Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Այսօր մենք դրա պտուղները քաղում ենք. Փաշինյանը՝ կորոնավիրուսի վերաբերյալ միֆերի հետևանքի մասին

Այսօր մենք դրա պտուղները քաղում ենք. Փաշինյանը՝ կորոնավիրուսի վերաբերյալ 
միֆերի հետևանքի մասին

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ տարածվող այն լուրերը, թե իբր կորոնավիրուս չկա, այսօր արդեն, ամեն օր շատ առատ «պտուղներ» են տալիս: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Փաշինյանն այս մասին ասաց պարետատան նիստից հետ առցանց ճեպազրույցում՝ պատասխանելով լրագրողի հարցին:

Լրագրողը նկատել էր, որ անցյալ երկու ամսում կորոնավիրուսի մասին տեղեկություններն ու գիտելիքերն էապես ավելացել են: Նա հետաքրքրվել էր՝ եթե այդ նույն տեղեկությունները լինեին մարտին, նույն կերպ կգործե՞ր կառավարությունը:

«Վերջին շրջանում ես ավելի շատ տեղեկություններով հարստացել եմ կորոնավիրուսի վերաբերյալ մեր հանրության վերաբերմունքի մասին: Ես չէի կարող մտածել, որ մեր երկրում կարող է այսքան հորդորներից, այսքան միջոցառումներից լինի լուր և տարածվի, թե կորոնավիրուս չկա: Այսօր մենք այդ լուրի «պտուղները» քաղում ենք, ամեն օր շատ առատ «բերք» ենք հավաքում՝ այդ լուրերից, թե կորոնավիրուս չկա, սուտ է այս ամեն ինչը, իբր սարքած է, կառավարությունը թվեր է հրապարակում, որ օգնություն ուզի: Թե չէ մեր կառավարությունն էլ այդպես օգնություն ուզող կառավարութու՞ն է, եթե օգնության կարիքը չլինի»,-ասաց Փաշինյանը:

Նա նշեց՝ իհարկե կորոնավիրուսի մասին շատ բաներ նոր են իմացել: Վարչապետի խոսքով՝ կառավարության համար ավելի օգտակար կլիներ հասարակության այս վերաբերմունքի մասին տեղեկությունն ավելի շուտ իմանալ: «Չնայած, ավելի շուտ իմանայինք, այդ ժամանակ այս նույն խոսակցությունը պետք է վարեինք: Եթե այս խոսակցությունն արդյունք կտար, ապա այս խոսակցությունն արդյունք կտա նաև հիմա: Մենք դժոխք մտել ենք, բայց դեռ հումանիտար աղետի չենք հասել: Մենք կարող ենք այդ դժոխքի միջով անցնել և պետք է անցնենք՝ բայց առանց հումանիտար աղետի»,-եզրափակեց վարչապետը:

Հայաստանում հունիսի 6-ին, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 12 364 դեպք, որոնցից 3720-ը` առողջացած: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 8385 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է  66 674 թեստավորում: Ընդհանուր առմամբ, արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդությունից մահվան 190 դեպք: 

Աննա Գրիգորյան

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]