Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Հետահայաց վերլուծության փորձ․ թե ինչպես Կիեւում մայդանը դարձավ «նարնջագույն ծով»

Հետահայաց վերլուծության փորձ․ թե ինչպես Կիեւում մայդանը դարձավ «նարնջագույն 
ծով»

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ուկրաինայի նարնջագույն հեղափոխությունը տիպաբանորեն համապատասխանում է 1989 թ. «գունավոր հեղափոխություններին», որոնք տեղի են ունեցել ժողովրդավարական արժեքների, ինչպես նաեւ քաղաքացիական հասարակության ձեւավորման ազդեցության ներքո, որը ձեւավորվել է ազգային կառուցապատման գործընթացում։ Դրանք ունեցել են որոշակի ակներեւ ընդհանրական հատկանիշներ, որոնցից կարելի է առանձնացնել հետեւյալները՝ գործողություններ, որոնք հաջորդեցին հետընտրական գործընթացներին, գործող իշխանության ներսում տարանջատումներ ու պառակտումներ, բացահայտ արտաքին նույն աղբյուրից միջամտության առկայություն, երիտասարդական շարժումներով սկսվող բողոքի ակցիաների պարտադիր ներկայություն։

Դրանք ուսումնասիրողները շեշտադրումները կատարում էին որոշակի հարցերին պատասխաններ գտնելու ուղղությամբ՝ «գունավոր հեղափոխություններից» յուրաքանչյուրն ունի ընդհանրական նմանություններ ու բնույթ եւ ծագման միեւնույն պատճառները, հավանական ի՞նչ փոփոխություններ կլինեն հեղափոխություն իրականացրած երկրների ներքին ու արտաքին քաղաքական դիրքորոշումներում, արդյոք դրանք աշխարհաքաղաքական մրցակցության արդյո՞ւնք են, եւ ինչպիսի՞ ազդեցություն կունենան այդ մրցակցության վրա եւ այլ հարցեր։ Այնուամենայնիվ, դրանցից կարեւոր է մեկ հարցադրում՝ ավելի խոր հասկանալու եւ ուսումնասիրելու հեղափոխությունների պատճառներն ու նախադրյալները. կա՞ն արդյոք ներքաղաքական պատճառներ, վաղո՞ւց էր հող նախապատրաստված հեղափոխության համար։ Եթե առկա են, ապա որո՞նք են դրանք։

Անկախ այս հարցերի պատասխանների բնույթից ու իսկությունից՝ հեղափոխություն իրականացվում է այն ժամանակ, երբ նկատելի են լինում անհամաձայնություններ իշխանության եւ հասարակության գործուն հատվածի միջեւ։ Դա էլ իր հերթին կապված է երկու հիմնական այլ որոշիչների հետ՝ իշխանությունների գործունեության հետեւանքներ ու արդյունքներ եւ հասարակության արձագանքը իշխանության վարած քաղաքականությանը։ Առաջինը խիստ օբյեկտիվ է, մյուսը՝ սուբյեկտիվ։ Ելնելով վերոշարադրյալից՝ կարելի է եզրակացնել, որ գունավոր հեղափոխության երեւույթը քաղաքական շարժման նոր տեսակ է, որը պետք է ներառվի քաղաքական փոփոխությունների ցանկացած պարադիգմում։ Նարնջագույն հեղափոխությունը հեղափոխական գործունեության նոր տիպ է։ Ուկրաինական «նարնջագույն հեղափոխությունը» նշանակեց միայն առաջին, բայց անհրաժեշտ փուլը ուկրաինական հասարակության մեջ քաղաքացիական գործունեության նոր ձեւերի սկզբնավորման գործում։ Վաղ հակակոմունիստական այլախոհների ոգով երեւույթը կարող է անվանվել «քաղաքացիներն ընդդեմ իշխանության»։

Նման իրավիճակում անհրաժեշտություն է առաջանում ձեւավորել երկխոսության ռազմավարություն, մեխանիզմներ կառավարության եւ հասարակության միջեւ, ընդունել հասարակական քաղաքականության նոր ձեւաչափեր։ Փաստորեն, ընտրությունները ուկրաինական հասարակության համար միակ իրական գործոնը չեն՝ իշխանությունների վրա ազդեցություն տարածելու համար։ Օրինական ցույցերն ու բողոքի ակցիաները, քաղաքացիների պնդմամբ, ավելի արդյունավետ միջոց են՝ պաշտպանելու իրենց ոտնահարված իրավունքները եւ ազդելու իշխանությունների ընդունած քաղաքական որոշումների վրա։

