բիզնեսը վաղուց անցել է ապրանքների և ծառայությունների պահեստավորման, մատակարարման և հաշվառման, ինչպես նաև անձնակազմի հաշվառման էլեկտրոնային համակարգերի, բանակում դրա ամբողջական կիրառման բացակայությունն ուղղակի անթույլատրելի է:

Ինչ վերաբերում է պատրաստությանը, ապա կառավարման ավտոմատացված համակարգերը պետք է ներառեն ինչպես մարտական գործողությունների նմանակման, մոդելավորման, խաղարկման վարժասարքեր՝ հիմնված իրական ուժերի և միջոցների, կոորդինատների և տեղանքների վրա, այնպես էլ ստորաբաժանումների և անձնակազմի էլեկտրոնային գնահատման ծրագրեր, որոնք կնվազեցնեն գնահատման գործընթացում սուբյեկտիվության գործոնը և ցույց կտան ստորաբաժանումների օպտիմալ պատրաստության աստիճանը՝ վերլուծելով բոլոր սխալներն ու բացթողումները:

  1. Վերազինման ուղղությամբ

Անհատական մարտունակության գործոնը. յուրաքանչյուր զինծառայող պետք է վստահ լինի, որ հակառակորդից ավելի լավ է սպառազինված և պատրաստված, իր զենքն ավելի դիպուկ է և հեռահար, իր սպառազինությունը բավարար է մարտական խնդիրը լուծելու համար, և յուրաքանչյուր պահի կստանա անհրաժեշտ մարտական աջակցություն:

Հավաքական ջանքերը. արդեն մեկնարկել է զինված ուժերի լայնածավալ վերազինման գործընթացը՝ սկսած հրաձգային զենքերից մինչև հեռահար հրթիռային համակարգեր և մարտական բազմաֆունկցիոնալ ավիացիա: Սակայն, մենք ճանապարհի սկզբին ենք: Զինված ուժերի վերազինումը մի քանի նպատակ է հետապնդում: Առաջինը՝ այնպիսի ռազմական ներուժի ձևավորումն է, որը ոչ միայն կզսպի հակառակորդի ռևանշիստական նկրտումները և զերծ կպահի լայնածավալ ռազմական գործողություններ սկսելու գայթակղությունից, այլև այդ գայթակղության դեպքում նրան արագորեն կզրկի պատերազմավարման կարողություններից: Այդ ներուժը կոչված է նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային գործընթացից դուրս մղելու վերջնագրերի, նախապայմանների և սպառնալիքների բառապաշարը: Երկրորդը՝ վերազինումը նպատակաուղղված է զինված ուժերի ստորաբաժանումները այնպիսի շարժունակ, ժամանակակից և գերճշգրիտ զինատեսակներով համալրելուն, որոնք կգործեն ավտոմատ կառավարման տիրույթում և կապահովեն ստորաբաժանումների ապակենտրոնացված ինքնուրույն գործողությունները: Շեշտադրելով որակական, այլ ոչ թե քանակական ցուցանիշները` վերազինման արդյունքում ձեռք բերվող սպառազինության և ռազմական տեխնիկայի տեսակները պետք է գերազանցեն արդեն իսկ առկա և փոխարինվող ՍՌՏ-ի տեսակներին` կրակային հզորության ու ճշգրտության, շարժունակության, պաշտպանվածության և արագ արձագանքման իրենց հնարավորություններով: Երրորդը՝ վերազինումը նպատակ է հետապնդում հասնելու ՍՌՏ-ի առավել երկարաժամկետ և դյուրին՝ պակաս մարդկային ռեսուրսներ պահանջող և մարդկային գործոնից նվազագույն կախում ունեցող շահագործման, սպասարկման ու կիրառման, դրա արդյունքում՝ ռեսուրսների արդյունավետ օգտագործման: Եվ չորրորդը՝ վերազինումը նպատակ է հետապնդում հասանելի ռեսուրսների առավել արդյունավետ կիրառմամբ մարտական գործողությունների վարման տարբեր տիրույթներում հասնելու հավանական հակառակորդի նկատմամբ ակնհայտ գերազանցության և չեզոքացնելու այլ ուղղությամբ առկա ռիսկերը: Օրինակ` 4+ սերնդի բազմաֆունկցիոնալ ավիացիայի ստեղծման նպատակն է ստանձնել նախաձեռնությունը «օդ-օդ» և «օդ-ցամաք» տիրույթներում, տարբեր բարձրությունների և խորությունների վրա գործող գերզգայուն ՀՕՊ համակարգերի համալրման նպատակն է թիրախավորել և չեզոքացնել օդային հարձակման բոլոր հավանական միջոցները՝ ցածր բարձրությունների վրա թռչող և ամենափոքր թիրախներից մինչև օդատիեզերական տիրույթում գործողները և այսպես շարունակ:

