Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Հանուն մյուս երեխաների առողջության. երեք երեխաների մայրը կամավորագրվել է կորոնավիրուսի դեմ պայքարին

Հանուն մյուս երեխաների առողջության. երեք երեխաների մայրը կամավորագրվել է 
կորոնավիրուսի դեմ պայքարին

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արդեն ավելի քան երկու ամիս է, ինչ Արթիկի բժշկական քոլեջի «Մանկաբարձություն ու ընդհանուր քույրություն» բաժնի երկրորդ կուրսի ուսանողուհի Նուշիկ Ուռումյան-Եզեկյանն իր 3 երեխաներին թողնելով տանը, որպես կամավոր, առաջինն է մեկնել օգնելու Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոնի բժիշկներին: Երիտասարդ մայրիկի համար ամենադժվարը երեխաների հետ բաժանումն  է, բայց, որքան էլ կարոտը խեղդի, Նուշիկը չի վերադառնա տուն, քանի դեռ իր կարիքը զգում են հիվանդանոցում:

Ծնվել է Արթիկի տարածաշրջանի Նահապետավան գյուղում: Դպրոցն ավարտելուց հետո ամուսնացել է Մարալիկում: Ունի 3 զավակ՝ Գագիկը՝ 16,  Լեյլին՝ 13 և Կարինան՝ 10 տարեկան: Այս ընթացքում տարբեր մասնագիտություններ է ձեռք բերել՝ վարսահարդարից մինչև հրուշակագործ, իսկ 2 տարի առաջ որոշում է ուսումնասիրել բժշկական գործն ու ընդունվել է Արթիկի բժշկական քոլեջ:

«Արմենպրես»-ի հետ երիտասարդ բուժաշխատողը պատմել է կամավորությամբ զբաղվելու իր որոշման ու երեխաներից հեռու լինելու մասին:

-Ինչո՞ւ որոշեցիր թողնել երեխաներիդ ու կամավորության անցնել բուժհաստատությունում, որտեղ բուժվում են կորանավիրուսով հիվանդները, այն դեպքում, երբ շատ փորձառու բժիշկներ իրենց մեջ քաջություն չեն գտնում աշխատել այդ հաստատություններում:

-Ես բնույթով շատ հայրենասեր եմ ու տանը նստել ու սպասել, երբ կանցնի այս իրավիճակը, չեմ կարող: Ոչ մի քայլ չձեռնարկելը՝ դա իմը չէր: Մտածում էի՝ ինչ որ բան անել ու մարդկանց օգնել: Մարտի կեսերին էր, երբ տեսա կամավորության մասին հայտարարությունն ու գրանցվեցի: ՀՀ առողջապահության նախարարությունից պատասխան զանգը չուշացավ: Հեռախոսազանգի միջոցով հաստատեցի կամավորություն կատարելու պատրաստակամությանս մասին ու շատ հպարտ էի այդ քայլով: Ավելի դժվար էր կարանտինի ընթացքում Մարալիկից գնալ-հասնել Երևան, ու այդ ժամանակ դիմեցի ՀՀ ԱԺ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանի օգնությանը, որն էլ առաջարկեց դիմել Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանին: Վերջինս,  շատ ոգևորված իմ քայլով, ողջունեց այն ու անմիջապես անձամբ իր մեքենայով կազմակերպեց իմ տեղափոխումը Երևան: Երկուսն էլ մշտական կապի մեջ են իմ հետ ու միշտ իմ կողքին:

- Ինչպե՞ս  այդ որոշումը ընդունեցին հարազատներդ ու հատկապես երեխաներդ:

-Անշուշտ, սկզբում վատ ընդունեցին: Ամուսինս նեղվեց ու հարցրեց՝ արդյո՞ք գիտակցում եմ ուր եմ գնում, բայց, քանի որ ինքը ևս շատ հայրենասեր է ու մեր միջև կա փոխվստահություն, նաև հասկանալով իմ որոշման կարևորությունը՝ համաձայնեց: Սկեսուրս ևս դեմ էր՝ ասում էր . «Կրակի բերան ես գնում, մտածիր երեխաներիդ մասին»: Փոքր աղջիկս այդքան էլ լավ չէր գիտակցում՝ ուր եմ գնում. Իրեն համոզել եմ, որ գնացել եմ  իր ուզած մարզակոշիկները գնելու, բայց, վերջերս, արդեն կարոտն իրեն այնքան է խեղդում, որ հեռախոսով խոսելիս ասում է .«Մա՛, արի, ինձ բոթաս պետք չէ, ինձ դու ես պետք»: Մեծ տղաս քաջ գիտակցում է՝ ուր եմ եկել ու ինչի համար: Ամեն անգամ խոսելիս ասում է .«Մա՛ ջան, զգույշ եղիր»։