Երկրի զարգացման «հետնարնջագույն» ժամանակահատվածում նկատվում էին զանգվածային հիասթափության տրամադրության որոշակի արդեն իսկ հաստատված միտումներ, ինչպես նաեւ նոր գաղափարների սպառման հնարավորություններ նոր քաղաքական իմաստների ձեւավորման գործում, որոնք ոչ միայն նկատելիորեն չեն թուլացնի, այլեւ, ընդհակառակը, կբարձրացնեն ճնշումների մակարդակը քաղաքական խաղացողների վրա Ուկրաինայում ձեւավորվող քաղաքացիական հասարակության կողմից։

Պետք չէ թերագնահատել արտաքին միջավայրի ազդեցությունը։ Անհրաժեշտ է նշել, որ գլոբալացված աշխարհում ոչ մի երկիր չի կարող հասնել զգալի եւ կայուն վերափոխումների՝ առանց արտաքին աջակցության։ Ժողովրդավարական միջավայրն ապահովում է խթաններ ներքին ժողովրդավարացման գործընթացների համար, որ հնարավոր է դառնում տարբեր համակարգերի միջեւ ուղղակի համեմատություն եւ հնարավորություններ ստեղծելուն՝ տեսնել արդեն իսկ իրականացված բարեփոխումների հաջող մոդելներ։

Ուկրաինայի փորձը ցույց տվեց, որ ժողովրդավարության համար իդեալական մի շարք պայմաններ կարելի է սահմանել՝ հաշվի առնելով այդ կարեւորագույն գործոնները՝ ժամանակակից եւ արդյունավետ շուկայական տնտեսություն, բազմաշերտ հասարակություն, ուժեղ ժողովրդավարական մշակույթ, ինքնավար քաղաքացիական հասարակություն, կենսունակ մշակութային, սոցիալական, տնտեսական եւ քաղաքական էլիտաներ, ինչպես նաեւ նվազագույն սոցիալական, էթնիկ եւ կրոնական հասարակական տարանջատումներ։

Ժողովրդավարական ընտրությունների նպատակը ոչ միայն կառավարության նշանակումն է, այլեւ բոլոր ժողովրդավարական ուժերի պատշաճ ներկայացուցչությունը։ Ընտրական օրենսդրությունը եւ ընտրական համակարգը կարելի է գնահատել՝ կախված այն բանից, թե ինչպես են նրանք ապահովում այդպիսի ներկայացուցչությունը։ Դրանք կարող են ժամանակավոր կանգառ լինել ժողովրդավարության ճանապարհին՝ ապահովելով կայունություն եւ աստիճանական վերափոխման հնարավորություն հասարակության համար։

Նարնջագույն հեղափոխությունը եւ Վիկտոր Յուշչենկոյի՝ Ուկրաինայի նախագահ ընտրվելը կարեւոր քայլ էին ժողովրդավարության, անկախության եւ արդարության համար պայքարում։ Ուկրաինայի ժողովրդի ոչ բռնի ընդվզումը եւ նրանց դրսեւորած կայունությունը խոր հարված հասցրեցին միջազգային հանրությանը։ Ուկրաինայի քաղաքացիների այս քաջության շնորհիվ է, որ Ուկրաինան արդեն ընկալվում է որպես Եվրոպայում կարեւոր անկախ պետություն եւ ոչ թե որպես անհայտ «մոխրագույն գոտի»։

Նարնջագույն հեղափոխությունը նաեւ որոշակի ճնշում գործադրեց ավանդական կազմակերպությունների վրա՝ նրանց ցույց տալով, որ ապագայում նրանք ավելի խստորեն պետք է աջակցեն իրենց անդամների եւ առհասարակ հասարակության շահերին։ Այն Ուկրաինայի քաղաքացիներին տվեց ինքնավստահություն եւ քաջություն։ Հետեւաբար, բոլոր պետական կառույցները պետք է հիշեն, որ ցանկացած պահի մարդիկ կարող են կրկին պաշտպանել իրենց ձգտումները, եթե նրանց իրավունքները եւ շահերը խախտվեն կամ անտեսվեն իշխանությունների կողմից։

Առաջարկվող բարեփոխումները գործնականում կիրառելու համար անհրաժեշտ է մեծ քաջություն եւ վճռականություն՝ ինչպես կառավարության, այնպես էլ քաղաքացիական հասարակության կողմից։ Այս գործընթացը դժվար թե զերծ լինի ձախողումներից, որոնք առաջացել են օրենսդրական եւ գործադիր իշխանության հիմնական ներկայացուցիչների կամ ինստիտուտների թուլության միջեւ համաձայնության գալու հնարավորության բացակայության պատճառով։ Այնուամենայնիվ, հույս կա, որ Ուկրաինայի ժողովրդավարացման եւ արդիականացման գործընթացը անդառնալի կլինի։

Մարիամ Ավագյան

Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի մագիստրանտ

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]