  1. Զինծառայողների համակողմանի ապահովման ուղղությամբ

Անհատական մարտունակության գործոնը. յուրաքանչյուր զինծառայող պետք է իրեն առավել քան ապահով զգա ինչպես մարտադաշտում, այնպես էլ առօրյայում: Նա պետք է լիովին բավարարված լինի իր հանդերձանքի ու սննդի որակով և վստահ լինի, որ հակառակորդից ավելի դիմադրողունակ է, իսկ մարտի մեջ մտնելիս պետք է համոզված լինի, որ վիրավորվելու դեպքում չի մնա մարտադաշտում, այլ անմիջապես կտարհանվի և որակյալ բուժօգնություն կստանա, լիովին կվերականգնվի:

Հավաքական ջանքերը. այսօր զինծառայողների համակողմանի որակյալ ապահովումը մեր առաջնահերթ խնդիրներից է: Պաշտպանության նախարարությունը որդեգրել է ապահովման մի շարք ծառայությունների արտապատվիրակման քաղաքականություն՝ նպատակ ունենալով ծառայությունների որակի կտրուկ բարձրացումը և կոռուպցիոն երևույթների բացառումը: Այդ քաղաքականության հաջողված արդյունքներից է սննդի ապահովման ծառայությունների մասնավորեցումը, որը մինչև 2020 թվականի տարեվերջ պետք է գործի զորքերի մշտական տեղակայման բոլոր վայրերում: Բարձրացվել են նաև իրային ապահովման միջոցների (համազգեստ, ներքնազգեստ, հիգիենայի պարագաներ) որակական չափորոշիչները: Սակայն, սա միայն սկիզբն է: Մենք պետք է կենտրոնանանք ոչ միայն մշտական տեղակայման, այլև մարտական հերթապահության կրման կենցաղային և հիգիենիկ պայմանների, ինչպես նաև սննդի ապահովման որակի կտրուկ բարելավման վրա: Արդեն իսկ մեկնարկել են մարտական բոլոր հենակետերը հոսող ջրով և էլեկտրաէներգիայով ապահովման ծրագրերը, սննդի ապահովման համար քննարկվում են մի շարք նորամուծություններ:

Առավել կարևոր ուղղություն է բժշկական և հիգիենիկ ապահովման խնդիրը: Մարտի դաշտում առաջին բուժօգնություն ցուցաբերելուց մինչև հոսպիտալային օղակում որակյալ բուժում ստանալու բավարար բժշկական կարողությունների ձևավորմանը զուգահեռ՝ մենք պետք է կենտրոնանանք ծառայության ընթացքում զինծառայողների հանրային առողջության և համավարակների կանխարգելման ընթացակարգերի վերանայմանը: Սա առավել բարդ գործընթաց է, քանի որ, ի տարբերություն քաղաքացիական կյանքի, զինվորական ծառայությունը պահանջում է առանձնահատուկ սանիտարահիգիենիկ ընթացակարգերի ներդրում: Ընդհանուր առմամբ, բժշկական ապահովման առումով կառավարման օպտիմալացման, համապատասխան սարքավորումներով համալրման, անձնակազմի վերապատրաստման և բժշկական ծառայությունների մատուցման այլընտրանքային հնարավորությունների ստեղծման անհրաժեշտություն ունի նաև հոսպիտալային օղակը, ընդհուպ՝ նոր սկզբունքներով ժամանակակից զինվորական հոսպիտալի կառուցումը:

