Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   5 Հուլիս

Մենք պայքարելու ենք մինչև վերջին պացիենտի դուրս գրումը. «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն

Մենք պայքարելու ենք մինչև վերջին պացիենտի դուրս գրումը. «Նորք» ինֆեկցիոն 
հիվանդանոցի տնօրեն

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Մհեր Դավիդյանցը վստահեցնում է, որ իրենք՝ բժիշկները պայքարելու են մինչև վերջին պացիենտի դուրս գրումը, սակայն խնդրում է բոլորին օգնել իրենց այդ գործում՝ խստորեն պահելով բոլոր կանոնները:  «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Դավիդյանցն այս մասին ասաց  պարետատան նիստից հետո առցանց ճեպազրույցում:

Նա նախ հիշեցրեց, որ «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցը առաջին բուժհաստատությունն է, որ իր վրա վերցրեց կորոնավիրուս կոչված չարիքի հարվածը: Դավիդյանցի խոսքով՝ իրենք, արդեն քանի ամիս է, չգիտեն ինչ բան է հանգիստ, կտրվել են իրենց ընտանիքներից, իրենց ամբողջ օրն անցկացնում են հիվանդանոցում: Եթե սկզբում լինում էին հիմնականում թեթև ու միջին ծանրության դեպքեր, ապա այժմ, ցավոք, գերակշռում են ծանր և ծայրահեղ ծանր դեպքերը:

«Կարևոր եմ համարում այդ դեպքերի մեջ առանձնացնել այն դեպքերը, որոնք ուշացված են եղել, ուշ են դիմել բուժօգնության և ականատես ենք լինում ընդունարանում մի խումբ մարդկանց, որոնք ցածր թթվածնով գալիս են: Եվ այո, մենք, ցավոք, ունենում ենք նաև մահճակալային ֆոնդի խնդիրներ: Սիրելի քաղաքացիներ, խնդրում եմ ձեզ բոլորիդ, օգնեք մեզ բոլորիս՝ բուժաշխատողներիս: Քանի որ այս  ամիսների ընթացքում բոլորս առանց տրտնջալու, առանց դժգոհելու աշխատել ենք և շարունակելու ենք աշխատել, ես ողջ կոլեկտիվին ասել եմ, հայտարարել եմ, որ մենք պայքարելու ենք մինչև վերջին պացիենտի դուրս գրումը»,-ասաց տնօրենն ու նշեց, որ քաղաքացիները պետք է օգնեն իրենց:

Նա խնդրեց բոլորին պահպանել հակահամաճարակային բոլոր միջոցառումները, կրել դիմակներ, խիստ սահմանափակել շփումը, տնից դուրս գալ միայն խիստ անհրաժեշտության դեպքում, հաճախակի ախտահանել ձեռքերը և պահպանել սոցիալական հեռավորությունը: Տնօրենը նկատեց, որ այս ամիսների ընթացքում ամբողջ բուժանձնակազմը կատարում է մեծ ֆիզիկական և, ինչու չէ, հոգեկան ծանր աշխատանք: Նա հավատացրեց, որ շատ ծանր է ամեն օր ականատես լինել ծանր հիվանդների, ցավոք՝ նաև մահվան դեպքերի:

«Դուք ձեր պահվածքով, ձեր աշխատանքով օգնելու եք մեզ բոլորիս»,-ասաց Դավիդյանցը:

Հայաստանում հունիսի 6-ին, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 12 364 դեպք, որոնցից 3720-ը` առողջացած: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 8385 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է  66 674 թեստավորում: Ընդհանուր առմամբ, արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդությունից մահվան 190 դեպք: 

Աննա Գրիգորյան

 





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