-Քեզանից հեռու երեխաներդ փորձո՞ւմ են պաշտպանվել համավարակից  ու ո՞ւմ վրա է նրանց հոգսը:

-Միանշանակ,  ոչ միայն իրենք են դիմակներով, այլ փորձում  են իրենց ընկերներին բացատրել դրա անհրաժեշտության մասին ու հպարտությամբ իրենց բոլոր քայլերի մասին ամեն անգամ ինձ տեղեկացնում են: Ասեմ, որ տանն են միշտ ու միայն շատ ծայրահեղ դեպքերում են դուրս գալիս: Քանի որ ամուսինս մինչ այս համավարակը սկսվելը մեկնել էր ՌԴ՝ արտագնա աշխատանքի ու չի կարող հիմա հետ վերադառնալ, երեխաների հոգսը սկեսրոջս ու իմ քույրիկի վրա է: Կապի միակ միջոցը երեխաներիս ու հարազատներիս հետ մնում է հեռախոսը:

-Նուշի՛կ, չե՞ք փոշմանել, որ ընտրել եք ամենադժվար բաժիններից մեկը՝ վերակենդանացումը:

Իմ, այսպես կոչված,  առաջին աշխատանքային օրը մարտի 28-ին էր, Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում: Չնայած անպատմելի բարդ աշխատանք է, բայց չեմ փոշմանել: Ճիշտ է, առաջին ապրումներս աննկարագրելի են՝ ունենալով միայն 2 տարվա կրթական փորձ, բավական դժվար էր ինձ համար, ասես, սարսափ ֆիլմի մեջ լինեի, որտեղից ուզում էի դուրս գալ, բայց չէի կարող՝ ելք չկար, պետք էր կարողանալ հաղթահարել իրավիճակը կամ հանձնվել: Բայց հետո արդեն ամենօրյա դարձավ դա: Իրավիճակը բարդանում ու ծանրանում է աշխատանքը, բայց արդեն քաջ գիտակցում ենք՝ ինչ պետք է անենք:

-Որքա՞ն ես շարունակելու մնալ ու օգնել կենտրոնի մասնագետներին, չկա՞ ցանկություն արդեն տուն վերադառնալու:

Կմնամ այնքան, որքան դեռ պետք եմ  ու անհրաժեշտ է: Եթե սկզբում այդքան ամեն ինչ բարդ էր ու ես չհրաժարվեցի ու կարողացա դուրս գալ այս վախից, հիմա առավել ևս չեմ հրաժարվի: Այս պատերազմից պետք է հային վայել հետ վերդառնալ:  Խնդրում եմ՝ յուրաքանչյուրս մեր վրա վերցնենք ծանր բեռի պատասխանատվությունն  ու զգանք վտանգի լրջությունը. վիրուսը կա ու վտանգավոր է՝ առավել ևս քրոնիկ հիվանդություններ ունեցողների համար: Պետք է զգոն լինել: Հիմա կենտրոնում ունենք հիվանդներ, որոնք այն չհավատացողներն էին ու հիմա խնդրում են, որ փրկենք իրենց:

Հարցազրույցի ավարտին Նուշիկ Ուռումյանը նշեց, որ ցանկություն ունի այս ամենից  հետո շարունակել ուսումն ու խորացնել իր գիտելիքները առողջապահության ոլորտում: 

34-ամյա կինը վերջում շնորհակալություն ու իր երախտիքը հայտնեց  Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոնի ողջ բուժանձնակազմին՝ մարդկային վերաբերմունքի ու մարդ տեսակի համար, հատկապես, վիրաբուժական բաժնի վարիչին, ավագ բուժքրոջն ու փոխտնօրենին,  ում արհեստավարժ մոտեցման շնորհիվ Նուշիկը, մոռանալով ընտանիքն ու երեխաներին,  մնաց ու արդեն երկրորդ ամիսն է անձնվեր աշխատում է կենտրոնում՝ հանուն մյուսների առողջության:

 

Հարցազրույցը վարեց Արմենուհի Մխոյանը

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]