Սոցիալական ապահովման համակարգի արդիականացումը ևս առաջիկայում պետք է լինի մեր ուշադրության կենտրոնում: Մենք արդեն իսկ ունենք բավականին շոշափելի ձեռքբերումներ. բարձրացվել են զինծառայողների դրամական բավարարման չափերը, տարբեր տեսակի հավելավճարներն ու փոխհատուցումները (արձակուրդների, ճանապարհածախսերի փոխհատուցումներ, ծառայության տարբեր տեսակների հավելավճարներ և այլն), բնակարանային ապահովման ուղղությամբ առկա է լուրջ առաջխաղացում, մեկնարկել է հիփոթեքային վարկավորման ծրագիրը, զինծառայողների ապահովագրության հիմնադրամն արդեն իսկ հատուցումներ է տրամադրում 2008թ. ի վեր զոհված և հաշմանդամ դարձած զինծառայողների և նրանց ընտանիքների անդամներին, և այդ գործընթացները շարունակվելու են: Սակայն, զինծառայողների պատշաճ սոցիալական ապահովման պայմանների ստեղծումն առաջիկայում նոր համակարգային լուծումներ է պահանջելու՝ սկսած սոցիալական ծառայությունների մատուցման «մեկ պատուհանի» ներդրումից մինչև քաղաքացիական կյանքին ադապտացման ծրագրերի մշակումը: Պետք է հաշվի առնել նաև այն օբյեկտիվ հանգամանքը, որ որքան էլ կատարելագործվեն զինծառայողների սոցիալական ապահովման ծրագրերը, դրանց իրականացման արդյունավետությունը կախված է տնտեսական աճի տեմպերից և պետության ֆինանսատնտեսական հնարավորություններից:

  1. Անձնակազմի կառավարման ուղղությամբ

Անհատական մարտունակության գործոնը. յուրաքանչյուր զինծառայող պետք է համոզված լինի ծառայության ընթացքում իր առաջխաղացման արդար և մրցակցային, որակյալ կրթության շարունակական հնարավորությունների, ինչպես նաև ցանկացած պաշտոնում արժանավայել գնահատված լինելու հարցում, տիրապետի և պաշտպանի իր իրավունքները ցանկացած իրավիճակում և չմտահոգվի իր ու իր ընտանիքի սոցիալական ապահովության մասին:

Հավաքական ջանքերը. անձնակազմի կառավարումը լուրջ համակարգային վերափոխումների կարիք ունի, և նախորդ տարիներին կատարված աշխատանքներն անհրաժեշտ, սակայն ոչ բավարար հիմքեր են ստեղծել որակական համակարգային արդյունքներ արձանագրելու համար: Մասնավորապես՝ անձնակազմի համալրման ուղղությամբ զորակոչի արդարացի, թափանցիկ և ամբողջական իրականացման կողքին մենք ունենք պայմանագրային հիմունքներով որակյալ մասնագիտական ռեսուրսի ներգրավման խնդիր (խոսքը չի վերաբերում մասնագիտական զինվորական կրթություն ստացած արհեստավարժ անձնակազմին):

Ցավոք, չնայած բանակի հասարակական բարձր վարկանիշին, զինվորական ծառայության գրավչությունը շարունակում է ոչ բավարար մակարդակի մնալ, ինչը բացասաբար է ազդում նաև պրոֆեսիոնալ զինվորական անձնակազմի համալրման գործընթացի վրա: Բարձրագույն ռազմական կրթական հաստատություններ դիմորդների թվաքանակի նվազումը, բացի ընդունելության և ընտրության կարգի խստացման, ինչպես նաև դիմորդների թվաքանակի նվազման օբյեկտիվ հանգամանքներից, զինվորական ծառայության գրավչության ոչ բավարար մակարդակի արդյունք է: Այս խնդիրը լուծելու համար մենք պետք է մշակենք և ներդնենք զինծառայողի նոր կերպարը ամբողջացնող համալիր ծրագրեր, որոնք կներառեն զինծառայության պայմանների բարելավման, զինծառայողների պատշաճ սոցիալական ապահովության, որակյալ և շարունակական կրթություն ստանալու հնարավորություններ ապահովող, ինչպես նաև արժանիքների ու կրթական չափորոշիչների վրա հիմնված ծառայողական առաջխաղացման թափանցիկ ընթացակարգեր:

Անձնակազմի կառավարման ոլորտում մեր հիմնական խնդիրներից է բարոյահոգեբանական պատրաստվածության մակարդակի ու կարգապահության ամրապնդումը: Չնայած սպա-շարքային հարաբերություններում ոչ կանոնադրային հարաբերությունների նվազեցման ուղղությամբ կատարված զգալի աշխատանքին` հիմնականում շարքայինների միջանձնային հարաբերություններում, ցավոք, մեզ դեռևս չի հաջողվել հասնել քրեածին բարքերի իսպառ վերացմանը, դրա արդյունքում զինծառայողների արժանապատվության խոցման դեպքերի, ինքնավնասման և ինքնասպանության փորձերի կասեցմանը: Հաշվի առնելով այս խնդրի խորքային պատճառահետևանքային կապը և արդիականությունը՝ զինծառայողների շրջանում ոչ կանոնադրային հարաբերությունների ձևավորման հիմքերի, դրանց դրսևորման հետևանքով ծագող դեպքերի ուսումնասիրումը և վերջիններիս դեմ պայքարի արդյունավետությունը բարձրացնող համապարփակ լուծումների մշակումը ներառվել է միջգերատեսչական համագործակցության օրակարգում։ Զուգահեռաբար մենք պետք է շարունակենք զարգացնել ռազմական ոստիկանության համակարգը՝ որպես զինվորական ծառայության յուրօրինակ և անփոխարինելի տեսակ, ընդլայնելով նրա տեխնիկական, մասնագիտական և գործառնական կարողությունները:

Անձնակազմի կառավարման ոլորտի հաջորդ կարևոր ուղղությունը զինված ուժերում մարդու իրավունքների ապահովումն է: Պաշտպանության նախարարությունում գործող թեժ գծի, «Մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի», միջազգային գործընկերների հետ համատեղ իրականացվող տարբեր կրթական և իրազեկման ծրագրերի, «Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի» և հասարակական կազմակերպությունների համատեղ աշխատանքի շնորհիվ այս ուղղությամբ մենք նկատելի առաջընթաց ունենք: Ակնհայտ են նաև ձեռքբերումները զինված ուժերում կանանց, ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության գործում: Ամենակարևոր ձեռքբերումն այն է, որ ներդրված ընթացակարգերի արդյունքում մենք ձերբազատվել ենք մարդու իրավունքների խախտման դեպքերը կոծկելու կամ դրանք չկարևորելու արատավոր երևույթից: Այնուամենայնիվ, զինծառայողների իրավագիտակցությունը դեռևս բավարար մակարդակի վրա չէ, ինչը մեզանից շարունակական և համատեղ աշխատանք է պահանջում:

  1. Միջազգային ինտեգրման ուղղությամբ

Անհատական մարտունակության գործոնը. յուրաքանչյուր զինծառայող իր մարտական խնդիրը կատարելիս, լինի Հայաստանի կամ Արցախի, թե մեր ռազմավարական հետաքրքրությունների աշխարհագրական այլ սահմաններում, պետք է լիովին ճանաչի իր դաշնակիցներին և հակառակորդներին, հստակ գիտակցի մեր ազգային շահերի հետ իր մարտական խնդրի ներդաշնակ կապը և ամբողջությամբ ընկալի իր առաքելության գաղափարական կողմը:

Հավաքական ջանքերը. մեր անվտանգությունը փոխկապակցված է տարածաշրջանային և միջազգային անվտանգության հետ և անմիջականորեն կրում է դրա ինչպես բացասական, այնպես էլ դրական ազդեցությունը: Ուստի, անվտանգության ապահովման գործում մեր հայացքը շատ ավելի ընդգրկուն է, քան մեր պետության սահմանները: Մեր արտաքին անվտանգային քաղաքականությունը կառուցելիս մենք «քաղաքական զգայարաններով» տեսնում ենք մեր բնական դաշնակիցներին և արհեստածին հակառակորդներին, մեր ռազմաքաղաքական հետաքրքրությունների շրջանակը կերտելիս մենք լավ ենք գիտակցում մեր աշխարհագրական դրությունը, ուստի, մեր բոլոր քաղաքական քայլերն ուղղված են ոչ միայն մեր ռազմաքաղաքական աշխարհագրությունն ամրապնդելու, այլև այն ընդլայնելու գործին: Դեռ ավելին, մեր ռազմաքաղաքական աշխարհագրության ընդլայնումը և անվտանգային ազգային ներուժի, ներառյալ՝ միջազգային դաշինքների շարունակական ամրապնդումը նոր հնարավորություններ են ընձեռում ոչ միայն մեր ազգային շահերի հաստատակամ առաջ մղման, այլև տարածաշրջանում անայլընտրանք բարեկամություն հաստատելու համար:

Ուստի, մենք շարունակելու ենք ռազմաքաղաքական դաշինքների և գործընկերությունների զարգացումը՝ հավաքական պաշտպանության գործուն մեխանիզմների կայացման, ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության բովանդակության և աշխարհագրության ընդլայնման, համակողմանի փորձի փոխանակման և անվտանգության լրացուցիչ երաշխիքների ձևավորման նպատակադրմամբ: Միջազգային համագործակցության և ինտեգրման գործում մենք առաջնորդվելու ենք մեր ազգային շահերով և ռազմաքաղաքական հետաքրքրություններով, հաշվի ենք առնելու մեր դաշնակիցների շահերը և նպաստելու

Ամրապնդելով մեր դաշնակիցների և գործընկերների հետ զինված ուժերի փոխգործունակության մակարդակը` մենք հետևողական ենք լինելու դաշնակցային պարտականությունների փոխադարձ կատարմանը և հետևելու ենք մեր միջազգային գործընկերային հանձնառություններին՝ նպաստելով մեր տարածաշրջանում և ռազմավարական հետաքրքրությունների աշխարհագրական տարբեր գոտիներում խաղաղության ու կայունության ամրապնդմանը:

Այդ նպատակով մենք պետք է շարունակենք մնալ որպես միջազգային անվտանգության գործում ներդրում կատարող հաստատակամ գործընկեր և ընդլայնել մեր ստորաբաժանումների մասնակցությունը միջազգային առաքելություններին, ակտիվորեն մասնակցել մեր, ինչպես նաև մեր դաշնակիցների և գործընկերների հետ հավաքական մարտական կարողություններն ընդլայնող զորավարժություններին և վարժանքներին:

Միաժամանակ, մենք պետք է շարունակենք ուսումնասիրել, վերլուծել և ըստ անհրաժեշտության փոխանակվել ռազմաքաղաքական զարգացումների շուրջ մեր տեսակետներով, առաջավոր փորձով, խորհրդատվական և փորձագիտական օժանդակությամբ, ինչպես նաև ռազմակրթական հնարավորություններով՝ զինված ուժերում կայացնելով «քաղված դասերի» ինստիտուտը:

Հարգելի´ հայրենակիցներ                                                                                              

Այս տեսլականը մշակվել է ոչ միայն իմ, այլև պաշտպանության նախարարության համակարգի քաղաքացիական ու զինվորական փորձառու մասնագետների գաղափարակից թիմի մասնակցությամբ:

Վստահ եմ, որ պետական համակարգի իմ բոլոր գործընկերների, պաշտպանության նախարարության համակարգի բոլոր աշխատակիցների, բանակի կողքին կանգնած հասարակական կազմակերպությունների, յուրաքանչյուր շահագրգիռ քաղաքացու և մեր միջազգային դաշնակիցների ու գործընկերների հետ զարգացնելու, մասնագիտորեն լրամշակելու և կյանքի ենք կոչելու տեսլականում ներկայացված գաղափարները»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]